Կհանդիպեն ապրիլի 24-ին

03/04/2010

Անկարայի «Մտքի ազատության նախաձեռնությունը» ապրիլի 24-ին եւ 25-ին` Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի օրը, Թուրքիայում կազմակերպում է հայ եւ թուրք մտավորականների հանդիպում: Թուրք գրող, մարդու իրավունքների պաշտպան Սայիթ Չեթինը համոզված է, որ երկու ազգերի միջեւ խնդիրը կարող է լուծվել միմիայն երկխոսության միջոցով: Նրա դիտարկմամբ` Հայաստանին եւ Թուրքիային վերաբերող խնդիրները քննարկվում են աշխարհի տարբեր մայրաքաղաքներում, քանի որ «մենք ինքներս չենք կարողանում բանակցել»: «Արեւմուտքի անկեղծությունը վիճելի է, իսկ Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը»,- նկատել է թուրք գրողը: Համաժողովի մասնակիցները հանդիպումների ընթացքում կքննարկեն Հայոց ցեղասպանությանը նախորդած ու հաջորդած դեպքերը, դրանց քաղաքական հետեւանքները: Թուրք գրող Թեմել Դեմիրերը կարեւորել է նման երկխոսության անհրաժեշտությունը: Նշելով, որ Թուրքիայում պաշտոնական գաղափարախոսությունը փորձում է կոծկել պատմությունը, ասել է. «Մենք` որպես թուրք մտավորականներ, ցանկանում ենք տեսնել ճշմարտությունը»: «Ես չեմ մեղադրում այն մարդկանց, ովքեր ասում են, որ ցեղասպանություն չի եղել: Եթե կա խոսքի ազատություն, ապա յուրաքանչյուրը պետք է հարգի ուրիշի ազատ խոսքի իրավունքը»,- հավելել է Դեմիրերը: Թուրքիայի Մարդու իրավունքների պաշտպանության ասոցիացիայի անդամ, թուրք այլախոհ մտավորական, հրատարակիչ Ռագըփ Զարաքօլուն էլ նշել է, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նմանատիպ համաժողովներ անցկացվում են Թուրքիայում միայն 2005-ից հետո: «Դա այն տարին էր, երբ բազմաթիվ տաբուներ սկսեցին քննարկվել: Դրանից առաջ անհնար էր»,- ասել է Զարաքօլուն: Բացի թուրք գրողներ Չեթինից, Դեմիրերից, Զարաքօլուից, Անկարայում կայանալիք համաժողովին ներկա կլինեն ակադեմիկոս, լեզվաբան եւ գրող Սեւան Նիշանյանը, Անկարայի համալսարանի պրոֆեսոր Բասքըն Օրանը, ԱՄՆ-ում գործող «Armenian Weekly»-ի ներկայացուցիչ Խաչիկ Մուրադյանը: