Կայարան երկուսի համար

01/04/2010

Երեկ ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը հայտարարել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրավերը` մասնակցելու ապրիլի 12-13-ը Վաշինգտոնում կայանալիք Միջուկային անվտանգության գագաթաժողովին: «Պատահական զուգադիպությամբ» այդ հայտարարությունն արվել է գրեթե նույն ժամին, երբ թուրքական լրատվամիջոցները տեղեկություններ տարածեցին, որ այդ երկրի վարչապետ Ռեջեփ Էրդողանը փոխել է ԱՄՆ չմեկնելու մասին իր որոշումը եւ մասնակցելու է այդ գագաթաժողովին: Այսինքն` մեծ է հավանականությունը, որ այդ օրերին Վաշինգտոնում կարող է կայանալ Սարգսյան-Էրդողան հանդիպումը: Ակնհայտ է, որ հենց դա էր Ս. Սարգսյանին ԱՄՆ հրավիրելու Օբամայի նպատակը: Եվ եթե այդ հանդիպումը կայանա, դա ծառայելու է ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների խորացմանը (ինչպես փորձելու են ներկայացնել կողմերն ու պաշտոնական քարոզչամիջոցները), այլ հնարավորություն է տալու, որ Բարաք Օբաման այս տարի եւս ապրիլի 24-ի իր ուղերձում չարտասանի «ցեղասպանություն» բառը` հղում անելով ոչ միայն ստորագրված արձանագրություններին, այլ նաեւ «օրերս կայացած կառուցողական հանդիպմանը»: Ամենայն հավանականությամբ, հենց այս պայմանավորվածությունն է Էրդողանին ստիպել փոխել իր որոշումը եւ մեկնել ԱՄՆ: