Մեր զրուցակիցը Երեւանի Դ. Դեմիրճյանի անվան թիվ 27 միջնակարգ դպրոցի
տնօրեն Անահիտ Բախշյանն է, որն այսօր ապրում եւ գործում է ամուսնու՝ Յուրի
Բախշյանի օրինակին եւ պատգամներին հետեւելով:
– Ինչպե՞ս սկսեցիք այս նոր ուսումնական տարին:
– Ամեն սեպտեմբերի 1 նախորդին եւ նման է, եւ տարբեր: Աշխատում եմ ամեն
տարի որեւէ նոր անակնկալով դիմավորել երեխաներին, որպեսզի երեխան ինքն էլ
անհամբերությամբ սպասի այդ օրվան: Հակառակ դեպքում, գարշահոտ ճահիճ կլինի
դպրոցը երեխաների համար:
– Դժվար չէ՞ համատեղել կնոջ ու ղեկավարի դերերը:
– Երբ կյանքում ամեն ինչ օրինաչափ է հասունանում, եւ ոչ մի արհեստական
պարարտանյութ չի տրվում մարդու կարիերան ժամանակից շուտ հասունացնելու
համար, ապա դժվար չէ: Ես սկսել եմ որպես ուսուցիչ, հետո աշխատել եմ
Ժողկրթբաժնում որպես մեթոդիստ, փոխտնօրեն, հետո` տնօրեն: Այսպես ասած՝
տարվա չորս եղանակները հերթականությամբ անցել եմ: Եթե բնագավառի բոլոր
խնդիրներին տիրապետում ես, օրենսդրությունից սկսած` մինչեւ մարդկանց հետ
պարզ հարաբերություններ հաստատելը, ապա ոչ մի դժվարություն էլ չի լինում:
Այսօր կան դպրոցների տնօրեններ, որոնց դպրոցի շենքին անգամ մոտ չի կարելի
թողնել, ուր մնաց դպրոցի տնօրեն նշանակել:
– Ձեր տղամարդ գործընկերները ենթարկվո՞ւմ են կամ հաշվի նստո՞ւմ են Ձեզ հետ:
– Աշխատանքը պայմանավորված է համագործակցության մթնոլորտով: Այստեղ արդեն
կապ չունի ով՝ ում է ենթարկվում, եւ ում հետ են հաշվի նստում: Ով աշխատում
է այս կոլեկտիվում, պետք է հաշվի նստի երեխայի կրթական իրավունքները
բավարարելու հետ: Դա իմ պահանջը չէ: Դա օրենքի պահանջն է: Երեխան գալիս է
դպրոց իր կրթական իրավունքը բավարարելու համար: Ուսուցիչն էլ գալիս է
աշխատանքի, այն աշխատանքին, որն ինքն է ընտրել իր համար: Իսկ տնօրենի
գործն այդ փոխհարաբերությունների հավասարակշռությունը պահպանելն է:
Ուսուցիչը որքան լավ կատարի իր աշխատանքը, այնքան շատ
շնորհակալությունների կարժանանա: Իսկ այն ուսուցիչը, որն իր
ներկայությամբ, մեղմ ասած, փչացնում է երեխաների տրամադրությունը, պետք է
հեռու մնա դպրոցից: Այսօր մեր դպրոցում իրականացվում է ներառական
կրթություն: Իսկ ներառական կրթությունը հնարավոր չէ իրականացնել առանց այս
գաղափարախոսության: Կրթության այս ձեւը յուրաքանչյուր երեխայի կրթական
իրավունքի բավարարումն է՝ անկախ նրա սոցիալական ու ֆիզիկական
հնարավորություններից: Մենք ունենք երեխաներ, որ մտավոր խնդիրներ ունեն,
ունենք երեխաներ, որ շարժվելու, տեսողության կամ լսողության խնդիրներ
ունեն: Իսկական ուսուցիչը պետք է կարողանա ապահովել նաեւ այս երեխաների
կրթական կարիքը: Մտավոր հետամնաց երեխային բնավ էլ մաթեմատիկա ու հաստափոր
գրքեր կարդալ պետք չէ: Նա ունի իր հասակակիցների հետ շփվելու, շրջապատը
ճանաչելու պահանջ, որն էլ մենք բավարարում ենք:
– Այսօր կանայք շատ ավելի ինքնիշխան են դարձել:
– Վերջերս հեռուստացույցով տեսա Եվրամիության կին պառլամենտականի եւ
գերմանացի մի կին քաղաքական գործչի ամուսնություն: Դա մեր ուղեղում չի
տեղավորվում, Աստված տա՝ երբեք չտեղավորվի: Քաղաքակրթությունը, ինչպես
ամեն բան, երկու ծայր ունի: Մի ծայրը եթե դրական է, մյուսը հաստատ
բացասական է: Եթե ետ մնանք քաղաքակրթությունից, մեր ավանդական կերպարը
երկար կպահենք, բայց այդ դեպքում էլ շատ ուրիշ բաներից ետ կմնանք: Եթե ոտք
մեկնենք Եվրոպայի հետ, կկորցնենք ավանդականը: Ինչպե՞ս անել: Նորից պետք է
ասեմ, որ լավ ուսուցիչ ու լավ դպրոց պետք է ունենանք:
Շուտով ռեպետիտորությունը կամաց-կամաց տեղի է տալու: Եթե բոլոր բուհերը
Ֆրանսիական համալսարանի նման ընտրեն իրենց ուսանողներին, մեր երեխաները
կտեսնեն, որ միայն երեք առարկա ռեպետիտորի մոտ պարապելը բավարար չի, պետք
է դպրոց գնալ,դպրոցում լավ կրթություն ստանալ` կարեւորելով բոլոր
առարկաները: Մեր դպրոցում գործող աշակերտական ինքնավարությունը
ներկայացվում է «Տիր» աշակերտական հանրապետությամբ, որի բարձրագույն
մարմինը պառլամենտն է: Երեխան արդեն դպրոցական հանրապետության
ընտրություններում կարեւորում է իր ձայնը: Նա գիտի, որ իր ձայնից է
կախված, թե իր որ արժանի ընկերը ընտրություններում կհաղթի: Սովորեցնում
ենք, թե ինչ է քարոզչությունը եւ ինչպես պետք է դա արվի` չվիրավորելով
մյուս թեկնածուներին: Առաջին տարիներին նույնիսկ ընտրակաշառք էին
բաժանում՝ կոնֆետ եւ այլն: Բայց հասանք այն բանին, որ ամեն ինչ ազնիվ
լինի: Այս կեղտոտ իրականության մեջ փորձում ենք ստեղծել մի օազիս ու
երեխաներին ցույց տալ, որ եթե իրենց փոքրիկ օազիսում հաջողվում է զերծ
մնալ կեղծիքներից, ուրեմն թող գնան եւ այս երկրում էլ նույնն անեն:
– Վերջին հարցազրույցներից մեկում, կարծես, շատ հիասթափված էիք:
– Այո, հիասթափվելու առիթներ շատ ունեմ: Իհարկե, իրականում պահեր են
լինում, որ ոչ միայն հիասթափվում եմ, այլեւ շատ հուսահատվում: Բայց դպրոցի
դարպասներից ներս մտնելու պահից ամեն ինչ փոխվում է: Թե ինչ է կատարվում
իմ ներաշխարհում, դա հետաքրքիր չէ ոչ ոքի, առավել եւս՝ երեխաներին:
Ավելին, որքան հիասթափվում եմ, այնքան ավելի եռանդով եմ աշխատում: Դոն
Քիշոտի նման` հողմաղացների դեմ, ես էլ այդ ձեւով եմ ուզում պայքարել:
Կեղծիքի, անարդարության, ստորաքարշության դեմ պայքարելն աշխատելն է: Ամեն
տարի մեր դպրոցի 50-60 շրջանավարտներ իմ եւ գործընկերներիս համախոհներն
են: Այսինքն, կյանք են մտնում քաղաքացիներ, ովքեր լավ իմանալով իրենց
պարտականությունները, երբեք թույլ չեն տա ոտնահարել իրենց իրավունքներն ու
արժանապատվությունը՝ լինի նախարար, նախագահ, կամ այլ ոք: Յուրաքանչյուրս
տեր ենք այս պետությանն այնքան` որքան նույն կոալիցիան կամ իշխանությունը:
Իմ շրջանավարտներն էլ գիտեն, թե ինչից եմ ուրախանում: Օրինակ,
Նոյեմբերյանի շրջանի Կողբ գյուղի զինվորական մասում ծառայող իմ
շրջանավարտներն ինձ հրավիրում են մասնակցելու իրենց երդման արարողությանը:
Եվ ես գնում եմ, ու նրանք գիտեն, թե ես որքան եմ հպարտանում, երբ իրենք
խրոխտ զինվորական քայլքով մեր հիմնն են երգում: Երեխաներին կրթում եմ այդ
գաղափարախոսությամբ: Գիտեմ, որ ես լավ քաղաքացի եմ եւ ինքս էլ լավ
քաղաքացիներ եմ պատրաստում: Ինձ հնարավոր չէ ընկճել կամ այնքան բարկացնել,
որ «թքեմ ու հեռանամ այս պետությունից»: Չեմ գնա, ես պետք եմ այս
պետությանը, նույնիսկ ավելի, քան որոշ մարդիկ, որ կարծում են, թե առանց
իրենց Հայաստանը չի լինի: Առանց իրենց Հայաստանը կլինի, բայց առանց ինձ՝
ոչ: Իմ դպրոցի երեխաները, նրանց ծնողներն ինձ հավատում են: Եթե այսօր
խոսվում է միայն այն մասին, որ տարան, թալանեցին, վաճառեցին, ապա ես կարող
եմ բերել օրինակներ, թե ինչպես են ծնողները բարեգործությամբ սատարում
դպրոցին: Նրանք բոլորը գիտեն, որ տնօրենն իր ամուսնու անունով ստեղծել է
«Բախշյան հիմնադրամ», որի ողջ գումարը, անգամ վերջին լուման ծախսվում է
դպրոցի համար: Մոտ 50.000 դոլար ծախսվել է շինարարության եւ կաթսայատան
վրա: Մեքենան, որը մենք գնել ենք հաշմանդամ երեխաներին տեղափոխելու համար,
եւս «Բախշյան հիմնադրամի» շնորհիվ է:
– Կարելի է ասել, որ այդպես աշխատելով, դուք կատարում եք Ձեր ամուսնու պատգամը՝ «Ընդհատումը միշտ չէ, որ վերջ է նշանակում»:
– Այո: Ես մինչեւ 1999թ. հոկտեմբերի 27-ն ուրիշ կին էի, հետո դարձա
բոլորովին ուրիշ մարդ: Երբ դպրոցի տնօրեն նշանակվեցի, Յուրան ինձ մի քանի
պատգամ տվեց՝ քաղաքակիրթ սերունդ դաստիարակել, հայրենասիրություն
սերմանել, սովորեցնել երեխաներին` ճանաչել իրենց իրավունքներն ու
պարտականությունները: Աշակերտական հանրապետության գաղափարն ինքն էր ինձ
հուշել՝ «Գնա, արա մի այնպիսի բան, որ դեռ դպրոցից երեխաները սովորեն
երկիր ղեկավարել»: Յուրան այս պահին էլ այստեղ է՝ ամեն ինչում, ամեն
գործում: Նրա սերը Հայրենիքի հանդեպ անսահման էր, եւ 30 տարի ապրելով
միասին՝ նա ինձ էլ է կրթել իր ոգով: Երբ Յուրան կար՝ ուրիշ էր, իսկ հիմա
ես նաեւ Յուրա եմ: Հաճախ, երբ բողոքում էի երկրի վիճակից, նա ասում էր՝
«Դարձիր մի կուսակցության անդամ ու փորձիր կուսակցության օգնությամբ
ինչ-որ բաներ անել կամ փոխել»: Նրա այդ խոսքն էլ եմ հիշում, եւ ես հիմա
Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած «Ժառանգություն» կուսակցության անդամ եմ:
Եվ այն ամենը, ինչի հետ համամիտ չեմ, պիտի փորձեմ կուսակցության
օգնությամբ շտկել: Իսկ Յուրան չի գնացել ու գնացել, նա հիմա շատ ավելի
հզոր է, քան կար: