Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հանդիպել է Անկարա ժամանած ամերիկացի կոնգրեսականների պատվիրակության անդամներին: Պատվիրակության կազմում են եղել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ԱՄՆ-Թուրքիա բարեկամության խմբի համանախագահ, Կենտուկի նահանգից կոնգրեսական Էդ Ուիտֆիլդը (Ed Whitfield), Մերիլենդ նահանգից կոնգրեսական Դոնա Էդվարդսը (Donna Edwards) եւ ԱՄՆ-Թուրքիա բարեկամության խմբի անդամ, Վիրջինիա նահանգից կոնգրեսական Ջիմ Մորանը (Jim Moran): Թուրքիայի ԱԳՆ շենքում տեղի ունեցած հանդիպումից հետո Ուիլֆիլդը հայտարարել է, որ հանդիպմանը քննարկվել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւը, Թուրքիայի դերը Աֆղանստանում, Բոսնիա-Հերցեգովինայի եւ Սերբիայի միջեւ Թուրքիայի միջնորդությունը, թուրք-իսրայելական եւ թուրք-ամերիկյան հարաբերությունները: Ուիլֆիլդը, կարեւորելով թուրքական իշխանությունների` Հայաստանի հետ երկխոսություն ծավալելու փորձերն ու ստորագրված արձանագրությունները, հայտարարել է, որ Հայաստանն ու Թուրքիան պետք է լուծեն երկու երկրների միջեւ առկա խնդիրները` միեւնույն ժամանակ աչքի առջեւ ունենալով պատմական փաստերը: Անդրադառնալով Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Նամըք Թանի` պարտականություններին վերադառնալու հնարավորությանը` ամերիկացի կոնգրեսականը հայտարարել է, որ իրենք լավատես են եւ հույս ունեն` Թուրքիայի հետ կշարունակվեն նորմալ հարաբերությունները: Իսկ ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձին, Ուիլֆիլդը նշել է, որ իրենք դրա բովանդակության մասին տեղեկություններ գրեթե չունեն, բայց հուսով են, որ «Օբաման Թուրքիային վշտացնող որեւէ հայտարարություն չի անի»: ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակության անդամները նաեւ հույս են հայտնել, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կընդունի Վաշինգտոն մեկնելու հրավերը եւ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ կժամանի Միացյալ Նահանգներ: