Ոչ հարյուր տոկոսով

03/04/2010

ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր, ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը երեկ հայտարարել է, թե ՀՅԴ-ի հայացքները 100 տոկոսով չեն համընկնում ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ էլ Սերժ Սարգսյանի հայացքների հետ, որովհետեւ, նրա ձեւակերպմամբ` Քոչարյանը դաշնակ չէ, իսկ Սարգսյանը հանրապետական է: Ըստ նրա` նախկին եւ ներկա նախագահներից յուրաքանչյուրը ղարաբաղյան հարցում իր ներդրումն է ունեցել, եւ այն, որ «1998-ից այս կողմ Արցախի հարցում կորուստներ չենք ունեցել, ձեռքբերում է»: «98թ. իշխանափոխությունը կայացավ, քանի որ նման կորուստների վտանգ կար»,- հայտարարել է նա: Անդրադառնալով Քոչարյան-Բրադկե նախօրեին կայացած հանդիպմանը` Հ. Կարապետյանը նշել է, թե ինքը նորմալ է վերաբերվում նախկին նախագահի ցուցաբերած ակտիվությանը, քանի որ «նման գործելաոճն ընդունված է ամբողջ աշխարհում»:

Խոսելով հայ-ադրբեջանական պատերազմի հնարավոր վերսկսման մասին, Կարապետյանն ասել է. «Քանի դեռ հաշտության վերջնական պայմանագիր չի կնքվել պատերազմի դադարի մասին, միշտ էլ պատերազմի վերսկսման հնարավորություններ կան: Չեմ ընդունում այն մարդկանց հայտարարությունները, որոնք բացարձակապես տեղյակ չեն, թե ինչպիսին է վիճակը, պատերազմի վերսկսման վտանգն ինչքանով է ռեալ: Նրանք մեր ժողովրդին վատ ծառայություն են մատուցում, մարդկանց մոտ առաջացնում են խուճապ եւ ապագայի նկատմամբ անվստահության զգացումներ»: Նաեւ հավելել է, թե դիվանագիտական շրջանակներում առավել շատ են սկսել քննարկել այդ խնդիրն այն պահից սկսած, երբ Թուրքիան փորձեց հայ-թուրքական հարաբերություններն օգտագործել որպես Արցախի հարցի ադրբեջանամետ լուծում: Սակայն, ըստ նրա` «խուճապի համար խորը հիմքեր չեմ տեսնում»: Կարապետյանը վստահ է, որ ադրբեջանական բանակը զինամթերքի առումով առավելություն չունի. «Այսօր մեր բանակն առավել կայուն եւ կարգապահ է: Եթե Ադրբեջանը համոզված լինի, որ պատերազմ սկսելով կհաղթի, նա կսկսի այդ պատերազմը: Ադրբեջանում իշխանությունները փոխվել են այն ժամանակ, երբ պատերազմ է եղել, իսկ Ալիեւը հավերժացրել է իր տոհմի իշխանությունը եւ չի ցանկանա, որպեսզի այդ իշխանությունը երերա»: