«Սթարը» բորբոսնած յոգուրտ է իրացնում

03/04/2010 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Երեկ խմբագրություն էր դիմել Նոր-Արեշ 35փ. 127/1, բնակարան 19 հասցեի բնակիչ Լարիսա Մաթեւոսյանն` ահազանգելով Երեւանում գործող սուպերմարկետների, մեղմ ասած` անբարեխիղճ գործունեության մասին:

Բանն այն է, որ վերջինիս թոռնիկի` Սեւակ Հակոբյանի մոտ մարտ ամսվա սկզբներից ի հայտ է եկել տարօրինակ քոր, այնուհետեւ ամբողջ մարմնի վրա ցան է առաջացել: Նա դիմել է տեղամասային բժշկին, ներկայացրել է երեխայի հետ կատարվածը: Բժիշկը թեեւ ջրծաղիկի ախտանշաններ է կասկածել, այդուհանդերձ խորհուրդ է տվել երեխայի անալիզները լաբորատոր հետազոտության ենթարկել: «Ամեն օր շատանում էր, երեխան անընդհատ քորում էր, ու ցանն ավելի էր տարածվում: Բժիշկը սուպրաստին ու էլի մի քանի անուն դեղեր էր նշանակել, որ տնային պայմաններում մի քիչ քորը կանխենք: Դեղերը տալիս էինք, բայց չէր հանգստանում»,- պատմում է Լ. Մաթեւոսյանն` ասելով, որ դրանից հետո դիմել է «Արաբկիր» բժշկական կենտրոն, որտեղ մաշկային բժշկի կողմից ստուգման եւ լաբորատոր հետազոտության արդյունքում պարզել են, որ Սեւակի մոտ ալերգիա է սկսվել: «Սթար» սուպերմարկետի մշտական հաճախորդ Լ. Մաթեւոսյանի հավաստմամբ` երեխայի ալերգիայի պատճառը «Սթարից» գնած յոգուրտներն են. «Իրենք ինձ շատ լավ ճանաչում են, որովհետեւ ես մշտապես իրենց մոտից եմ գնումներ կատարում: Սեւակը սովորում է թիվ 30 դպրոցում, այսինքն` Ռայկոմում: Ռայկոմում է գտնվում նաեւ «Սթար» սուպերմարկետներից մեկը, որը հաճախակի ակցիաներ է հայտարարում եւ ապրանքներն էժան գնով վաճառում է: Երեխայի բուժման ընթացքում դեղերը տվել եմ, վրայից էլ յոգուրտով եմ կերակրել, ու դրանից հետո երեխայի մոտ լրիվ կարմիր ցան է առաջացել: Իրականում հենց սկզբից Սեւակիս մոտ յոգուրտից ալերգիա է սկսվել, իսկ ես առանց հասկանալու՝ ամեն օր, օրը 2-3 անգամ յոգուրտ եմ տվել, որից հետո վիճակն ավելի է վատացել»: Ապրիլի 1-ին Լ. Մաթեւոսյանը Ազատության պողոտայում գտնվող «Սթար» սուպերմարկետից կրկին 110 դրամ արժողությամբ յոգուրտը` ակցիայի շրջանակներում գնել է 85 դրամ զեղչով եւ տուն տանելուց հետո ապշահար է եղել: Նա խմբագրություն էր բերել յոգուրտները` ապացուցելու համար, թե սուպերմարկետն ակցիայի անվան տակ ինչպես է «աղբը» վաճառում սպառողին: Յոգուրտի մակերեսն ամբողջովին կանաչ բորբոսով էր պատված, իսկ զանգվածն այնքան թթված էր, որ գարշահոտ էր բուրում: «Դանոն» դեղձի եւ մարակուայի յոգուրտի հայերեն մակնշման վրա գրված է` պիտանելիության ժամկետը մինչեւ 2010թ. ապրիլի 1-ը: Այսինքն` Լ. Մաթեւոսյանի գնած յոգուրտը թեեւ ըստ պիտակի եղել է ժամկետի մեջ, այդուհանդերձ, պարունակությունը բորբոսնած ու թթված էր: «Հասկանո՞ւմ եք, ակցիա են անում ու թափելու ապրանքը ծախում են մարդկանց վրա: Ո՞նց կարելի է, հայտարարում են` իբր ժողովրդի մասին մտածելով ակցիա են անում, բայց ստացվում է` թափելու ապրանքը մեր վրա են սաղացնում: Ես, երկու օր է, երեխային յոգուրտ չեմ տալիս, ու քորն անցնում է: Յոգուրտների կտրոնները վերցրել ու վրդովված հետ եմ գնացել «Սթար»: Սիլվա Մանուկյան աշխատողին ցույց եմ տալիս, ասում եմ` էս ի՞նչ եք անում, երեխաներին թունավորում, ինվալիդ եք սարքում: Արհամարհանքով ասում է` ապրանքդ վերցրու, գնա»,- բարկացած պատմում է Լ. Մաթեւոսյանը: Վերջինս վրդովված է այն հանգամանքից, որ սուպերմարկետի աշխատակիցը` տեսնելով բորբոսնած յոգուրտը, ներողություն խնդրելու փոխարեն՝ իրեն դուրս է հրավիրել եւ թույլ չի տվել հանդիպել տնօրենին: Լ. Մաթեւոսյանը հենց խանութից զայրացած զանգահարեց մեզ եւ խնդրեց թերթի միջոցով հետաքննություն կատարել եւ համոզվել, թե ինչպես են գործարարները աղբը ակցիայի անվան տակ վաճառում սպառողին. «Աշխատողը լսում էր, որ ես թերթի օգնությանն եմ դիմում, դրա համար էլ իրար խառնվեցին: Համարս վերցրին, որ տնօրենին փոխանցեն»: Մամուլով աղմուկ բարձրացնելու վտանգից հետո միայն սուպերմարկետի պատասխանատուները քայլ են արել սպառողի դժգոհությանը հետամուտ լինելու: Լ. Մաթեւոսյանն ասում է, որ հետագայում իրեն է զանգահարել Արմեն անունով մի տղա, ներկայացել է «Սթար» սուպերմարկետի տնօրեն եւ հորդորել է թերթում բողոք չներկայացնել. «Սկսեցին արդեն իրենք իմ հետեւից ընկնել, բա թե` մենակ թերթի մի տվեք: Ասում եմ` ախր դուք էլ երեխա ունեք, հասկանո՞ւմ եք, թե ինչ եք անում: Երեխաս արդեն ինչքան ժամանակ ա՝ քորից տառապում է, ընկել ենք հիվանդանոցի դռները: Թերթի չտանք, որ մյուս երեխեքի՞ն էլ էս օրը գցեք»: Երեկ մենք զանգահարեցինք «Սթար» սուպերմարկետի տնօրեն ներկայացած Արմենին: Վերջինս միայն ասաց. «Կներեք, խոսելու բան չունեմ»: «Danone» արտադրության յոգուրտների հայերեն մակնշման վրա նաեւ տեղեկատվություն կա ներկրող ընկերության մասին: Հետեւաբար՝ այս ֆիրմայի յոգուրտները Հայաստան է ներկրում «Վալլետտա» ընկերությունը: «Սթար» սուպերմարկետների ցանցի պատասխանատու Վահե Յայլոյանից մենք նաեւ պարզեցինք, որ «Վալլետտա» ընկերության սեփականատերը հանդիսանում է նաեւ «Սթար» սուպերմարկետների ցանցի սեփականատերը: Վ. Յայլոյանից հետաքրքրվեցինք` «Փաստորեն «Վալլետտայի» բորբոսնած ապրանքն իրացնում է «Սթարը», որովհետեւ ապրանքատեսակի թե՛ ներկրողը եւ թե՛ վաճառողը միեւնույն սեփականատե՞րն է»: Ի պատասխան, նա ասաց. «Ես կարող եմ Ձեզ վստահեցնել, որ յոգուրտը մի դեպքում կարող էր բորբոսնած լինել` եթե մեջը օդ է անցել: Եթե 1-2 յոգուրտ բորբոսնած է` չի նշանակում, որ այդ ապրանքը փչացած է: Դա կարող էր հաճախորդի անփութության կամ կոնկուրենտների անբարեխիղճ մրցակցության արդյունք լինել: Մենք այդ կնոջն այդքան ներողություն խնդրեցինք, բայց եթե եկել, բողոքել է` ի՞նչ ասեմգ»: Հարցին, թե` յոգուրտի պիտանելիության ժամկետ է նշված ապրիլի 1-ը, եւ արդյո՞ք ոչնչացվել է առեւտրի կետերում վաճառվող խմբաքանակը` վերջինս պատասխանեց. «Այո՛, եթե ժամկետն անցնում է` մենք թափում ենք»: