Տեղեկացրեք ՀԱԿ-ին

03/04/2010

Ապրիլի 6-ին կայանալիք հանրահավաքին ընդառաջ երեկ Հայ Ազգային կոնգրեսը տարածել է հայտարարություն, որում ասվում է. «Արդեն իսկ սեփական ստվերից, առավել եւս` Հայ Ազգային կոնգրեսի հանրահավաքներից սարսափող վարչախումբը ապրիլի 6-ին եւս, ինչպես բոլոր հանրահավաքների օրերին, ամեն ինչ անելու է մարդկանց հոսքը Երեւան խոչընդոտելու համար: Այդ բանը նա անում է, մասնավորապես, հասարակական տրանսպորտի աշխատանքը կազմալուծելու, մարզերից Երեւան երթուղային տրանսպորտի աշխատանքը կանգնեցնելու միջոցով: Այս գործելակերպը կոպտորեն խախտում է մարդու իրավունքներից մեկը` ազատ տեղաշարժվելու իրավունքը, որ ամրագրված է նաեւ ՀՀ Սահմանադրության 25-րդ հոդվածում: Դրանով խախտվում է նաեւ «Տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի մի շարք հոդվածներ, որոնք պատասխանատվություն են սահմանում ուղեւորների փոխադրումը կազմակերպող ընկերությունների համար: Մասնավորապես, ըստ հիշյալ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետի` «Փոխադրողը պատասխանատվություն է կրում ուղերթն ուշացնելու, ինչպես նաեւ նշանակված վայր ուշ հասցնելու դեպքերում»: Կոչ ենք անում մեր բոլոր համակիրներին, ովքեր այդ օրը կհանդիպեն տրանսպորտի աշխատանքի եւ Երեւան հասնելու հետ կապված այլ խոչընդոտների, անմիջապես տեղեկացնեն ՀԱԿ գրասենյակ` 52-09-74 հեռախոսահամարով, հնարավորության դեպքում` փաստերը ֆիքսված լուսանկարներով: Այդ նյութերը կուսումնասիրվեն Կոնգրեսի իրավական հանձնաժողովի կողմից` հնարավոր ընթացք տալու համար, ինչպես նաեւ կտրամադրվեն Մարդու իրավունքների գծով եւ այլ միջազգային կազակերպություններ»: