Տուգանել են

03/04/2010

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանը երեկ վճիռ է կայացրել, որ ՀԱԿ երիտասարդներին ծեծելու մեջ մեղադրվող Դավիթ Սիմոնյանը պետք է տուգանվի 150.000 դրամով: Խոսքը դեկտեմբերի 27-ին` թիվ 10 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի քարոզչանյութերը բաժանող 5 երիտասարդներին ծեծի ենթարկողի մասին է: Երեկ մեղադրյալը դատարանում ընդունել էր իր մեղքը: Գործով մյուս մեղադրյալի` Վահան Ադալյանի նկատմամբ գործը կարճվել էր, քանի որ փորձաքննությունը ցույց է տվել, որ նա «միայն մեկ անգամ է հարվածել»: Երեկ տուժող կողմի պաշտպան Ստեփան Ոսկանյանը հայտարարել է, որ վճիռն անպայման բողոքարկելու են։ «Չենք գտնում, որ այս դատարանում օրինական, օբյեկտիվ քննություն կատարվեց: Այսքան երկար նախաքննություն իրականացված գործով դատաքննությունը շատ կարճ տեւեց, եւ մութ հարցերը մնացին չբացահայտված»,- ասել է նա` ավելացնելով, որ նորմալ նախաքննություն ընթանալու դեպքում մեղադրյալի աթոռին կլիներ ոչ թե մեկը, այլ` 10-ից ավելի մարդիկ: