Ինչ է հիպերսոմնիան

08/04/2010

Ցերեկային ժամերի քնկոտությունը կամ երկար քնելը բժշկության մեջ կոչվում է հիպերսոմնիա: Հիպերսոմնիան առանձին հիվանդություն չէ, այլ ինչ-որ հիվանդության համախտանիշ, ինչպիսիք են` նարկոլեպսիան, նեւրոտիկ խանգարումները, հոգեկան հիվանդությունները, կախվածությունը քնաբեր պրեպարատներից եւ ուղեղի այլ հիվանդությունները: Նարկոլեպսիան կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություն է, որն ուղեկցվում է քնի խանգարումներով եւ ունի 4 հիմնական արտահայտություն` կտրուկ ցերեկային քուն, որը կարծես նոպայաձեւ է լինում, կատապլեկսիա` հանկարծակի թուլության նոպա, քնի կաթված եւ քնելու ու արթնանալու ընթացքում հալյուցինացիաներ: Նարկոլեպսիայի տարածումը 10.000 մարդու հաշվով ընկնում է 5-7 մարդ: Սովորաբար այն զարգանում է 20-50 տարեկանում` ավելի հաճախ տղամարդկանց մոտ: Ենթադրվում է հիվանդության ժառանգական ընթացք: Հիվանդության զարգացման ընթացքում հնարավոր է ի հայտ գա վերը թվարկված ախտանիշներից միայն մեկը: Ցերեկվա կտրուկ քունը, որպես կանոն, նարկոլեպսիայի առաջին ախտանիշներից է: Քնելու ցանկությունը այնքան ուժգին է լինում, որ պացիետը քնում է անկախ իր կամքից եւ չնայած ոչ այնքան հարմար հանգամանքների: Դա հատկապես վտանգավոր է, երբ մարդն այնպիսի մասնագիտություն ունի, որը պահանջում է համակ ուշադրություն: Ցերեկվա այս քունը կարող է կրկնվել օրվա մեջ մի քանի անգամ` մի քանի վայրկյանից մինչեւ մի քանի րոպե: Արթնանալուց հետո նրանք մի փոքր թարմանում են, բայց մի քանի ժամ հետո նորից տեղի է ունենում նույնը: Կատապլեկսիան հանկարծակի թուլության նոպա է, որը կարող է առաջանալ շատ դրական կամ բացասական զգացողությունների ֆոնի վրա` ծիծաղ, զարմանք, սեռական ակտ, լաց եւ այլն: Թուլությունը պայմանավորված է մկանների ցածր տոնուսով: Նոպան այնքան միանգամից կարող է լինել, որ պացիենտը կարող է ընկնել ու վնասվածք ստանալ: Ցավոք սրտի, նարկոլեպսիան չի բուժվում, սակայն բուժումը կարող է գոնե մի քիչ թեթեւացնել հիվանդի վիճակն ու գոնե կլավացնի հիվանդի կյանքի որակը: Դեղորայքային բուժման նպատակը թեթեւ խթանիչ պրեպարատներն են, որոնք կնվազեցնեն ցերեկվա քնելու ցանկությունը: Իհարկե, նման բուժումը կարելի է ստանալ բժշկի խիստ հսկողությամբ: