Վիրտուալ առաջարկ

01/04/2010

«Ժառանգություն» կուսակցության ընդդիմադիր եւ իշխանական 5 քաղաքական ուժերին ներկայացված երկխոսության կոչին երեկ արձագանքել են քաղաքական ուժերը: Հիշեցնենք, որ «Ժառանգությունը» Հայ Ազգային կոնգրեսին, ՀՅԴ-ին եւ իշխանական ՀՀԿ, ԲՀԿ ու «Օրինաց Երկիր» կուսակցություններին առաջարկում է ստեղծել քաղաքական ոչ ֆորմալ կենտրոն` կլոր սեղանի ձեւաչափով, ընդդիմության ու իշխանության հավասար ներկայությամբ, եւ համատեղ քննարկել այս ուժերին հուզող բոլոր հիմնական խնդիրները ու գալ ընդհանուր հայտարարի: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ ասել է, որ Հանրապետականը մտադիր չէ միանալ այդ քննարկումներին: Ըստ Շարմազանովի՝ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ քննարկումների պրակտիկա արդեն գոյություն ունի, եւ, եթե անհրաժեշտություն լինի, Ս. Սարգսյանն ինքը քաղաքական ուժերին կհրավիրի խորհրդակցության: ՀՅԴ-ն դեռեւս չի քննարկել «Ժառանգության» առաջարկը: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը երեկ ասել է, որ այն կքննարկվի պաշտոնապես ստանալուց հետո: Իսկ ՀՀՇ վարչության փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանը անդրադառնալով «Ժառանգության» առաջարկին՝ երեկ ասել է. «Քաղաքականության մեջ վիրտուալ առաջարկություններ չարժե անել: Ներողություն եմ խնդրում ձեւակերպման համար: Քաղաքական կուսակցությունները եւ քաղաքական ուժերը զբաղվում են քաղաքական պրոցեսներով, իսկ զուտ քաղաքագիտական ժողովներ հրավիրելով, կարծում եմ, գիտնականները պետք է ընդհանրապես զբաղվեն: Իսկ պետք է համախմբվեն այն քաղաքական ուժերը, որոնք միասին քաղաքական խնդիր կարող են լուծել: Մասնավորաբար շատ դժվար է պատկերացնել, որ իրենց առաջարկած այդ ցանկի մեջ շատ կուսակցություններ միեւնույն խնդրի շուրջ նույն մոտեցումներն ունենան: Տասնյակ կետեր կարող ենք հենց հիմա նշել` արտաքին քաղաքականության հետ կապված, ներքին քաղաքականության, որ 3 կուսակցություններ միասին նույն կերպ չեն մոտենում այդ խնդրին: Այսինքն, ի սկզբանե պարզ է, որ դա զուտ PR-ի համար է արվում, այլ ոչ թե գործնական նպատակ հետապնդելու առումով… Երեք խնձոր երկու արկղի մեջ հնարավոր չէ այնպես տեղավորել, որ մեկում գոնե 2-ից ավելի չլինի»: