Ապրիլի 6-ին Մատենադարանի հրապարակում տեղի է ունենալու Հայ Ազգային կոնգրեսի հերթական հանրահավաքը, որին հաջորդելու է երթ: Երեւանի քաղաքապետարանն արտոնել է եւ՛ հանրահավաքը, եւ՛ երթը, թեեւ ՀԱԿ-ը հայտարարել էր, որ դրանք կայանալու էին անկախ քաղաքապետարանի որոշումից: ՀԱԿ-ի առաջիկա հանրահավաքը հետաքրքիր է առաջին հերթին այն առումով, որ այն առաջինն է նախորդ` մարտի 1-ի հանրահավաքից հետո, որի ընթացքում Կոնգրեսը իշխանություններին ուղղված մի քանի պահանջներ եւ կոնկրետ գործողությունների ժամանակացույց էր ներկայացրել: ՀԱԿ-ը դա ներկայացնում էր որպես ՀՀ իշխանություններից ԵԽ ԽՎ-ի պահանջած ժամանակացույցի այլընտրանք, որը հանձնվեց նաեւ
ԵԽ երեւանյան գրասենյակին: Հիշեցնենք, որ Կոնգրեսն իշխանություններից պահանջում էր ազատ արձակել քաղբանտարկյալներին, վերականգնել մարտի 1-ի իրադարձությունները քննող անկախ մարմինը, մինչեւ ապրիլ վերանայել «Երթեր, ցույցեր, հանրահավաքներ անցկացնելու մասին» օրենքը, մինչեւ մայիս անցկացնել մրցույթ` հնարավորություն ստեղծելով «Ա1+» հեռուստաընկերության վերաբացման համար եւ հունիսից սեպտեմբեր անցկացնել խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ: Այս պահանջներից որեւէ մեկը դեռեւս չի կատարվել, եւ ակնհայտ է, որ մյուսներն էլ համենայնդեպս ՀԱԿ-ի նշած ժամկետներում չեն կատարվելու: Ավելին` ԵԽ ԽՎ-ն «ողջունել» է իշխանությունների ներկայացրած, ըստ էության, ոչինչ չասող գործողությունների ժամանակացույցը: Այսինքն` առաջիկա հանրահավաքում ՀԱԿ-ը պետք է ավելի հստակ հայտարարի իր հետագա անելիքների մասին, կամ ներկայացնի եւս մեկ ժամանակացույց` «նախորդ ժամանակացույցում նշված գործողությունները չկատարելու դեմ ուղղված գործողությունների մասին»: