Բան նվիրական գովեստի Գրիգոր Նարեկացու՝ իմաստասեր այրին՝ Մեծ եւ երջանիկ Սուրբ Հակոբ Հայրապետին՝ Մծբին քաղաքի սկզբնատիպ եւ երկրանման աթոռի եպիսկոպոսին եւ վերադիտողին
Ա. Բարձրացի՛ր հոգեւոր, դիմավոր, անձնավոր, խնկավոր եւ խորհրդավոր Սիոն, երկնավոր խորան լուսավոր եւ գերափառ, հաղթող Սինայի, անկայուն եւ անհաստատ ստվերական օրենքը բերողի, կապտողի եւ ոչ պճնողի: Երկուսի բաժանման սահմանագծի վրա կառուցված՝ վեհի եւ փոքրի, կենսաշնորհի եւ մահատուի, մշտնջենավորի եւ ժամանակավորի, երկնայինի եւ անցավորի, եղծական գրի եւ մնայուն հոգու, ծառայական բաժանող օրենքի եւ տիրական համակցորդ, սիրապատար Ավետարանի, աշխարհիկ ուխտի պայմանի եւ երկնային դաշինքի: Ուստի հավետ իրավամբ վերադիտողը կամ նախընթաց կարապետը սկզբնաշավիղ անստվերական պաշտելի տոնված երջանիկների, ուր հարսանեկան միաբանության համակայությունն է՝ երկրավոր աննման օրենքների եւ սովորական բաներից տարբեր, նյութական մարմնավոր աչքերից ծածկված եւ մտավոր հայեցողությամբ չափավորապես իմանալի: Եվ այնքան անմերձ է մեր խոսքի ծավալը այս ծածուկ խորհրդի անհասությանը, որքան փոքր քանակությունը՝ ստվարին, անձուկ գիծը՝ լայն ծիրին, մարմնային հոդը՝ տիրական գոյությանը, ձեռքի հասողությունը՝ մտքի արագությանը, հյութավոր երկրակոխը՝ սրբաբան սերովբեին եւ դյուրալույծ մահկանացուն՝ կենսածին վերնականին: Քանզի որքան էլ բարձր վկայվի անդրանիկների կամարահարկ կայքը, առավել եւս գերազանց են դավանվում լույսի որդիները:
Բ. Որոնցից մեկին այստեղ պիտի գովաբանեմ, որպեսզի ճանաչես եւ գիտենաս, ներքին իմաստների խորհրդով նայել կարողանաս, թե որքան են երկարում, ներհյուսվում, դիզվում, հավելվում խոսքի թելերի բազմակերպ պատվածքները՝ հոգնապատիկ հաճախությամբ, ի պատիվ սուրբ Հակոբի, եւ իբրեւ հայտնապես զորավորի պատահելով, իսկույն ամփոփվելով տկար են երեւում: Ուստի խոսել նրա մասին, ով կցորդն է գերագույն ազգապետությունների, նշանակում է՝ լուսաբնակ եւ երկնաժառանգ բարձրագահ օրհնաբան էակների խմբակցությունները հիշատակել:
Գ. Քանզի, ինչպես որ աստղերի ծիրի սկզբում պատշաճ է դնել երկնքի Արուսյակը, եւ պատվական ակների մանյակին՝ ամենասուղն ու թանկագինը, մարդկանց մեջ՝ իմաստնագույն անհատը, եւ վեհագույն ու գեղազան նյութերի մեջ՝ Սոփերի ոսկին եւ կամ ճաճանչավոր լուսափայլ քարը, եւ բարձրակույտ լեռների մեջ՝ Սիոնը, եւ քաղաքների մեջ՝ Երուսաղեմը, այսպես էլ սրբերի գնդի մեջ՝ հանրաճանաչն ու հռչակավորը: Զի եթե բարի է անվանվում անշունչ հողաբույս փայտանյութ ծառը՝ տենչալի պտղի քաղցր պսակով, եւ արգասավոր բարեբեր անդաստանը, ըստ առաքյալի, Բարձրյալի օրհնությունն է ընդունում եւ սքանչելի երկինք է թվում մանանայի հացով, եւ ծովը դրվատելի է դառնում իր մարգարտով, ապա ինչպիսի արժանավոր գովեստ պիտի ընդունի սկզբնապատիվ լուսազգեստ գեղապանծ եւ քողազարդ մայրը: Այլեւ վերին ամրոցի Սիոնի Շնորհաշուք մայրը, որ մարդեղացած Աստծուն ծնեց, եւ տեսանելի օրինակ երկնեց՝ անորակելու անախտակիր կերպարանքը:
Դ. Ուստի եւ տիրահաստատ ավազանը վերընծայեց սրբազգեստների հոգեկրոն եւ համախորհուրդ անհամար ազգեր, զանազան դասակարգերի ճոխությամբ լրացնելով եկեղեցու շինվածքի կառուցումը, պարակից եւ փառաբանակից լինելու լուսակերպ անմահներին: Քանզի այնտեղ էին ելնում, ըստ Դավթի ձայնի, շատ ու շատ ազգեր, ոչ թե Հակոբի իսկապես պիտանի պաշտամունքին մասնակցելու, այլ երկնքի Աստծուն տեսնելու երկրի վրա նյութեղեն կերպարանքով: Եվ ոչ թե մարդկանց ձեռքով շինված աթոռներ են դրված երկրային բեմի վրա, անողոք եւ կասկածելի, սխալական եւ մահկանացու դատավորների, այլ համագույքի դատավորը, մտքերի կշռողը եւ անգո արարածների նախագծողը, նա ինքը իր կողմից առաքյալներ նշանակեց մի քանիսին, այլոց՝ ապագան գուշակող մարգարեներ, ոմանց՝ կենաց խոսքը ավետարանողներ, ոմանց՝ խնամածո հովիվներ, ոմանց՝ կրթիչ վարդապետներ՝ խաբեական հովերից հավատացյալներին պաշտպանելու եւ աստվածապաշտական բարի գործերի առաջնորդելու. մինչեւ որ բազմամասն շինվածքը մաքրապես հոդվելով միանա տիրական գովյալ գլխին:
Ե. Այստեղ, այս միության մեջ զուգված փայլում է նա՝ գեղեցկաստեղ ոստերի շառավիղից ընձյուղված, վեհ նախահայրերից սերած, հզոր տոհմից հայտնված, արդարների պարագլխից ծագած, աբրահամյան գրկում գգված, վերից վկայված, մաքուր ամպերից անձրեւած, նոր գոյություններից ցողած, արեւելքից փայլած, Եդեմի կողմից ընտրված, երկրի գլխավոր կենտրոնից պարգեւված, հաջողակ հովով զորացած: Բարձրյալի ակնարկությամբ բերված, հարուստ դարից նկատված, Աստծո հոգով օժտված: Էի կամքով կոչված, պատճառի խոսքով հիմնված, լույս, լույս պարգեւողից հարդարված, վկաներին պսակողից հաստատված, Բարերարի բերանով օրհնված:
Զ. Անունը խորհրդավոր, կրոնը երկնային, վարկը մաքուր, ընթացքը հրեշտակական, կոչումը գովելի, տեսողությունը ուղիղ միաչյա, շավիղը աստվածային, ճգնությունը անհաս, ավանդը հաստատուն, սերը անկեղծ, լույսը անմար, հավատն անապական:
Է. Մեկը հաղթական՝ հազարների խմբից, բարեհամբավը ազգերի ժողովում, անվանին մեծ հավաքույթներում, արձանագրվածը ազգերի մատյաններում, աներեւույթ գազաններին ցրողը, դիվական զորքերի դեմ պայքարող ախոյանը, գեղեցիկի լանջքի քառամանյակը, ստեղծողի կապարճի նետը, հաղթողի բազուկների լարած աղեղը, տերունական ձեռքի պարսատիկի քարը, հզորի կամքի ընտիր գայիսոնը, աշխարհիկ բաներից վեր եղողը, մեղքի պարտքերին անկցորդը, հանցանքի նյութ չունեցողը, մարմնավորների անօրինակը:
Ը. Ստորին երկրի վրա ծագած լույս, աշխարհի մեջ ակն արեւի, հողեղենի մեջ իսկապես անձնահամայն հոգի, դատողի խոսքի կենդանի միջնորդ, տագնապի վշտերը վանող ծիր, ախտերի գրոհի դեմ կենաց սահման, Նոր Իսրայելի երկրորդ Ահարոն, բուրվառի խնկով ապաքինող մահից, ընդդեմ մահվան սաստի կենաց նշանակ, սատակման վճռի դիմաց կենդանի պատվար՝ բժշկապետ մարմինների եւ հոգիների, հրաշալի դեմքով գեղեցիկ կերպարանք, հագագին շունչ տվող ազդու զորություն, Հիսուսի շնորհների փրկարար նշույլ: Արդ բազմապիսի խոսքերի այսքան նվագներով հավետ պսակված ես դու, հայրապետական մեծարված դասի գնդերի մեջ, ով երջանիկ եւ ընտրյալ տեր սուրբ Հակոբ:
Թ. Հեռավոր խուժադուժ պարսկական դիցամոլ ցեղերից աստվածապաշտության լուսավոր շառավիղ, Աբրահամի Քետուրա կնոջ որդուց երկրորդ Հակոբ` առաջինից գերազանց, փրկչին հարազատ եւ անբիծ արյունակից՝ կենաց վեմի վրա կառուցված: Ջահավորված իբրեւ տեսանողի լուսապատրույգ, ճաճանչագեղ, տիրավոր. ճարպավոր, յուղալիր, անճառապատկեր, խորախորհուրդ եւ աշտանակակիր յոթնյակ ճրագաբերաններից: Զորաբաբելի վիմաբեր եւ արձանակառ փրկության քարից հստակատես աչք՝ անհաս եւ ծածկված բաների, այդ ապահով հիմքի վրա շինված քրիստոսահաճո բարի վարք՝ ոսկով, արծաթով եւ թանկագին քարերով, Պողոսի նշանագրության համաձայն: Հոգեսնունդ զավակների հայրապետ, երրորդական աստվածության պաշտոնյա, նիկիական հավատքի դավանանքը սահմանող կանոնադիր հայրերից՝ արիոսյան հերձվածի քակտիչ եւ լուծիչ՝ բանադրանքի սուսերի միջոցով, անպատվաստելի խզումով:
Ժ. Հարացույց հոգեւոր, հորդորիչ ժողովուրդների, ոչ թե եղծված՝ այլ գրված, ոչ թե մեռած՝ այլ կենդանի, ոչ թե հեռացած՝ այլ մնացած, ոչ թե լռած՝ այլ մշտաձայն, ոչ թե պահված՝ այլ բացահայտ, ոչ թե պատված՝ այլ պատմված, ոչ թե ամփոփված՝ այլ տարածված, ոչ թե կարկամած՝ այլ կարկառված, ոչ թե քակտված՝ այլ տնկված, ոչ թե ունայն՝ այլ լեփ-լեցուն, ոչ թե ցրված՝ այլ ամբարված, ոչ թե ստորնային՝ այլ վերնային: Երկրային կենցաղի լայն ասպարեզում՝ հաղթող նահատակ. ոչ թե մահացու սրով խողխողված, այլ բովանդակապես աշխարհին խաչված, ոչ թե հանցապարտության փայտին բեւեռված, այլ աստվածային երկյուղի պատվիրանին սեւեռված, ոչ թե բանավոր դահիճների միջոցով ակամա դատապարտված, այլ հոժարակամ իր անձն ընծայած:
ԺԱ. Իսկ այդ անվան կոչումը իմաստասիրապես հեղեղելը, պատշաճորեն կցելով մեր բանահյուսությանը, անհարմար չէ: Քանզի Հակոբ, այսինքն՝ խաբող է նշանակում՝ բռնող ոտքերը Եսավի, որ հողեղեն է, մարմնասեր եւ անասնակենցաղ: Դրա համար հայտնապես դիմացը կանգնելով, իբրեւ մեկը նրանցից, որ բռնում են մարմնի անդամների խարիսխը, մոլության ախտերի որովայնապատար բուռն հեշտությունը նրան եւ նրա ազգակիցներին ձեռնձգությամբ ոտքից բռնելով եւ գլխիվայր շրջելով, ըմբշամարտական արվեստով, յուղով օծվող հելլադական մրցողների հատուկ ձեւով, խաբեց, քան թե հաղթեց: Արդ պարզ տեսնվեց այս երկրորդի անունը կցորդված առաջինի կոչմանը: Քանզի նա հաղթեց համասերմ միաբույս զուգաշառավիղ եղբորը: Իսկ փառավոր հրաշքներով երանյալ այս մեծ Հայրապետը, արշակունյաց անվանի, բարձրընտիր, գահանշան, պատվապարգեւ, պսակահյուս, թագաժառանգ տոհմից, այս աշխարհի կռվասպարեզում զորեղաբար եւ արիապես կամ թե հոգեպես հաղթահարեց հասակի հետ աճող կրքերը, որպես բանական անձ՝ շնչավոր չորքոտանուն. եւ Եդովմից գերազանց գտնվեց, որպես Եսավին խաբող՝ առաջին Հակոբը:
ԺԲ. Եվ քանզի գեղեցկազան եւ վայելչակերպ արարչանորոգ հարմարեցվեց մարդկանց ընթացքը, ընտրված միակ նպատակի ուղղությամբ, ըստ ժողովողի նախասացության, թե՝ մարդու ճանապարհները Աստծո աչքի առջեւ են, եւ թե՝ Տիրոջից փորձվեց, վեհ Դավթի համաձայն, մարդկային սերնդի գնացքի բարությունը, եւ այս ճանապարհի ընթացքին բոլոր անբիծ եղողները կերանվեն. ապա մտքի պարզ եւ աներկվան տեսությամբ վկայում ենք, թե այս հիշատակված հզոր հովվի Սուրբ Հակոբի կյանքի սկիզբն ու աճումը, առաջխաղացումն ու լրումը Տիրոջով եղավ: Եվ Բարձրյալի բազուկը տնկեց, հաստատեց եւ ամրացրեց այս, եւ Աստծու ձեռքով մշակվեց, եւ կենդանի հոգով ոռոգվեց: Որին եւ ճշմարտապես պատշաճեց Աստվածորդու իր աշակերտների պատվական գնդին նախապես ասված իր խոսքը, թե. ես ձեզ ընտրելով տնկեցի, եւ դրեցի եւ կազմեցի միեւնույն ընտիր հիմքի վրա, որպեսզի դուք առաջադիմեք եւ պտղաբերեք: Եվ դարձյալ, թե՝ ես արմատավոր որթ, եւ դուք՝ սաղարթաբեր ուռ, եւ անպարագիր Հայրը՝ հանդերձիչ կազմիչ երկրագործ: Եվ դարձյալ՝ այն, որ միացած չէ իրեն, չի կարող պտղաբերել: Եվ առ Հայրը պատվասիրելով մեր բոլորի բարեդրությունը, հարում է. «Ամենայն տունկ, որ Հորս ձեռքով չէ տնկված՝ պիտի քակտվի»:
ԺԳ. Եվ արդ ստուգապես պիտի խոստովանվի սուրբն այս՝ հաստատված միացած կենաց բարեբեր տունկին եւ ձգած, կարկառած հովվական ձայնի կենաց խոսքի շառավղի ուղիները երկնքից էլ վեր եւ ծովից էլ այն կողմ: Իբրեւ երկրավոր, թեեւ դամբանի մեջ էլ՝ միավորվեց Բարձրյալին: Եվ մինչ երկրի վրա էր անցավոր կյանքով՝ դարձավ հոգեղեն մշտնջենավոր եւ կրոնավորի խիստ վարքով ՝ եղավ վայելչապես պսակավոր, եւ անպաշտպան գավազանավորը հոգեզրահ շնորհներով զինվոր, եւ հասարակաց նյութով գոյավորը՝ մարմնացյալ բանին կերպակից, եւ երկրածին աստենավորը՝ անկարոտներին հանգունատիպ եւ մասապատ պատկերը՝ արփիաբնակ լուսավորների նման, եւ մաքրակենցաղ վարքով ճգնավորը՝ բազմաժառանգ որդիներով պտղավոր, եւ երկնային ձիրքերով հռչակվածը՝ Տիրոջ արքայության ավետավոր, եւ համորեն մարդկային սեռը բանավոր՝ նա կրկնակի շնչով հոգեւոր, եւ այլ կայսրերից հրովարտակավոր, նա ի վերուստ մեզ պատգամավոր, եւ մարգարեների հետքերի ուղեւորը՝ փառքով հզորապես թագավոր, եւ իբրեւ տնանկ տառապալից՝ մահվան վշտերի ընդդեմ ահավոր, եւ իր վախճանին գերեզման դրված՝ սպասավորում է Արարչի խոսքին: Այս երկրի վրա տկար եւ թշվառ, Քրիստոսի հետ է երկնավոր սիրով, եւ մեր բնությամբ միայն չքավոր՝ բյուրպատիկ պատվով բյուրավոր:
ԺԴ. Եվ արդ հիրավի խոսքի բխման այսքան դրվագներ դասեցի այստեղ: Քանզի ոչ թե մարդապես, այլ տիրապես բարգավաճվեց այն բոլոր բաներով, որ վերն ասացինք. խոսքի ընթացքով, ձայնի ազդումով, սաստի հրամանով, բարի համբավով, եւ հրապարակային ատենաբանությամբ: Հոգիները դարձյալ վերադարձրեց մարմինների մեջ, հրաշագործություններ արեց, մեռյալներին կանգնեցրեց եւ կենդանացրեց, մեկին մահացրեց եւ դարձյալ ողջացրեց: Մեծն Պետրոսի հրաշքը կատարեց. աչքերին վերստին լույս շնորհեց, կարճացած օրերը երկարաձգեց, երկարող տարիների ընթացքը փակեց: Մեծ հրաշքներ գործեց. մազերի գույնը փոփոխեց, մանուկներին վաղաժամ ծերացրեց, մոլեգին դեմքերը տգեղացրեց, ամոթով ծածկեց՝ քան թե հովանիով, օրիորդներին ցույց տվեց պառաված: Եթե օրհնեց՝ լցվեց, եթե անիծեց՝ արձանացավ, եթե գուշակեց՝ կատարվեց, եթե աղոթեց՝ խնկանման բարձրացավ, եթե նվիրեց՝ ընդունվեց, եթե խոսք ասաց՝ իրագործվեց: Երկնայիններին կցորդակից ընկեր եղավ, Դեմետրայի (հողի) թանձրությունը ճեղքեց, երկիրը բաժանեց շեշտակի խաչի նշանով, ինչպես Մովսեսն էր ծովը բաժանել գավազանով, անապատներում աղբյուրներ բխեցրեց, երկրի անդունդներից ջրեր հոսեցրեց, անբավ խորության ստորին ծոցից վտակներ արտաբերեց: Բազմաց թշվառության փրկության համար աղոթեց: Բարեպատեհ տարիների հանդիպեց, արքաներից մեծագույնին օրհնեց, աջը դրեց այն գլխի վրա, որ հրեշտակին էին պսակում, վեհաբար օժանդակեց նվաստագույնին, անմարմինների շնորհաշուք կերպարանքով տեսնվեց. մարդկային կերպի մատակարարին գոհացրեց Աստծո պաշտոնյան: Մարմնի տապանակում հոգին փրկեց այս աշխարհից:
ԺԵ. Քանզի հիշելով Նոյան ազատարար լաստափայտը, որով քչերը փրկվեցին անբավ բազմությունից, եւ իսկույն մտաբերելով նրա խորհուրդը՝ իմաստասիրաբար հաստատեց. աշխարհն ինքնին պատկերը բազմածուփ ծովի, ոչ թե լույծ ալիքներով կոծկված, այլ զանազան պատահարներով տարուբերված՝ ախտերով բորբոքված, մեղքերով պղտորված, եղանակներով այլայլված եւ ընդդիմադիր հակառակորդներով իրար բախված:
Մեկը հաղթում է, մյուսը՝ պարտվում, փախչում, արշավում է դեպի անապավեն սահմանը, եւ դարձյալ նահանջում է: Իբրեւ կենդանի զորքերի գումարտակներ՝ միմյանց են բախվում, եւ շուտով ցրվում են, քակտվում եւ լուծվում: Ւբրեւ խռովություններից երկրի կորստյան մատնված այլազան ազգեր եւ ցեղեր, բարբառում են՝ առանց խոսելու, աղաղակում են՝ առանց հոդավոր ձայների, խիզախում են՝ առանց խորհրդի: Ապրում են եւ չեն երեւում, կան, բայց չեն երեւում եւ չեն ճանաչվում, մնում են եւ չեն տեսնվում: Արարածների փոփոխումն են պատկերացնում, ժամանակների խաղացքն են հայտնում, օրերի տատանումն են նկարում, անցավորների բարձումն են գրում: Կան ծովում բազում ձկներ, որոնց գլխավորն է Լեւիաթան անվանված կետը. նրա շուրջը կան նաեւ մանր եւ տկար ձկներ, այլազան եւ տարատեսակ բազմությամբ. բացում է իր կլանող կոկորդը, եւ քաշում է նրանց առ մահվան վիհը, եւ դառնում են նրա պորտի պարարտացման նյութը: Երկրի վրա էլ կան փոքրերին բռնադատող բռունցքներ, որոնք տիրում են սրանց, ինչպես նա՝ նրանց: Եվ ինչպես ձկներն են ձկնորսներին զոհ դառնում, այնպես էլ նրանք՝ զրպարտիչների կամքին:
ԺԶ. Այս մեծ ծովը լիածիր եւ հոգնատարած, տիեզերագրավ գոգն ամենայն արարածների, անքույթ ծոցն ու բնակարանը բազմազան կենդանիների, անդորր է երեւում մարդկանց, ըստ Դավթի, իր կարծրապինդ հատակով: Որի համար էլ պարուրվում է արեւով, պարագրվում է երկնքով, եւ այսպես չքնաղ բաներ է առաջաբերում, որ քչով շատն են հայտնում, եւ շատով չնչինն են ծանուցում, մեծը փոքրից է ճանաչվում, եւ փոքրը պարունակում է անհունը, հզորը պատկառում է հեղակարծից, եւ վեհը արհամարհվում է տկարից. ուժեղը տեղ է հարդարում հեզին եւ առանց մարտի ցրվում են հեռվից: Եվ ամեն իղձից միանգամայն զատված, տրոհված ու հեռացած են ծայրագույն հրաշքով: Անշունչ ծնող՝ հոգով տնօրինվածներին. մայր՝ որ մի ակնթարթում դուրս է բերում երկար դարերի ընթացքում ամբարվածներին, եւ այս դարաշրջանին է կրթում երկրավորներին, եւ խնամակալորեն դաստիարակում է գալիքի համար: Ունի մշտածին ինքնավոր . չհերկված բյուրաստեղ բույսեր եւ զանազան ծառեր: Զարմանալի սերմերի տեսակներ ամփոփված ի մի. բանական արարածների ասպարեզ, եւ այստեղ է կարդում ճառերն անդենականի: Աստծո ոտքի հետարան. ծովի մեջ էլ Աստված ճանապարհներ ունի, եւ նրա շավիղները ջրերի վրա են, որ նշանակում է նրա անհասանելիությունը: Եվ ցամաքն ու ծովը հավետ իրար են նմանվում, եւ հագներգության տեսությամբ հայելի են երկրաբնակ մարդկանց առջեւ: Եվ ծովապետի նման սատանան խաղում է մարդ արարածների հետ, եւ հայտնապես ազդում է երկրավոր պատրանքների ահարկու մոլորություններով, ուժգին գոռալով, ախորժ փչելով, աստղանման ցոլանալով, տերունական կանխասաց խոսքի համաձայն:
ԺԷ. Արդ ծանուցվեց իսկապես երկուսի համակերտությունն ու համանմանությունը: Բայց վերին հրեշտակների հույլերը այպանելով եւ ծաղրելով խայտառակում են նաեւ հոդավոր վիշապը պարզականի հետ, եւ մարմնավոր մաքուր մարտիկներին էլ վերնական դասի հետ, հին հնարքների խորագիտությամբ, բռնում եւ խաղացնում են մահապարտ որսը, եւ մեծ ու սուրբ Աստծո խոսքի հրամայական սաստը իջեցնում են կամակոր վիշապօձի վրա, եւ իբրեւ նկուն մի ձագ կապելով բերում են վստահորեն, ըստ Եսայու, Հոբի եւ Մեծն Դավթի:
ԺԸ. Այսպիսի հանդերձանքով իր անձը պատրաստած, սպառազինված, ամրապնդված, զրահավորված, նախապատիվ սուրբ Հակոբը, ցանկանում էր մի օրհնված նշխար նախակերպ տապանի տախտակներից՝ որ ապավենն էր եղել մաքուր եւ անմաքուր կենդանիների՝ իբրեւ հիշատակ հին պապերի դիպվածների: Քանզի այդ ժամանակներում ոմանք, փակելով հավատքի աչքերը, առասպել էին համարում անցյալ դարերի պատմությունները եւ ստույգ գործերը, եւ իբրեւ թե դեպքը պատահած չլիներ, պատմածներն անպետք եւ պարսավելի էին համարում, որպես դատարկաբան շաղակրատ մտքերի երկունք եւ ծնունդ: Քանզի այլ հեթանոս խուժական մի անուն երեւակայելով Նոյի տեղ Դեւկալիոն ասացին, եւ այս վրիպեցուցիչ զրույցի պատճառով, թերահավատներին հայտնապես կշտամբելու համար, ի ցույց էր դնում իրեն շնորհված շերտը տապանի տախտակին, եւ փարատում էր այս չարարախորհուրդ կասկածներն ու տարակույսները:
ԺԹ. Քանզի ոչ թե իսկապես իբրեւ համայնական կյանք, այլ իբր կենդանիների ժողովարան նկատեց այս բանը: Զի նրա համար, որ զորացած էր բոլորի կյանքով, ազգերի փրկությամբ, աշխարհների լույսով, անբիծների վարքի նպատակով, տիեզերքի ապաստանով, բարձունքների գանձով, մեղքերի լուծիչով, երեսների աստվածադրոշմ զարդով, Արարչի կամքի արվեստների պարգեւով, հաստողի փառավոր խաչով, կուսակրոնների վարժարանով, հոգու հոսանքների կացարանով, ավելորդ էր մեծին ի նպաստ հետախուզել փոքրի խորհրդարանը. գազանային խմբի ջոկարանը՝ տիրական խոսքի ուխտարանին եւ անպարտելի ձեռքի հաղթարանի կողքին:
Ի. Ահա հայտնապես բացվեց բարեզարդ քողի ծածկույթը այս պատշաճավոր բանի, առ երկնային ծովը, առ ամենակիր տապանը, առ աստվածընտիր այրը, առ անպատիր կամքը, առ ուղիղ հավատքը, առ ճառագիր խորհուրդը, առ ամենագիր ընդդիմակը, առ իրական պատկերը: Ո՛չ վայրապար ընթացք, ո՛չ անկայուն միտք, ո՛չ վրիպական հետք, ո՛չ սասանած սիրտ, ո՛չ անխրատ երիկամունք, ո՛չ մարած իղձեր. այլ այս բարի հովիվը օգտակարապես լցված ամեն կարգի աստվածային արդյունքներով:
ԻԱ. Առաջնորդների մեծը, լավերի պարծանքը, եկեղեցականների հարդարիչը, նահատակների հանդիսադիրը, հաղթականների ախոյանը, համբերողների խրախույսը, մարտիրոսների տոնախմբիչը, մահվան երկունքի ապաքինիչը, դաժան վերքերի սպեղանին, ապավինողների այցելուն, հույսով պահեցողների խնամատարը, վերնային պարգեւների մուտքի դուռը՝ անեղծագիր մատյաններով: Խոհեմական տնից՝ պետություն բարի. մեծ ծովից՝ գոհար մարգարիտ, դառնարմատ ծառից՝ նորաճաշակ պտուղ, փշագետին արտից՝ դալարագեղ սահման, մթության ստվերից՝ լույսի ճառագայթ, տխրության կայանից՝ հույսի շառավիղ, անակնկալ բույսից՝ խնկաբեր ընձյուղ, անուշ արդյունքից՝ բուրում ծխի, սիրո մասից՝ պարգեւ զմուռսի: Մաքուր ջրի նվիրական աղբյուր, հեզ հոգու հանդարտ կերպարան, արփիափայլ կրակի կենդանի վառարան: Անմաքուր բարբարոս զարմի ծնունդ, եւ մերձավոր արենակից երջանիկի, քեռորդի մեր Լուսավորչի Սուրբ Գրիգորի:
ԻԲ. Կենաց հավատի ամոլներ, վերին նավահանգստի խոհեմ ակոսատարներ, երկու երկինքների զույգ լուսավորներ, առակագրի համաձայն՝ երկվորյակ ծնողներ եւ ոչ անորդիներ, մարգարեի համաձայն՝ կրկնակի բարիքի տուրքեր, մեկի տեղ երկու քարոզիչներ Բարձրյալի, նվիրապետական երկու վեհ գլուխներ, մեկը՝ կյանքի սկզբի եւ մյուսը՝ լրման. եկեղեցու շինվածքի երկու աչքեր, երկակի ունկնդիրների երկու օրինադիրներ՝ փառքի Տիրության աջ եւ ձախ կողմը: Գազանական փառքերից՝ նվիրական նոխազներ, անասնական կենդանիներից՝ պատարագելի ոչխարներ, հեթանոսական չարիքներից՝ աննվազ բարիքներ, խավարասնունդ հայրերից՝ լուսավոր մանուկներ, Քրիստոսով մեկից մյուսին փոխակերպված, մարմինները սպանողներից՝ հոգիների կենսապարգեւիչներ: Եվ սրանով ոչ թե փոքր են ընծայվում, այլ մեծապանծ պարծանքով լույսի մեջ են ներբողվում:
ԻԳ. Եվ եթե այս մեծ օրինակին փոքր նմանություններ հարկ լինի ցույց տալ՝ ինչպես բժշկական կրթության հետեւողների դեպքում՝ խայթող մահացու սողուններից կենդանացուցիչ նյութ է պատրաստվում սքանչելի թյուրակից. անմաքուր կենդանիների բոսորակայլակ կաթիլների թորումից՝ կայսերական հանդերձների ներկեր, զազիր եւ գարշելի որդերից՝ մետաքսի պատվական նյութ. գետնամուտ եւ վիմակյաց գազաններից՝ կերպասները գեղեցկացնող մուշտակներ, փղերի ժանիքներից՝ արքայական հատուկ աթոռների հորինումներ: Նաեւ խոտերի արմատների փտություններից՝ ներկված բարձերի որդան կարմիր: Եվ արդ գեղեցիկ բաներ՝ տգեղներից, պիտանի՝ անպետքներից, բարձր՝ ցածրերից, առաջին՝ հետիններից, լավագույն՝ վատթարներից, հարգելի՝ անարգներից. համանման օրինակներ ճառիս մեջ հյուսված, ցուցանելու համար այս սրբերի գերազանցությունը:
ԻԴ. Իսկ անհնար բաների հնարավորությունը երգաբանությամբ շարագրելը ավելացնում է կոչողի փառքը: Զի փրկողին տատասկից թզի քաղցրություն, եւ կամ փշից խաղողի ողկույզ ասելը, ոչ թե զանազան տունկերի տարբեր պտուղներ արտադրելուն, այլ ասուն եւ բանական կենդանիների կամքի անփոփոխությանն է վերաբերում: Իսկ սրանք միմյանց միաբանելով, ելան երկրից ըստ տեսանողի, եւ սասանվեցին, եղանակվեցին ըստ Դավթյան երգի, որպես նորոգված երկիր, եւ վերադարձան հեզ եւ ընտիր բարքերի: Նա, որ երջանիկ սրբերի մեջ սուրբ Հակոբն էր, որոշ ազգերի չնչին լրախույզ իմաստակներից եւ խորադիմա հմայողներից ասես Արարչի ազդեցությամբ, կոչվեց Զգոն, այսինքն՝ հանդարտ, իբրեւ հեզ, որ է հաստատուն, այսինքն՝ անփոփոխ, որը կատարելության լրումն է, եւ անվան մեկնողական թարգմանությունն էլ հաստատում է նրա հաճելիությունը: Քանզի «իմաստության սկիզբը Տիրոջ վախն է»՝ սահմանագրեց Սողոմոնը: Իսկ անսասանապես անհեղհեղաբար կարծրակառույց անտապալելի խարսխված, մրրկածին հողմերի ընդոստուցիչ տատանումից ամենեւին զերծ մնալը, նշանակում է՝ վիմահիմն անվտանգ եւ անդրդելի տունը, որ փրկչական խոսքը գծագրեց Ավետարանում: Եվ այդ տիրաբնակ եւ անձեռակերտ, բանական շնչավորների հարկին պատկանեց այս երանելին, հոգեպինդ սիրով եւ հարատեւ կամքով: Այդպես իսկ թելադրել էր ամենունակ հայրենի Բանը, ասելով. «Հաստատուն մնացեք իմ սիրո մեջ»: Եվ դարձյալ առաքելական օրհնված գնդի պարագլուխ Պետրոսն ավետում է. «Դուք կենդանի վեմի վրա հոգեւոր տաճար կշինվեք Աստծու հոգով. եւ դարձյալ հաստատուն եղեք, անշարժ կացեք, ամուր մնացեք եւ դարձյալ Ձեզ սույն բաներում հաստատողն է Աստված»:
ԻԵ. Եվ արդ հարելով կենաց պատճառին՝ բարիքների սկզբնահայր Հիսուսին, օրհնաբանենք նրան իր սրբերի մեջ, ըստ սաղմոսողի: Եվ նրա համար փառավորենք Բարձրյալի հոգում փրկողի անունից երկնչողներին: Եվ մեր խոսքի գլխավորման եւ ավարտման կնիք դնենք սոսկալի եւ պաշտելի անունն Աստծո՝ սահման փրկության եւ վախճան կենդանության, իբրեւ զգայական մարմնի գլուխ, որով պայմանավորված է անդամների կառույցը: Եվ քանզի այս սրբի պատիվը հաղթում է մեր սակավամասնյա գովեստին եւ փառքի նժույլը գերազանց է երջանիկների դասի խմբի համեմատությամբ, եւ իր նմաններից առավել հաղթական է եւ պայծառագույն, եւ հայաստանցիներիս պահպանությունն ավելի մերձավոր, եւ մեր ճառախոսությունն ավելի հարմար, եւ հովվական իշխանությամբ մեզ ընտանեգույն. ուստի մենք էլ ճանապարհեցինք մեր բանատար սուրհանդակին, իբրեւ ավետապատճեն նամակամատույց, պատվասիրելու այս մեծ հովվին: Որում՝ հրաշապատում հիշատակների դրվատական ճառի մեջ, դյուտերուջ եւ հրանյութ երգերի եւ հաղթական բարեբանության հրեշտակային լեզվի գործիքն անգամ կասում է եւ նահանջում: Զի թեթեւաթռիչ թեւերով լուսակերպապես բարձրացավ մահկանացուների երկրավոր հովտից վեհ անդրանիկների վիճակին, ի նշան ուխտի պարգեւների, եւ գրվածի համաձայն, ողջապես փոխադրվեց մեղավորների միջից: Քանզի հոգու պատվերներից արթնացած եւ իմաստնացած արեց ամենայն չար ընթացքը, եւ Հիսուսի շնորհի շուքն իր դեմքի վրա կերպավորեց, եւ մահվան հաղթող երեւաց, եւ ապականությունից վեր հայտնվեց, եւ ավետավոր ոտքերի ճգնական վաստակը արիապես յուր գլխին կապեց, եւ կայսրի առջեւ ահավոր տեսնվեց, եւ մաքրության գործիքով սրբության ազդեցությունն աճեցրեց:
ԻԶ. Կենդանի վտակներ հոսեցրեց ապառաժ սրտից, հառաչանքի հեծեծանքներ հանեց անզիղջ ոգուց, արդարացուցիչ արցունքների ուղխեր վայրաբերեց մեղսատես աչքերից: Իբրեւ հզոր առյուծ մոլության սատակմանը սատարեց. դիվագունդ դասի դեմ հավատի խոսքերով մռնչաց: Իբրեւ հանդիսահարդար ախոյան կատարածի լրմանը կանչեց, եւ որպես խրախույս բովանդակ երկրի՝ մրցման ճակատին ձայնեց: Եվ նախաշավիղ ռահվիրային ապահով բնակավայրը հրավիրեց: Եվ գայթակղված անձերին հարուցիչ ձեռք կարկառեց, եւ մեղքերի կապը աղոթքի սուսերով խզեց, եւ տարիների նվազումը հայցողական մաղթանքով կրկնապատկեց: Մահվան եւ կենաց կրկնատեսակ բույրը ծավալեց: Հանգստյան աճյունը՝ փրկության ավանդ մթերեց, գրված պարտամուրհակները պարգեւական խոսքով պատռեց, անցավոր վարձքի փրկանք արծաթը գրավ չդրեց, իբրեւ անկաշառ ոստիկան՝ խորհրդատու եղավ բոլոր հոգիներին, փառքի վայելող հանդերձով ինքն իրեն զգեստավորեց: Եվ առաքելական քաջությամբ բանսարկուի խայթոցը կոխոտեց, եւ անձն իր բաղձանքով կախեց Հիսուսի խաչափայտից, եւ Աստվածորդու կենդանարար չարչարանքների մասնակիցը եղավ, եւ համբերությամբ մարտնչելով հաղթանակին ընկերակցեց, եւ նրա կամքին եւ խորհրդին կցորդ դարձավ, եւ էական լույսի նորոգող Հարությանն հաղորդվեց: Երկնքի փականքը համայն որոշմամբ խորտակեց, հեթանոսների սիրտը Աստծո հնազանդեցրեց, նեղության մեջ մեծ անդորրություն մեզ ընդարձակեց: Բարձրյալի ոտքի բնակարանը հիմնավորեց այս երկրի վրա:
ԻԷ. Բազում ժողովուրդների անհամար դասեր գումարեց: Քահանաների կենդանաբաշխ աջը խորհրդագործելու համարձակեցրեց: Որբերի եւ այրիների հույլերը իր ձեռքով խնամեց. մարմնական կարիքների հետ մեկտեղ՝ հոգեւոր պետքերն էլ հոգաց, եւ իբրեւ մատակարար իմաստությամբ տնտեսեց բոլորին, եւ հոգու զորությամբ ամենքին առատորեն բաժին հանեց: Օգտակար եւ աշխարհակեցույց մատյաններ գրեց, որով կշռաբան ոճով՝ չարախոսների բերանները կարկեց, եւ հերձվածողական խիստ դավանությունն ամբողջովին ըմբերանեց, հավիտենական անջնջելի կանոններ հաստատեց: Եվ երբ այս բարի պատրաստությունները կարգադրեց, ապա անարատորեն մատուցեց ինքն իրեն Բարձրյալի կամքին՝ անուշ բուրումով, զենումը հաճոյական եւ զոհ բանական, պատարագ մաքուր եւ նվեր ընտիր մեծ քահանայապետին բովանդակապես, վերին երկրին ընծայված: Քանզի վանեց մարմնի զորությունը իբրեւ դաժան գոռոզ թշնամի, եւ իր անվանը, իբրեւ հիշատակ Աստծո ամենակալ զորությանն հրավիրեց:
ԻԸ. Եվ արդ արժանապես եւ իրավաբար այսքան ընդարձակ փառքերով հարստացավ. հոգով վեր սլացավ իբրեւ գրավական հույսի, եւ մարմնի նշխարյալ ոսկորների մեջ անսպառ պարգեւներ հաստատեց. որով ցուցանեց եւ հուսացրեց կենդանարար հարությունը. հավատքի ցանկին խրամակարկատ եղավ. շնորհի բարետիպ դիտավորությանն աշտարակ կանգնեց, գրով նկարյալ քաջությանը արձան հիմնվեց. հալածյալների ապավինությանը ապրեցուցիչ կոթող կառուցվեց, եկեղեցականների ամրությանը երկաթե սյուն ձգվեց, պղնձե պատվարով պարունակվեց, ըստ Երեմիայի բանահյուսության: Այնպես որ, համառոտ ասելով, աշխարհը նրանով ունի հանդերձյալ գալիքի հույսը, եւ դրան հենված մնում է կանգուն, անշարժ եւ անսասան, նրան ունենալով երկնքի եւ երկրի միջնորդ:
ԻԹ. Այս նահատակ հաղթողը՝ այս հանդեսի, այս արի սպառազենն՝ այս ճակատի, այս բարեփառ մարտիկը՝ այս ասպարեզի, այս վկան ճշմարիտ՝ այս պարգեւի, այս խնկելի աթոռակալը՝ այս վեհության, այս պանծալի պետը՝ այս աստիճանի, այս գովված դատավորը՝ այն ատյանի, այս պայծառ պսակավորը՝ այն հրապարակի, այս պերճ որդին՝ այն քաղաքի, այս պճնազարդ ժառանգը՝ այն Երուսաղեմի, այս օրհնված կամարարը՝ Քրիստոսի Հոր: Սա հիշատակեցինք, սա պանծացրեցինք, սրանով աղոթեցինք, կաճառ կազմեցինք, հանդես խմբեցինք, լապտերներ վառեցինք, անույշ յուղեր մատուցեցինք, աստղակերպ կանթեղներ գահավորեցինք, խորհրդական կրակը խնկին խառնեցինք. սրանով լուսավորվեցինք, սրանով բժշկվեցինք, սրանով ազատվեցինք մահից:
Լ. Որով եւ հայցում ենք քեզանից բարերար, փառքերի Տեր Հիսուս, միակ Հոր Միածին Որդի, գթալով բարեհաճիր նայել մաղթողական խոսքերի պաշտամունքի այս նվերին, եւ գովեստի այս քարը հաստատիր քո հանգստյան հարկի շինվածքին` այս բարի հովվի դավանարանի մեջ: Եվ փոխարենը տուր մեզ բնակության տուն` արքայական տաճարիդ լուսապաճույճ գավիթը: Որպեսզի սրանով մշտապես քեզ պատվաստվեմ, հույսով բեւեռված, հավատով ամրացած եւ փորձություններից վեր գտնվելով, անտարակույս ճամփորդությամբ քեզ հետեւեմ անարատապես: Եվ հոգելից զորությամբ օրհնելով կատարելապես օժանդակիր այս գրվածքի պատճենին, որպեսզի ով որ կարդա եւ վերծանի, լցվի քո հոգով. եւ բժշկվի հոգու եւ մարմնի կորստաբեր պեսպես ախտերից, հայցողական աղոթքների բարեխոսությամբ Սուրբ Հակոբի, որին կցորդվելով միանանք հավատով՝ հասնելու մեծիդ փառատրությանը, եւ օրհնառաք ձայնով փառավորենք աստվածային եռյակ միությունը. Հայր երկնավոր, եւ Միածին Որդիդ, եւ համագո Սուրբ Հոգիդ: Որում փառք, պատիվ եւ զորություն, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից, ամեն: