Արմենական-Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչությունը երեկ տարածել է հայտարարություն, որում նշվում է, որ ԼՂՀ անվտանգության երաշխիքների բացակայության եւ Ադրբեջանի կողմից ամեն օր հնչող ռազմատենչ հայտարարությունների պայմաններում որեւէ խոսակցություն զիջումների կամ նույնիսկ փոխզիջումների մասին անտեղի է ու վտանգավոր: Ըստ հայտարարության, տարածքները, որոնք ազատագրվել են հազարավոր հայ մարտիկների կյանքի գնով, ընդհանրապես չեն կարող առեւտրի եւ սակարկման առարկա լինել: «Մյուս կողմից, հայկական կողմը իրավասու է նյութական փոխհատուցում պահանջել Ադրբեջանից Ղարաբաղում պատերազմ սանձազերծելու եւ հազարավոր անմեղ քաղաքացիներ սպանելու համար: Այս կապակցությամբ պետք է պետական մակարդակով բարձրացվի Շահումյանի եւ հայաբնակ մյուս շրջանների խնդիրները, ինչպես նաեւ՝ 400.000 հայ փախստականների հարցը: Պետք է նաեւ, թեկուզ եւ ուշացումով, պետական ավելի լուրջ եւ հեռանկարային քաղաքականություն իրականացնել ազատագրված տարածքները վերաբնակեցնելու եւ տնտեսապես հզորացնելու ուղղությամբ»,- նշվում է հայտարարությունում: Ըստ Արմենական-ՌԱԿ Հանրապետական վարչության հայտարարության` հայ հասարակությունը, պետական մարմինները պետք է հստակ կերպով գիտակցեն, որ ազատագրված տարածքները ոչ միայն ԼՂՀ-ի, այլեւ Հայաստանի անվտանգության կարեւորագույն երաշխիքներն են եւ խաղաղության պահպանման միակ գրավականը: