Լինելով ժողովրդական երկրի քաղաքացի, ինձ իրավունք եմ վերապահում դիմել իմ հարազատ Ազգային ժողովին։ Մի քանի օր առաջ մի երիտասարդ քաղաքական գործիչ հեռուստաէկրանից բացատրում էր մեզ, որ մեկ անձը, որի բյուջեն կազմում է 30.000 դրամ, գազի թանկացման պատճառով կորցնելու է ընդամենը 2000 դրամ, եւ, որ այդ չնչին գումարը չարժե որ դառնա խոսակցության առարկա։ Վերջերս ռադիոյով հաղորդում էր հեռարձակվում Շվեյցարիայում օրենքների եւ դրանց փոփոխության ընդունման կարգի մասին։ «Կույրերի մասին» օրենքը քննարկելուց առաջ երկրի առողջապահության նախարարը պարտավոր էր 2 օր աչքերը կապած ապրել: Կարծում եմ` գլխի եք ընկնում՝ ինչու։ Բարեկեցության, օրենքները հարգելու կամ շատ ուրիշ հարցերում, կարծում եմ, մենք չենք կարող համեմատվել Շվեյցարիայի հետ (առայժմ)։ Բայց առանց կյանքը վտանգելու ինչ-որ բաներ կարող ենք ընդօրինակել։
Առաջարկում եմ կատարել մի փոքր փորձ. մեր հանրապետության էկոնոմիկայի, ֆինանսների նախարարները եւ մի քանի հարգելի պատգամավորներ, որոնք գոնե իրենք իրենց հայրենասեր տղամարդ են համարում (օրինակ՝ Արթուր Բաղդասարյանը, Հովիկ Աբրահամյանը), առանձնացնեն իրենց բյուջեից 30.000 դրամ, հանած 2000 դրամ (գազի թանկացում)=28.000 դրամ։ Այդ գումարից վճարեն մեկ անձին հասանելիք մինիմալ կոմունալ վարձերը եւ մնացած գումարով, առանց որեւէ օգնության դիմելու, առանց սեփական մեքենայից օգտվելու` ապրեն մեկ շաբաթ (ոչ թե մեկ ամիս, ինչպես մենք ենք պարտավորված)։ Առաջարկում եմ՝ փորձը ավարտելուց հետո արդյունքները, կտրոնները եւ իրենց տպավորությունները ներկայացնեն Ազգային ժողովին։
Ժողովրդին կհետաքրքրեն միայն տպավորությունները, քանզի մնացածը մեզ քաջ հայտնի է սեփական փորձից։
Հարգանքով՝ Սուսաննա ՎԱՐԴԱՆՅԱՆ
Երեւան, Աբովյան 32, բն. 20