«Հայաստանը մաքուր ընտրություններ չի սիրում»,- կարծում է ամերիկահայ քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը

01/04/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

– Ի՞նչ տեղի ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցելության արդյունքում: Թվում էր, թե ՀՀ իշխանությունները պետք է պատասխան տային նորացված Մադրիդյան սկզբունքների առնչությամբ, բայց այդ մասին կոնկրետ հայտարարություն չեղավ:

– Սկզբում մենք Ադրբեջանի նկատմամբ նորացված ուշադրություն տեսանք: Դա հետաքրքիր քաղաքական թատրոն էր Մինսկի խմբի շրջանակում. այս հակամարտության ընթացքում Ադրբեջանն իբր առաջին անգամ համաձայնություն տվեց Մադրիդյան նորացված սկզբունքներին: Եվ նորություն էր, որ Հայաստանն իբր համաձայն չէր: Իմ կարծիքով՝ դրա իմաստն այն էր, որ ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացն ավելի կապվի Հայաստան-Թուրքիա գործընթացին: Մինսկի խումբը հիմա կփորձի ԼՂՀ գործընթացում առաջընթաց կամ առաջընթացի տպավորություն ստեղծել, որ նոր կայծ տա հայ-թուրքական արձանագրություններին: Բայց արդեն պարզ է, որ այդ արձանագրությունները մեռել են: Բայց այս անգամ այնքան մտահոգ չեմ, որ Հայաստանը կթուլանա, կամ Ադրբեջանն ավելի հաղթանակ կունենա այս գործընթացում: Ավելի վտանգավոր վիճակն այն է, որ Ադրբեջանն ինչպես միշտ սպառնում է եւ շատ ավելի ագրեսիվ է, որ նոր պատերազմ կսկսվի:

– Թուրքիայի ազդեցությունը մե՞ծ է Մինսկի խմբի վրա, որ արձանագրությունները կյանքի կոչելու համար փորձում է ԼՂՀ հարցում Ադրբեջանի օգտին առաջընթաց գրանցել:

– Այո եւ ոչ: Մինսկի խումբն ինչ-որ առաջընթաց է փնտրում, որ Թուրքիային ներկայացնի: Սա նոր բան չէ եւ չի օգնում Թուրքիային: ԼՂՀ-ն կապ չունի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետ: Թուրքիան իր որոշումով արձանագրություններից հանեց ԼՂՀ-ի պահանջը: Այնտեղ ԼՂՀ-ի մասին որեւէ նշում չկա, եւ հիմա Թուրքիան փորձում է կապել այդ խնդիրները: Բայց Վաշինգտոնը եւ Մոսկվան ընդունելի չեն համարում այդ պահանջը: Իսկ Թուրքիան փորձում է ԼՂՀ-ն որպես նախապայման ներկայացնել երկու` իր ներքին քաղաքականության եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները վերականգնելու պատճառով: ՀՀ-ի հետ հաշտության գործընթաց սկսելով` Թուրքիան թերագնահատում էր Ադրբեջանի արձագանքը: Թուրքիան այնքան էլ համոզված չէ, թե որեւէ բան կարող է սպասել ԼՂՀ հարցում, բայց քաղաքական տեսանկյունից պահանջներ ներկայացնելու կարիք ունի: Մյուս կողմից էլ՝ արձանագրությունները Թուրքիայի եւ Հայաստանի խնդիրն են, եւ խնդիրը Թուրքիայի մեջ է: Այդ երկիրը երկընտրանքի մեջ է եւ չի կարող վավերացնել երկու պատճառով: Նախ` դեռ որոշում չի կայացրել, թե իրականում ինչ է ուզում ՀՀ-ից: Բացի այդ, Թուրքիան կարող է սպասել 1-2 տարի, ՀՀ-ն ասում է, թե հիմա պետք է անեք: Թուրքիան չի դադարում փորձությունների ենթարկել Հայաստանին: Թուրքիան այնքան էլ որպես ազնիվ համագործակցող հանդես չի գալիս: Նոր ծրագրեր է մշակում իր համար, որն այնքան էլ չի բավարարում ԱՄՆ-ին: Ոչ էլ Եվրոպան է գոհ: Թուրքիան հիմա ավելի մոտ է Իրանին եւ Ռուսաստանին:

– Այսօր Թուրքիան կարո՞ղ է ճնշում գործադրել ԱՄՆ-ի կամ Եվրոպայի նկատմամբ, եւ արդյոք այս տերությունները զգուշանո՞ւմ են Թուրքիայից:

– Իհարկե, նրանք մտահոգ են, որովհետեւ վախենում են կորցնել Թուրքիային: Նաեւ խնդիրն այն է, որ Թուրքիան ետ է մղվում Արեւմուտքից եւ ավելի շատ իսլամական կառավարություն է: Իսկ ՀՀ-ն կարող է լինել ավելի բարձր դիրքերում, քանի որ ամբողջ ճնշումը Թուրքիայի վրա է: ՌԴ-ի դեպքում ՀՀ-ի ու ԼՂՀ-ի համար վտանգը այդ երկրի ու Ադրբեջանի մերձեցումն է: ՌԴ-ն ու Թուրքիան մոտ են, բայց նրանք դեռ բնական թշնամիներ են, որոնք կռվում են այս տարածաշրջանի համար:

– Բայց չէ՞ որ Հայաստանն է ՌԴ-ի ռազմավարական դաշնակիցը: Հայաստանն է անդամակցում ՌԴ-ի ստեղծած կառույցներին:

– ՌԴ-ն ունի Հայաստանը, նա ուժեղ է Հայաստանում: Հիմա ՌԴ-ի համար հեշտ կլինի Ադրբեջանին իրենով անել: Հայաստանը պատասխան չունի այդ ամեն ինչին:

– Այնուամենայնիվ, ի՞նչ վիճակում են հայտնվել մեր իշխանություններն իրենց նախաձեռնողական քաղաքականության արդյունքում:

– Հայաստանը հույս ուներ, որ մեծ հաջողության կհասնի արտաքին քաղաքականության մեջ: ՀՀ իշխանությունն արեց այն ամենը, ինչ կարող էր անել, եւ պարտավոր չէ ավելին անել: Այդ ամբողջ բեռը հիմա Թուրքիայի ուսերին է: Եվ Թուրքիան ձախողեց: Իսկ ՀՀ իշխանության համար ավելի դժվար կլինի անել որեւէ բան ԼՂՀ-ի առաջընթացի համար: ՀՀ-ն ունի ռազմավարական երկու հաղթանակ` ԼՂՀ-ն այլեւս նախապայման չէ հայ-թուրքական հարաբերությունների համար: Անգամ ԱՄՆ-ը եւ ՌԴ-ն են ասում, որ ԼՂՀ-ն ներգրավված չէ արձանագրություններում: Դա մեծ հաղթանակ է ՀՀ-ի համար: Երկրորդ հաղթանակն այն է, որ Թուրքիան կորցրեց հնարավորությունը եւ չարդարացրեց սպասելիքները: Կարճ ասած, հայ-թուրքական արձանագրությունները միակ խնդիրն է տարածաշրջանում, որտեղ ԱՄՆ-ը, ՌԴ-ն եւ Եվրոպան համամիտ են: Այս երեքը միասին աջակցում են ՀՀ-ին եւ հիասթափված են Թուրքիայից: Այսպիսով՝ ՀՀ-ն ուժեղ դիրքերում է: Երկրորդ քայլն այն է, որ ՀՀ-ն ավելին կարող է ձեռք բերել, եթե վավերացնի արձանագրությունները: Անգամ, եթե դա Թուրքիան չանի: Դա միգուցե ՀՀ-ին բերի ռազմավարական մեծ ուժ:

– Ամեն դեպքում Թուրքիան ԼՂՀ հարցը կապում է ՀՀ-ի հետ հաշտեցման գործընթացի հետ: Իսկ մեր իշխանությունները հայ-թուրքական գործընթացը սկսելով` կարծես թե այդ երկրին ներքաշեցին ԼՂ հարցի բանակցային գործընթացի մեջ:

– Դրանք պարապ խոսքեր են: Թուրքիան չի ուզում Ադրբեջանին կորցնել եւ կարծում է, թե սխալ է թույլ տվել` Ղարաբաղը արձանագրություններում չներառելով: Հիմա փորձում է ուղղել իր սխալները, բայց արդեն շատ ուշ է, չի հաջողվում Ղարաբաղը ներառել արձանագրություններում: Իսկ այդ հայտարարություններն արվում են ներքին քաղաքականության եւ Ադրբեջանին շահելու համար: Ամենակարեւորն այն է, որ պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ-ը, Եվրոպան եւ ՌԴ-ն Թուրքիային ասում են՝ ՈՉ, ԼՂՀ հարցը առանձին է:

– Իսկ ԼՂՀ գործընթացում Մինսկի խումբն ավելի շատ ԼՂՀ ինքնորոշմա՞ն, թե՞ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքին է հակված:

– Անգամ Մինսկի խումբը հիմա գիտի, որ ԼՂՀ-ն չի կարող վերադառնալ Ադրբեջան: Նրանք փորձում են գտնել որեւէ ելք Ադրբեջանին համոզելու համար: Եվ հիմա Մինսկի խումբը կենտրոնացած է ոչ թե ԼՂՀ-ն, այլ հարակից տարածքները վերադարձնելու վրա: Իսկ Մադրիդյան սկզբունքները կարեւոր չեն, դա խաղաղության պայմանագիր չէ, ընդամենը սկզբունքներ են, որպեսզի դրանց շուրջ բանակցեն: Դա ոչ Ղուրան է, ոչ էլ Աստվածաշունչ:

Իսկ վտանգն այն է, որ Ադրբեջանը հիմա շատ հեռու է գտնվում այդ խնդրից եւ ուզում է ամեն ինչ: Մինսկի խմբի համար հիմա կարեւոր է գտնել մի միջոց, որի դեպքում Ադրբեջանն ընդունի ԼՂՀ-ի կորուստը: Բայց դա չի նշանակում, որ նրանք ավելի հայամետ դիրքորոշում ունեն: Նրանք ավելի ռեալ են մտածում, փաստն են արձանագրում: Իրականությունն այն է, որ Ղարաբաղը Ադրբեջանին վերադարձնելու ցանկացած միտում տանում է միայն դեպի պատերազմ:

– Իսկ հավանական համարո՞ւմ եք, որ ԼՂՀ հարցը առաջիկայում լուծվի, որովհետեւ աշխուժացել են բանակցությունները, հանդիպումները, այցերը: Հաճախակի են դարձել այդ մասին միջազգային կառույցների հայտարարությունները:

– Դա միշտ էլ ասվել է Մեթյու Բրայզայի ժպիտով: Մինսկի խմբի դիվանագետները տարիներ առաջ երբ սկսեցին աշխատել, միշտ ասում էին, թե սա վերջին տարին է, մոտ ենք լուծմանը եւ այլն: Քաղաքական թատրոն են սարքում, իբր իրենք կարեւոր են, եւ գործընթացը կարեւոր է: Ուզում են ցույց տալ, որ իրենք ներգրավված են բանակցային գործընթացին, որ ՀՀ-ին ու Ադրբեջանին պահեն բանակցային սեղանի շուրջ: Մինչդեռ ԼՂՀ խնդրի լուծման բանալին ԼՂՀ-ին բանակցություններին ներգրավելն է: Իսկ ՀՀ նախկին նախագահը հենց այն մարդն էր, ով Ղարաբաղին հանեց բանակցություններից: Դա իր անձնական որոշումն է եղել: Եվ Ադրբեջանը չի ցանկանում, որ ԼՂ-ն վերադառնա: Եթե Մինսկի խումբը ուզում է հաջողության հասնել, պիտի հասկանա, որ միակ ճանապարհը ԼՂՀ-ին բանակցություններ վերադարձնելն է:

– ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ԼՂՀ ինքնորոշման դիմաց կարելի է զիջել հարակից շրջանները:

– Ս.Սարգսյանը հարցազրույցում որեւէ նոր բան չի ասել: Դա ՀՀ պաշտոնական քաղաքականություն է, որն ավելի մեծ ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա: Թեեւ չեմ կարծում, որ խելացի է հետ տալ բոլոր տարածքները: Կան երկու նույնատիպ դասեր` արձանագրությունները եւ Ադրբեջանը: ՀՀ-ն ուժեղ դիրքում է, բայց ավելի ուժեղ քաղաքականության կարիք կա: Անկախ այն հանգամանքից, թե ինչ է կատարվում Թուրքիայի կողմից, հաջորդ անգամ ՀՀ-ն պետք է նախապայման առաջադրի, որովհետեւ Թուրքիան եւ Ադրբեջանը գնահատում են միայն ուժը: Արձանագրություններն արդեն մեռել են, Թուրքիան սպանեց դրանք: Հայ-թուրքական դիվանագիտությունն այսօր փորձում է արձանագրությունների կողքով անցնել: Այդ պատճառով էլ ՀՀ-ն միգուցե վավերացնի արձանագրությունները, որպեսզի խառնաշփոթ ստեղծվի Թուրքիայում: Մենք պետք է վավերացնենք, որովհետեւ Թուրքիան այն չի անի: Բայց չպետք է ետ վերցնել ստորագրությունը, որովհետեւ կնմանվենք Թուրքիային: Եթե վավերացնենք՝ միգուցե մեր դիրքերն ավելի շահեկան լինեն:

– ՀՀ իշխանություններն էլ Ձեզ նման ասում են, թե նախաձեռնողական քաղաքականության արդյունքում ավելի շահեկան դիրքերում են հայտնվել:

– Իշխանության ներսում քննարկումներ են գնում, մեծ մասը նախագահին ասում է՝ հանի ստորագրությունը, մյուս մասը ասում է՝ վավերացրու: Ես չեմ կարծում, թե կիսվում են մեր կարծիքները, ես իմ գաղափարն եմ տալիս:

– Տեսնո՞ւմ եք արտահերթ ընտրությունների հավանականություն:

– Ամեն ինչ հնարավոր է: Արտահերթ ընտրությունները միգուցե մի փոքր անսովոր լինեն ՀՀ-ի համար: Դժբախտաբար ՀՀ-ն մաքուր ընտրություններ չի սիրում: Սա միգուցե կուսակցությունների պայքար է իշխանության մեջ, բայց ոչ անկեղծ պայքար՝ արդար ընտրությունների համար: Կարծում եմ, որ մենք դեռ ունենք մի չլուծված խնդիր` Մարտի 1-ը: Մեծ է քաղաքական բեւեռացումը, տնտեսականը` նույնպես: Եվ չի զգացվում, որ այս խնդիրները լուծում են: Երկխոսության կարիք կա, բայց ոչ ոք մարդկանց չի լսում: ՀՀ-ում վերջին արդար ընտրությունը եղել է առաջին ընտրությունը:

– Ի՞նչ է սպասվում Ս. Սարգսյանին Ամերիկայում:

– Նա միջոցառման է հրավիրված Վաշինգտոն, բայց հրավիրված չէ Սպիտակ տուն: Հրավերքի երկրորդ նպատակը հայ-թուրքական գործընթացն է, բայց ոչ ԼՂՀ հարցը: Այո, ԱՄՆ-ը դեռեւս ճնշում է գործադրում Թուրքիայի եւ ոչ թե մեզ վրա: Վաշինգտոնի միջոցառման մեջ ներգրավվեց հայ-թուրքական խնդիրը, որովհետեւ նրանք փորձում են ՀՀ-ին ու Թուրքիային նորից հանդիպեցնել, արձանագրություններին նոր կյանք տալ: Մյուս կողմից էլ՝ հայ-թուրքական գաղտնի դիվանագիտությունը ընթացքի մեջ է: Նախ՝ Կիեւում, հետո՝ Սիրիայում, հիմա էլ՝ Վաշինգտոնում: Պատահականություն չէ, որ մեր երկու երկրների պատվիրակները նույն ժամանակ գնացին Կիեւ եւ Սիրիա: Անկախ ԱՄՆ-ից էլ հայերն ու թուրքերը փորձում են ելք գտնել: Պատահականություն չէ, որ Թուրքիան հիմա ուզում է մշակութային նախաձեռնություններ անել: Անցած շաբաթ Թուրքիայի պաշտոնական անձինք Հայաստանում էին: Այսինքն՝ արձանագրությունները շրջանցելով են փորձում ելք գտնել: