Պատրաստ են ամեն ինչի՝ Հայաստանից փախչելու համար

03/04/2010 Գայանե ՍԱՀԱԿՅԱՆ

«Խնդրում եմ, մի հատ թուղթ տուր, որ ես ընդդիմադիր եմ, թողեմ, գնամ էս երկրից, մի տեղ քաղաքական ապաստան խնդրեմ, գլուխս հանգիստ ու փորս կուշտ ապրեմ»,- ընդդիմադիր գործիչներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ այսպիսի խնդրանքով իրեն ամեն օր տասնյակ ծանոթ ու անծանոթ մարդիկ են դիմում: Գաղտնիք չէ, որ արդեն մի քանի տարի է` հատկապես 2008 թվականի մարտիմեկյան դեպքերից հետո, հարյուրավոր ընտանիքներ լքում են երկիրը: Նրանք հիմնականում ընդունող երկրում ներկայանում են որպես ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեցողներ, որոնք հալածանքների են ենթարկվում իշխանությունների կողմից, կամ հայտարարում են, թե երկրում իրավիճակն այնքան լարված է, որ այստեղ ապրելը վտանգավոր է իրենց կյանքի համար: Նրանցից շատերը պատրաստ են դիմել ամեն մեթոդի, անգամ ամենանվաստացուցիչ ճանապարհներով անցնելով` մի քանի «տեղեկանք» հայթայթելու համար: Իմ ծանոթներից մեկն, օրինակ, որը նախորդ տարեվերջին վաճառեց իր բնակարանն ու ընտանիքի 7 անդամներով մեկնեց Եվրոպա, հաջողացրել էր լուսանկարվել հայտնի ընդդիմադիր գործիչներից մի քանիսի հետ, մի քանի հարյուր դոլարով տեղեկանք ստանալ ճանաչված հիվանդանոցներից մեկում` մարտի 1-ի դեպքերից հետո գանգի ու ծնոտի կոտրվածքից բուժման համար` որպես ապացույց, որ ինքը մազապուրծ փախել է Հայաստանից: Անշուշտ, սա եզակի դեպք չէ, այս կերպ մի քանի հազար դոլարի դիմաց Հայաստանում աշխատող որոշակի կազմակերպությունների ու անհատների միջոցով Շենգենյան երկիր մեկնելու համար օրինական վիզա են ստանում հազարավոր մարդիկ: Քննադատել այդ մարդկանց ու ասել, որ նրանք օտարերկրացիների մոտ պախարակում են մեր հայրենիքն ու մեզ խայտառակ են անում, առնվազն անմիտ է: Հաստատ, նրանք չեն լքում իրենց հայրենիքը այն պատճառով, որ այստեղ ապրում են արժանավայել, մարդկային ու բարեկեցիկ կյանքով. իրականում օրվա հացը գնելու խնդիր ունեն: Եթե որեւէ գերմանացու կամ իտալացու առաջարկեն ապրել, ասենք, ԱՄՆ-ում կամ մեկ այլ երկրում, հաստատ նա դիմացինին լուրջ չի ընդունի, քանի որ այդ երկրների իշխանությունները մտածում են իրենց քաղաքացու արժանավայել կյանքի մասին: Մինչդեռ Հայաստանում ժողովրդագետներն ահազանգում են, որ սկսած նախորդ տարեվերջից մինչեւ այժմ, մեր երկրից մեկնողների թվաքանակն անհամեմատ աճել է: Հատկապես փետրվար-մարտ ամիսներին երկիրը լքողների թիվը նախորդ տարիների համեմատությամբ կտրուկ ավելացել է: Սա պայմանավորված է հիմնականում Հայաստանում ստեղծված սոցիալ-տնտեսական ու ներքաղաքական լարված իրավիճակով, ինչպես նաեւ՝ վերջին շրջանում բավականին հաճախակի դարձած` պատերազմի վտանգի մասին մտահոգություններով:

2001 թվականի մարդահամարի արդյունքում պարզվեց, որ դրան նախորդած տասը տարիների ընթացքում Հայաստանից հեռացել է ավելի քան 1 միլիոն 200 հազար մարդ: Եվ եթե նախկինում Հայաստանից հեռանում էին հիմնականում աշխատանքային միգրանտները, այսինքն՝ աշխատունակ տարիքի կանայք եւ տղամարդիկ, այսօր արդեն հիմնականում երկրից հեռանում են ընտանիքներով:

90-ականների կեսերին հայերը հիմնականում արտագաղթում էին Գերմանիա, իսկ 2000-ի սկզբներին` Չեխիա եւ Ավստրիա, վերջին 2-3 տարիների ցուցանիշներով՝ մեր երկրից արտագաղթողների մեկ երրորդը ապաստան է խնդրում Ֆրանսիայից: 2009-ին ապաստանի հայցով այդ երկիր է դիմել ավելի քան 9 հազար ՀՀ քաղաքացի:

Ըստ վիճակագրության, ի տարբերություն եվրոպական այլ երկրների, այստեղ դիմումների մերժման դեպքերն անհամեմատ քիչ են: Ֆրանսիայում շատ են նաեւ մուսուլման ներգաղթյալները, իսկ մահմեդականացումն էլ վերջին տարիներին դարձել է բնակչությանը հուզող խնդիրներից մեկը. նաեւ հայերին ապաստան տալով` այդ պետությունը, թերեւս, փորձում է հավասարակշռություն պահել ներգաղթած քրիստոնյաների ու մուսուլմանների միջեւ:

Բացի այդ, պարզ է, որ հայերի մեծ հոսքը դեպի Ֆրանսիա` ուղղորդվում է, այն կազմակերպվածության էլեմենտներ պարունակող գործընթաց է, այսինքն՝ Ֆրանսիայում եւ Հայաստանում կան շահագրգիռ կառույցներ կամ անհատներ, որոնք որոշակի գումարի դիմաց կազմակերպում են այն: Այսինքն, մարդկանց արտագաղթը եւս ամենաեկամտաբեր բիզնեսներից մեկն է դարձել:

Այսօր Հայաստանում չկա հստակ վիճակագրություն, թե Հայաստանից մեկնողներից քանիսը հետ չեն վերադառնում եւ արտերկրում դառնում են անօրինական միգրանտներ: Մեր պաշտոնական ցուցանիշները սահմանափակվում են միայն մեկնողների եւ վերադարձողների թվաքանակով, որն էլ պատկերացում է տալիս, թե տվյալ ամիս քանի մարդ է գնացել արտերկիր եւ քանիսը՝ վերադարձել, իսկ դրանց թվաքանակի տարբերությունը ամենեւին էլ չի նշանակում, թե արտերկրում մնացողները անօրինական միգրանտներ են: Նրանք պարզապես կարող են վերադառնալ հաջորդ ամիս, կամ երկարաձգել իրենց վերադարձի ժամկետը:

Մեզ հետ զրույցում ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը եւս հավաստիացրեց, որ նման ցուցանիշ չկա: «Չունենք, եւ դա հնարավոր էլ չէ ունենալ: Նման բան արվում էր խորհրդային տարիներին, երբ մարդը մեկնելուց առաջ դուրս էր գալիս հաշվառումից եւ վերադառնալուց առաջ պարտավոր էր նորից հաշվառման կանգնել: Այդպես հնարավոր էր իմանալ, թե տվյալ անձը վերադարձե՞լ է, թե՞ ոչ: Այսօր նման համակարգ չկա, քանի որ այն տվյալ պետության համար ժողովրդավարական առումով ետընթաց կլինի: Գուցե դա հնարավոր կլինի իմանալ միայն միգրացիոն քարտերի ներդրման միջոցով,- ասում է պարոն Եգանյանը` մանրամասնելով,- Շատերը կարծում են, որ մեր հրապարակած թվերը ներգաղթի եւ արտագաղթի պատկերն են ցույց տալիս, իրականում այն միայն մեկնողների եւ վերադարձողների հաշվարկ է: Այսինքն, մի քանի ամսվա տվյալները համադրելով` միայն կարելի է իմանալ` ավելի շատ գնո՞ւմ են Հայաստանից, թե՞ վերադառնում»: Նշենք նաեւ, որ ի տարբերություն շատ այլ երկրների, որտեղից մարդիկ փախչում են բեռնատարների խցիկներում, նավերով կամ այլ կերպ, Հայաստանից մեկնում են հիմնականում օրինական ճանապարհով: «Դասավորում» են օրինական փաստաթղթեր, ասենք՝ մեկնում են որպես տուրիստ, ապա, վիզայի ժամկետը լրանալուց հետո, դիմում են փախստականների հարցերով զբաղվող գրասենյակներ` ապաստան, սնունդ եւ հագուստ ստանալու ակնկալիքով: Այդ պատճառով շատ դժվար է իմանալ, տվյալ մարդը երկիրը լքում է` վերադառնալո՞ւ, թե՞ այնտեղ մնալու նպատակով: Դրա համար վերջինս առնվազն պետք է անկեղծանա ու խոստովանի, որ ինքը հետ չի վերադառնալու, որպեսզի պետությունը կարողանա հաշվառել, թե քանի անլեգալ բնակիչ ունենք արտերկրում, ինչը, հասկանալի է` անհնարին է:

Ինչեւէ, թե այս տարիներին քանի հարյուր հազար, կամ գուցե միլիոնից ավելի բնակիչ է լքել Հայաստանը, հնարավոր կլինի իմանալ միայն հաջորդ տարի` քանի որ 2011 թվականի հոկտեմբերի 12-21-ը նախատեսված է անցկացնել մարդահամար: Մեր բնակչության տեղաշարժի մասին ինչ-որ չափով կարելի է նաեւ պատկերացում կազմել այս տարի` հոկտեմբերի 21-30-ը Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում, եւ Տավուշի մարզի Գետահովիտ, Խաշթառակ, Աչաջուր եւ Գանձաքար գյուղական համայնքներում անցկացվելիք փորձնական մարդահամարի ժամանակ: Այս համայնքները ընդգրկում են մեր երկրի բնակչության 1 տոկոսը: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանի, կփորձարկվեն կազմակերպչական, մեթոդաբանական բոլոր նորմատիվները` մինչեւ տվյալների ամփոփում եւ ելքային աղյուսակների ստացում: Հանրապետությունում վերջին մարդահամարը անցկացվել է 2001 թվականին: Ու քանի որ այդ ժամանակ ստեղծվել էր մարդահամարի առանձնացված վարչություն, իսկ Կ. Կույումջյանը մեթոդաբանության եւ պլանավորման բաժնի պետն էր, նրանից փորձեցինք նաեւ պարզաբանում ստանալ այն բողոքների առնչությամբ, որ այդ ժամանակ մարդահամարը անցկացվել է իմիջիայլոց, եւ, ինչպես մեզ հետ զրույցում նշել էր ժողովրդագետ, պատմական գիտությունների թեկնածու Համլետ Սարգսյանը, «2001-ի մարդահամարը բնակչության իրական պատկերը ցույց չտվեց, այն կիսատ-պռատ էր: Գնում էին մեկի տուն, 2-3 տող բան էին գրում, հետո հարցնում էին, թե՝ հարեւանդ քանի՞ հոգի է, թիվը գրում էին, ու վերջ»: Կ. Կույումջյանի պարզաբանմամբ` «Ընդհակառակը, այդ մարդահամարը շատ բան վեր հանեց, թեկուզ հենց 90-ականներին երկրից հեռացած բնակչության պատկերը ունեցանք: Հարեւաններից հարցրել ենք միայն փակ դռների պարագայում: Երբ, ասենք, հաշվարարը մարդահամարի անցկացման 10 օրերի ընթացքում մի քանի անգամ գնացել է, եւ տվյալ տան դուռը փակ է եղել: Ճշտելու մի քանի տարբերակներ ունենք, փորձում ենք այլ ճանապարհներով ինֆորմացիա ստանալ, օրինակ՝ համատիրություններից: Բացի այդ, մարդահամարը անցկացվել է միջազգային բոլոր դոնորների եւ աջակցության, եւ վերահսկողության ներքո, քանի որ գումարի 80 տոկոսը նրանց կողմից է տրամադրվել եւ նրանք անպայման հետեւում են, թե իրենց կողմից տրված գումարը ինչպես է ծախսվում»:

Ու քանի որ չկա հստակ վիճակագրություն, թե քանի մարդ չի վերադառնում արտերկրից, ապա պարզ է, որ նախորդ տարվա վիճակագրական տվյալները, ըստ որի՝ մեկնողների եւ վերադարձողների սալդոն դրական է, այսինքն՝ ավելի շատ վերադարձել են, քան մեկնել, դեռեւս չի նշանակում, որ արտերկիրը դադարել է մեր հայրենակիցներր համար հրապուրիչ լինելուց: