Վերջ «մրցավազքին»

01/04/2010

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հույս է հայտնել, որ առաջիկա շաբաթների ընթացքում ՄԱԿ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի Իրանի նկատմամբ:

Սպիտակ տանը ելույթ ունենալով Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ համատեղ մամուլի ասուլիսում, Օբաման ասել է, թե ներկայումս պաշտոնական Վաշինգտոնը համապատասխան աշխատանք է տանում իր գործընկերների հետ` Թեհրանի նկատմամբ նոր` արդեն թվով չորրորդ պատժամիջոցները սահմանելու համար: «Հույս ունեմ, որ այդ որոշումը կկայացվի գարնանը: Կցանկանայի, որպեսզի այդ ռեժիմը սկսեր գործել առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում»,- հայտարարել է Բարաք Օբաման: Իր հերթին Նիկոլա Սարկոզին նշել է, որ Իրանն այլեւս չի կարող շարունակել իր «խելագար մրցավազքը»: «Որոշումներ կայացնելու ժամանակն է: Իրանն այլեւս չի կարող շարունակել իր խենթ մրցավազքը»,- ասել է Սարկոզին` վստահեցնելով, որ կբանակցի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունի հետ, որպեսզի եվրոպական բոլոր երկրներն աջակցեն Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման հարցում: