«Սիրային եռանկյունու» հետեւանքները

03/04/2010

Ըստ «Ազատության», քննիչներն ուսումնասիրում են վարկած, ըստ որի` Հոլիվուդում հայկական ընտանիքի երեք անդամների սպանությունների շարժառիթը կարող էր կապված լինել «սիրային եռանկյունու» հետ, որում ներգրավված լիներ ընտանիքի անդամներից մեկը: «Եղել են սիրային հարցեր»,- «Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ, ասել է Լոս Անջելեսի ոստիկանության քննիչ Դան Մայերսը` առանց մանրամասներ ներկայացնելու: Նա ընդգծել է, որ դա առայժմ վարկած է, որը ուսումնասիրվում է: Հիշեցնենք, որ 38-ամյա Կարինե Հակոբյանը սպանվել է մարտի 26-ին, նրա ամուսինը` 43-ամյա Խաչիկ Սաֆարյանը, եւ դուստրը` 9-ամյա Լուսինեն սպանվել էին ավելի քան մեկ տարի առաջ` 2008 թվականի դեկտեմբերի 11-ին: Երկու դեպքում էլ սպանվածների մարմինները հայտնաբերել էր Հակոբյանի եւ Սաֆարյանի 14-ամյա դուստրը: Քննիչ Մայերսը հայտնել է, որ ողջ մնացած աղջկան ոստիկանությունը պաշտպանություն է առաջարկել եւ պարեկություն է սահմանել տան շրջակայքում: Հակոբյանը եւ Սաֆարյանը ամուսնացել են Երեւանում եւ Միացյալ Նահանգներ էին տեղափոխվել 2003 թվականին: