Թերեւս միայն Զատիկի նախօրեին է, որ, այսպես ասած` սովորական կանաչ խոտն ունենում է բարձր պահանջարկ ու նույնքան էլ բարձր գին:
Հավի տեսք ունեցող զամբյուղներում աճեցրած խոտն ամենաթանկն է` 1000 դրամ, իսկ խոտի միջին գինը սկսում է 500 դրամից: Բրնձի միջին գինը 550 դրամ է, ընդ որում` երեւանյան շուկաներում ամենաբարձր գինն ունի կլոր բրինձը, որի գինը 700 դրամ է: Այս օրերին որոշակիորեն թանկացել են ձկնատեսակներն ու կանաչեղենը: «Մի 200-300 դրամով է թանկացել: Ամենաթանկը կարմրախայտն ա` կիլոն 4000 դրամ, իսկ իշխանի կիլոն 2000 ա: Դե, ստեռլեցների կիլոն էլ 2500 դրամ ա: Չնայած էսօր շատ քիչ են ձուկ առնողները: Մարդիկ հազիվ բրինձ ու չամիչ են առնում: Ձուկ առնում են մենակ հարուստները»,- ասաց Գումի շուկայում ձկան առեւտրով զբաղվող տիկին Գյուլնարան` վրդովված նայելով իր ռեզինե երկարաճիտք կոշիկներին: «Ես դերձակուհի եմ: Գիտե՞ս` ինչ սիրուն կոստյումներ եմ կարել: 8 տարի ա` աշխատում եմ էս շուկայում: Ի՞նչ Զատիկ: Ո՞ր մի կնոջն ա հաճելի էսպիսի սապոգներ հագնի, ու վրից էլ ամբողջ օրը ձկան հոտ գա: Սա երկիր չի, որ մենք ենք ապրում»ս: «Աշխատե՛ք, տվեք մեզ, ուտենք-խմենք, ճնշենք ձեզ: Էսպես ապրել կլինի՞, այ հորդ Աստծուն մեռնեմ: Ուր գնում եմ` լարում են ինձ: 4-րդ կուրսի ուսանող եմ պահում: Վարձը չենք կարողանում մուծել»,- կեսօրվա արեւից թառամած կանաչու կապերը ցույց տալով` նշեց շուկայի անկյունում կանաչու առեւտրով զբաղվող տատիկը: Վերջինս խուսանավեց ներկայանալ` վախենալով ճնշումներից: Տատիկն արդեն 30 տարի է` զբաղվում է առեւտրով, որից, մասնավորապես, 15 տարին` կանաչու առեւտրով: Հատկապես նախազատիկյան այս օրերին վերջինիս ավելի էր զայրացնում, այսպես ասած, «մարմանդ» առեւտուրն ու կանաչեղենի թանկացումը: «Է՜, այ մարդ, ի՞նչ Զատիկ, ի՞նչ բան: Երկրի վիճակը վատ ա: Գոնե նախորդ տարի էլի կարողանում էինք առեւտուր անել: Հիմա ամեն ինչ թանկ ու կրակ ա: Երկու օրվա ընթացքում թարխունի գինը սարքեցին 100, համեմինը` 200, պետրուշկայինը` 150: Ի՞նչ անեմ` ես ուրիշի կանաչեղենն եմ ծախում: Գալիս ինձնից էլ տեղի փող են ուզում: Չէ՛, հաստատ մեր էս երկրին մենակ քաղաքացիական պատերազմն ա փրկելու»,- ավելացրեց առեւտրով զբաղվող կինը` դիմելով տաղավարի վաճառողներին: Վերջիններս շրջիկ վաճառականներ էին, որոնցից մեկը` օրվա առեւտուր չլինելուց, անխոս դեն նետեց մրգերի մի մասը, հետո հուսահատ նայեց շուրջը: «Առաջ Զատիկն էնքան լավ էինք նշում: Հիմա դրա համար մի քիչ շատ փող ա պետք: Ինչքա՞ն: Դե մի 20.000 դրամ: Ճիշտ ա, հիմա էլ ենք նշում, բայց ոչ էդքան ճոխ: Ձուկ չենք կարա առնել, չրեղենը խայտառակ գների ա հասել, փլավ կսարքենք, գինի կառնենք, ձու կներկենք»,- ասաց Գումի շուկայի գնորդներից տիկին Սիլվան: «Չրեղենի գինը միշտ էլ նույնն ա եղել: Էդ ո՞վ ա ասում, թե թանկացել ա: Ամենաթանկը սեւ սալորն ա ` 4000 դրամ: Դրա գինն էլ նույնն ա մնացել: Ծիրանի չիրը` 3000-3500 ա: Փլավի ընտիր չամիչ ունեմ` 1200 դրամ ա: Բա սրանից էժա՞ն»,- մեկը մյուսի հետեւից ավելացնում էին չրեղենի առեւտրով զբաղվողները, որոնց վաճառասեղաններին գեղագիտական նուրբ ճաշակով շարված չրեղենի կողքով գնորդներն անցնում էին նույնիսկ առանց հայացք ձգելու: «Մարդիկ էսօր ծերը ծերին էլ չեն հասցնում: Գոնե առաջ շուկայում էս օրերին տոնական տրամադրություն էր լինում: Հիմա` չկա: Պարապություն ա: Ոչ թե ապրանքներն են թանկացել, այլ մարդիկ են սնանկացել: Լրիվս աշխատում ենք՝ մի քանի հոգու պահելու համար»,- նշեց տիկին Վարսիկը: Ըստ նրա` սովորաբար Զատիկից առաջ միշտ իրարանցում է լինում, բայց այս տարի մարդկանց սոցիալական վիճակն այնքան է վատացել, որ հազիվ խոտ ու ձու են առնում: Ի դեպ, հավկիթների միջին գինը 40 դրամ է: «Բոլորս էլ լավ գիտենք, որ մեզ մոտ ցանկացած տոնից առաջ թանկացում ա սկսվում: Ամբողջ աշխարհում մինչեւ տոներն ապրանքներն էժանացնում են, մեզ մոտ` հակառակն է»,- հացաբուլկեղենի խանութի մոտ ասաց Ալյոշա պապը, ում ասածները զայրացած էին լսում վաճառողները: «Ախր, իրականում ժողովուրդն ա տուժում: Մեկ ա` վաճառողներն իրենց օգուտը միշտ էլ կունենան»,- հավելեց պապը: «Դե՛, արդեն սովորել ենք: Ի՞նչ անենք: Երկու օր առաջ գազը թանկացրին, հես ա ամեն ինչն էլ կթանկանա: Ինչքան ուզում եք` գրեք, բան չի փոխվելու: Էս վերավաճառողներն ու վաճառողներն իրանց շահի հետեւից են ընկնելու, իշխանությունն էլ` իրա: Էստեղ ո՞վ ա տուժողը»,- անտարբեր հայացքով ընդգծեց գնորդներից մեկը, ում ընկերուհին սաստեց` «անօգուտ» խոսելու համար: «Ի՞նչ ասեմ` ժողովրդին էնքան են խեղդում, որ լեզուդ հազիվ ա պտտվում՝ ասես՝ Քրիստոս ծնավ ի մեռելոցգ»,- նկատեց գնորդներից մեկը` շարունակելով ճանապարհը: «Առաջ շուկայում ասեղ գցելու տեղ չկար, հիմա ոչ միայն ասեղ, այլեւ մախաթ էլ կարելի ա գցել: Էս շարժն էլ, որ տեսնում եք, խաբուսիկ ա` սրանցից շատ քչերն են առնում»,- դժգոհեցին առեւտրով զբաղվողները` հավելելով, որ ապրանքների թանկացման համար ոչ թե իրենք են մեղավոր, այլ` գյուղացիները, որոնցից գնում են բարձր գներով: Մինչդեռ իրականում գյուղացիների հետ հանդիպելով` լսում ես անհավանական գների մասին: Դեռեւս ամիսներ առաջ Ապագա գյուղի բնակիչները հուսահատությամբ էին պատմում, թե ինչպես էին իրենք, այսպես ասած, «ջրի» գնով վերավաճառողներին վաճառում իրենց բերքը: «Գալիս են մեծ մեքենաներով տանում: Բադրիջանը՝ 10 դրամով, կանաչու կապը` 15-30 դրամով, պոմիդորը` 30-40 դրամով»,- թվարկում էին գյուղացիները: