«Գերազանց ուսուցման եւ նվաճումների ծրագիրը» (ԳՈՒՆ) ԱՄՆ-ի պետական քարտուղարության Կրթական եւ մշակութային բաժնի ծրագրերից է եւ իրականացվում է «Միջազգային հետազոտությունների եւ փոխանակման խորհուրդ» (Այռեքս) կազմակերպության կողմից, որը Վաշինգտոնում գործող շահույթ չհետապնդող կազմակերպություն է: Հայաստանում ծրագիրը իրականացվում է ԱՄՆ դեսպանատան Հասարակայնության հետ կապերի բաժնի կողմից: ԳՈՒՆ-ը եզակի հնարավորություններ կընձեռի Եվրասիայի, Հարավային Ասիայի, Սաբ-Սահարյան Աֆրիկայի եւ Լատինական Ամերիկայի միջնակարգ դպրոցների 154 ուսուցիչների զարգացնել իրենց մասնագիտական կարողությունները, բարելավել դասավանդման հմտությունները եւ խորացնել Միացյալ Նահանգների մասին գիտելիքները: Ծրագրի մասնակիցներն ԱՄՆ կմեկնեն 2011 թվականի գարնանը կամ աշնանը` համալսարաններից մեկում մասնակցելու վեցշաբաթյա մասնագիտական զարգացման ծրագրին: Մասնագիտական զարգացման ծրագիրը կընդգրկի ուսուցման մեթոդաբանության, ուսումնական ծրագրերի (կրթակարգի) մշակման, ուսուցման ռազմավարությունների եւ կրթական առաջնորդության զարգացմանն ուղղված դասընթացներ եւ գործնական պարապմունքներ, որոնք կհամապատասխանեն մասնակիցների երկրների կրթական միջավայրերին: Այն կներառի նաեւ համակարգիչը որպես դասավանդման գործիք օգտագործելու հմտությունների զարգացումը: Վեցշաբաթյա ծրագրի ընթացքում ուսուցիչները հնարավորություն կունենան տեղի միջնակարգ դպրոցներից մեկում 2 շաբաթ ուսումնական պրակտիկա անցկացնել: Վերջինս հնարավորություն կտա ծրագրի մասնակիցներին սերտորեն համագործակցել ամերիկյան դպրոցների ուսուցիչների եւ աշակերտների հետ: Ծրագրի իրականացման ընթացքում մասնակիցները մասնագիտական աջակցություն կստանան եւ կայցելեն ԱՄՆ պատմամշակութային վայրեր:
2012 թվականի գարնան ու ամռանը ԱՄՆ դպրոցների 40 ուսուցիչներ փոխայցեր կկատարեն ծրագրին մասնակցող ուսուցիչների երկրներ: Միացյալ Նահանգներից ժամանած ուսուցիչներին կհյուրընկալեն ԳՈՒՆ ծրագրի շրջանավարտների դպրոցները, որտեղ նրանք միասին կդասավանդեն, կքննարկեն լավագույն ուսումնական աշխատանքները, ծրագրերը եւ տվյալ երկրում առկա ուսումնական այլ հարցեր: Ուսումնական ճանապարհորդությունը կներառի նաեւ այցելություններ տեղի դպրոցներ, հանդիպումներ ծնողական խորհուրդների, հասարակական կազմակերպությունների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ:
ԳՈՒՆ-ը նաեւ մասնակից ուսուցիչներին հնարավորություն կընձեռի դիմել հետծրագրային դրամաշնորհների` իրենց դպրոցների համար անհրաժեշտ նյութեր ձեռք բերելու, ուսուցիչների համար դասընթացներ կազմակերպելու, ինչպես նաեւ համագործակցության բարձրացմանն ուղղված բազմաբնույթ միջոցառումների իրականացման համար:
Ամերիկյան կրթաթոշակն ամբողջովին ֆինանսավորում է եւ ապահովում հետեւյալը.
– աջակցություն` J-1 վիզա ստանալու հարցում,
– մասնակցի բնակավայրից ԱՄՆ երկկողմանի ճանապարհածախս, ինչպես նաեւ ԱՄՆ-ի ներսում տրանսպորտային ծախսեր,
– Վաշինգտոնում կողմնորոշման սեմինարի մասնակցություն,
– համալսարանում վերապատրաստման ծրագրի մասնակցություն,
– դժբախտ պատահարների եւ հիվանդության ապահովագրություն,
– բնակարան (սովորաբար մասնակիցները բնակվում են ծրագրի այլ մասնակցի/մասնակիցների հետ համատեղ) եւ սնունդ,
– տրանսպորտային ծախսեր` դպրոցում ուսումնական պրակտիկան անցկացնելու համար,
– գրքերի ձեռքբերում,
– հետծրագրային համաժողովի մասնակցություն` Միացյալ Նահանգներում ԳՈՒՆ ծրագիրը հյուրընկալող համալսարաններից մեկում,
– Միացյալ Նահանգների ուսուցչին 2 շաբաթով հրավիրելու հնարավորություն,
– հետծրագրային դրամաշնորհներին դիմելու հնարավորություն:
Դիմողները պետք է լինեն
– միջնակարգ դպրոցի հինգ եւ ավելի տարվա աշխատանքային փորձ ունեցող եւ լրիվ դրույքով աշխատող ուսուցիչներ, ովքեր դասավանդում են հետեւյալ առարկաները.
– Անգլերենը որպես օտար լեզու կամ Հասարակագիտական առարկաներ (հասարակագիտություն, պատմություն, քաղաքացիական կրթություն, մարդու իրավունքներ, աշխարհագրություն, պետություն եւ իրավունք)
– Հայաստանի քաղաքացի
– տիրապետեն բանավոր եւ գրավոր անգլերենին:
Դիմումի ձեւը եւ ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն տեղադրված է ԱՄՆ դեսպանատան կայքէջում` http://www. usa.am/cms/job_opportunities.php. Լրացված դիմումները պետք է ներկայացնել ԱՄՆ դեսպանատուն, Ամերիկյան պողոտա 1, Երեւան 0082: Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել ԱՄՆ դեսպանատան Հասարակայնության հետ կապերի բաժնի կրթական ծրագրերի պատասխանատու Հասմիկ Միքայելյանին` հեռ. 374-10-494410, 494211, ֆաքս` 374-10-464735, էլ. փոստ` [email protected]:
Դիմումների ներկայացման վերջին օրն է 2010 թ. ապրիլի 23-ը: