Եվ այսպես, Պետական եկամուտների կոմիտեն 2 օր առաջ հայտարարեց, որ այս տարվա առաջին եռամսյակում նախատեսվածից շատ հարկեր են հավաքել՝ 116.9 միլիարդի փոխարեն՝ 126.7 միլիարդ դրամ։ Ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ, գերակատարումները տեղի են ունեցել «ՊԵԿ-ի կողմից իրականացված հետեւողական եւ նպատակային վարչարարության շնորհիվ»։ Իհարկե, ՊԵԿ-ին կարելի է հասկանալ. նրանց գործը հավաքելն է, ինչը եւ նրանք արել են փայլուն կերպով՝ պետք եղածից մի բան էլ ավելին։ Սակայն, եթե միայն ՊԵԿ-ի տեսանկյունից ոգեւորությունը հասկանալի է, ապա արժե՞ ոգեւորվել ընդհանրապես, ողջ տնտեսության տեսանկյունից։
Ընդհանրապես, եթե տնտեսության մասին դատելու լինենք՝ հիմք ընդունելով միայն բյուջեի մուտքերի ցուցանիշները, ապա կստացվի՝ ոչ միայն հաղթահարել ենք ճգնաժամը, այլեւ նախկինից ավելի տպավորիչ երկնիշ զարգացում ենք ապրում։ Բավական է միայն նշել, որ նախորդ տարվա առաջին եռամսյակի բոլոր ամիսների համեմատ հարկային եւ մաքսային գանձումների մասով բյուջեի մուտքերն աճել են ավելի քան 19%-ով: Տպավորիչ թիվ է։
Բայց այդ տպավորությունը խամրում է անհասկանալիության ֆոնին, երբ աչքի ենք անցկացնում Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած մակրոտնտեսական ցուցանիշները։ Օրինակ, 2010թ. հունվար-փետրվար ամիսներին ՀՆԱ աճը (կամ տնտեսական աճը) կազմել է 3.1%։ Առաջին եռամսյակի տվյալները դեռ չեն ամփոփվել, սակայն դժվար թե տարբերությունը շատ մեծ լինի, քանի որ ամբողջ տարվա համար կանխատեսվում է 1.5-2% տնտեսական աճ։
Փաստորեն՝ 2010թ. առաջին երեք ամիսներին տնտեսությունն աճել է ընդամենը 3-4%-ով, իսկ հարկերը՝ 19%։-ով Ինչի՞ հաշվին է արձանագրվել հարկերի այսպիսի տպավորիչ աճը։ Մակրոտնտեսական ցուցանիշներին նայելով՝ ոչ միայն այդ հարցի պատասխանը չես կարողանում գտնել, այլեւ ավելի ես խճճվում։ Այս տարվա առաջին երկու ամիսներին, օրինակ, մանրածախ առեւտրաշրջանառությունը չնչին՝ 0.6% աճ է ունեցել, ծառայությունների ծավալը ընդհանրապես չի փոխվել։ Գյուղատնտեսությունը աճել է ընդամենը 2.7%-ով, իսկ շինարարության ոլորտը նվազել է 3%-ով։ Աճի քիչ թե շատ նորմալ ցուցանիշ է արձանագրել արդյունաբերության ոլորտը՝ 9.4%, սակայն հարկերի 16% աճի հետ դա էլ համադրելի չէ։ Նշենք նաեւ, որ արդյունաբերության ոլորտում արձանագրված «9.4 տոկոս» ցուցանիշը անգամ մեծ ցանկության դեպքում դժվար է աճ անվանել։ Դիտարկենք օրինակ մշակող արդյունաբերությունը. սննդի արտադրությունը կրճատվել է 0.1%-ով, խմիչքներինը՝ 2.7%-ով, ծխախոտինը՝ 12.9%-ով, հագուստինը՝ 21.7%-ով, մանածագործական արտադրատեսակներինը՝ գրեթե 2 անգամ։ Փոխարենը շուրջ մեկուկես անգամ աճել են հանքահումքային արտադրանքի ծավալները, սակայն դա տեղի է ունեցել հիմնականում գների աճի հաշվին։ Բնեղեն արտահայտությամբ՝ մետաղագործական արդյունաբերության որոշ ճյուղեր անգամ անկում են ապրել. օրինակ՝ մոլիբդենի խտանյութի արդյունահանումը կրճատվել է 1%-ով, իսկ ֆերոմոլիբդենինը՝15.3%-ով։ Ինչեւէ, կոնկրետ արդյունաբերության ոլորտի ցուցանիշները առանձին նյութի թեմա են։ Ընդամենը փաստենք, որ երկրում թողարկված ՀՆԱ-ն՝ ներառյալ արդյունաբերությունը, դժվար թե ապահովեին հարկերի 19%-անոց աճ։
Մնում է արտաքին առեւտուրը, մասնավորապես՝ ներմուծումը, որից բյուջե մտնող ավելացված արժեքի հարկն ու մաքսատուրքը մեր պետական բյուջեի կարեւորագույն սնուցիչներն են։ Այս հարցին արդեն անդրադարձել ենք, սակայն եւս մեկ անգամ նշենք, որ հենց արտաքին առեւտուրն է էական դեր խաղացել բյուջեի մուտքերի ավելացման հարցում։ Ոչ միայն այն պատճառով, որ ներմուծման ծավալներն ավելացել են շուրջ 15%-ով, այլեւ՝ դրամի արժեզրկման գործոնով պայմանավորված։ Այսինքն՝ նույն չափով ներմուծված ապրանքը նախորդ տարվա մարտին դրամով արտահայտված շատ ավելի էժան արժեր, քան այսօր։
Փաստորեն, եթե ամփոփենք վերը շարադրվածը, կստացվի, որ տնտեսությունը՝ հարկման բազան, մեզանում գրեթե չի աճել, իսկ հարկային մուտքերի աճին նպաստել են հիմնականում երկու գործոն՝ դրամի արժեզրկումը եւ հարկային վարչարարության խստացումը։ Ճիշտ է՝ արդյունքում մեծանում է հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը, որով կարելի է հետո պարծենալ միջազգային կառույցների առաջ, սակայն մեզ դրանից ոչ մի օգուտ չկա։
Կա նաեւ առաջին հայացքից անիմաստ թվացող մի հարց. ինչո՞ւ են պետական մարմիններն ուրախանում հարկային մուտքերի գերակատարմամբ։ Ի՞նչն է նրանց ստիպում նախատեսվածից շուրջ 10 միլիարդ դրամով ավելի հարկ, եթե չենք ուզում ճզմել տնտեսական ակտիվությունը։ Պատասխանը առավել քան պարզ է՝ պետությանը փող է պետք։ Ընդ որում՝ գնալով ավելի ու ավելի շատ։ Կենսաթոշակներն ու նպաստների ծիծաղելի փոքր բարձրացման պատրվակը միայն նախերգանքն է։ Գալիք ամիսներին ու տարիներին հարկային բեռն ավելի է ծանրանալու, պետությունը ձգտելու է մաքսիմալ հավաքել, եւ գումարները գնալու են ոչ թե բյուջե, այլ մեր միջազգային պարտատերերին, որոնք պարտք տալուց առաջ «բարեկամաբար» խորհուրդ էին տալիս ավելի շատ հարկեր հավաքել։ Սակայն, եթե այդ ցավը կարելի է տանել, ապա աղետի դեմ հնարավոր չի լինելու պայքարել։ Իսկ աղետը կգա այն ժամանակ, երբ պարզ կդառնա, որ «Հայկական աշխարհը» ոչ տնտեսություն ունի, ոչ հարկման բազա, ոչ էլ հարկատու։