Յուրաքանչյուր քրիստոնյա պետք է հաճախի եկեղեցի եւ մասնակցի Զատկական ճրագալույցի պատարագին, որ տեղի է ունենում շաբաթ երեկոյան եւ հաջորդ օրը կիրակի առավոտյան: Զատկի գիշերը, Ճրագալույցի պատարագից հետո, ընտանեկան սեղաններ են սփռում: Այդ օրը լուծում են պահքը: Այսինքն` կենդանական ծագման կերակուրներ են ուտում: Այլ ուտեստեղենների հետ զատկական սեղանը զարդարվում է ձկով, հավկիթով եւ գինով: Ձուկը օգտագործում էին վաղ քրիստոնյաները, որ նշանակում է՝ Հիսուս Քրիստոս Աստծո Որդին Փրկիչն աշխարհի: Ձուն մեր աշխարհն է, գինին` Քրիստոսի արյունը: Ավանդության համաձայն` ներկած հավկիթը խորհրդանշում է աշխարհը` մաքրագործված Քրիստոսի արյամբ: Ցորենի հասկն իր մեջ ունի նոր կյանքի եւ հարության խորհուրդը: Քրիստոս ասում է. «ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթէ ցորենի հատիկը հողի մեջ ընկնելով չմեռնի, միայն հատիկն ինքը կը մնայ, իսկ եթէ մեռնի, բազում արդիւնք կը տայ»: