Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներից կազմված «Ազատամարտի եղբայրություն», «Ղարաբաղի պատերազմի վետերաններ» եւ «Դաշտային հրամանատարների խորհուրդ» կազմակերպությունները երեկ հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Շուրջ մեկ ամիս առաջ մենք ՀՀ իշխանություններին ներկայացրեցինք Հայաստանի, ինչպես եւ աշխարհասփյուռ հայության կենսական շահերը շոշափող միջպետական` հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքը հնարավորինս գաղտնազերծելու պահանջը: Մենք քաջ գիտակցում ենք, որ Հայաստանում գործող կասկածելի լեգիտիմության իշխանությունը չունի վստահության այն բարձրագույն աստիճանը, որ հայ ազգը կուրորեն հավատա նրան: Մեր բոլոր հորդորների եւ պահանջների արդյունքում իշխանությունների կողմից առ այսօր չկա ոչ մի արձագանք: Համանման իրավիճակներում բանակցային գործընթացը փակ պահելու անթափանց գաղտնապահությունը իմաստալից է միայն այն դեպքում, երբ կա օտարների հետ գործարքի արդյունքում սեփական հասարակության շահը ոտնահարելու նպատակ: Կարգավորման այսպիսի գործընթացները կարող են հեռուն գնացող ծանրագույն հետեւանքների հանգեցնել, ինչից ելնելով մենք մտադիր չենք համբերել այնքան ժամանակ, որ կանգնենք արդեն միջազգայնորեն ճանաչված փաստի առաջ: Արտաքին քաղաքականության կայունության ու անկախության հիմնասյունը արդարացի ու արդյունավետ ներքին քաղաքականությունն է, սակայն փաստենք, որ այս դաշտում եւս իշխանության որդեգրած ուղին իր ամենօրյա դրսեւորումներով մեր հայրենիքը քայլ առ քայլ մոտեցնում է անկման շեմին, ինչից ելնելով համոզված ենք, որ այս իշխանությունը արտերկրում ի զորու չէ հավուր պատշաճի ներկայացնել հայ ժողովրդի հավաքական շահը: Հասարակության հետ կարեւորագույն խնդիրների շուրջ երկխոսության դաշտի բացակայությունը եւս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի իշխանության եւ պետությունը կրող ազգի միջեւ չկա հաղորդակցություն, հետեւաբար նաեւ` վստահություն: Այսօր Հայաստանում իշխանությունը վեր է ածվել մարմնից կտրված գլխի, որի գործողությունների առանցքը սեփական իշխելատենչին հագուրդ տալու ձգտումն է, այլ ոչ թե ազգի շահը սպասարկելը: Հասարակության պահանջների հանդեպ իշխանության բացարձակ բթացման եւ հակաժողովրդական քաղաքականություն որդեգրելու աններելի դրսեւորում է աղքատացումից հյուծված ժողովրդին նոր, ավելի ծանր հարկային բեռ եւ տնտեսական իրավիճակ պարտադրելը: Երբ խոսքը վերաբերում է մեր` ազատամարտիկներիս շահերին, մենք կարող ենք լռել` պատվից ցած համարելով մեր աննախանձելի հասարակական ու տնտեսական վիճակից բողոքելը, սակայն որպես հայ ժողովրդի զավակներ, մենք չենք կարող անտարբեր մնալ լայն հասարակական խավերի, իսկ որոշ դեպքերում՝ ողջ հասարակության շահերի ոտնահարման հարցում: Այսօր ակնբախ երեւում է, որ իշխանության քաղաքականության արդյունքը լինելու է աղբարկղերում իրենց հանապազօրյա հացը որոնող մեր հայրենակիցների քանակի բազմապատկումը: Հայրենակիցնե՛ր, Ղարաբաղյան ազատամարտում հաղթանակ տարած սերնդին բաժին հասած այս նվաստացումն ու անարդարացիությունը արդյունքն է իշխանությունների գիտակցված եւ նպատակային քաղաքականության: Ցավով պետք է նշենք, որ ստեղծված իրավիճակը խարտոցի նման մաշում է բարոյական վեհ արժեքների վրա հիմնված հայ ժողովրդի ոգեղեն էության առանցքը: Ազատամարտիկներս համոզված ենք, որ հայ ժողովրդի պատմական քառուղիներում մեր սերունդն իրականացրել է լրջագույն փոփոխություններ` արյուն թափելով ռազմադաշտերում եւ զրկանքների դիմանալով թիկունքում, եւ մենք չենք կարող հանդուրժել, որ համազգային ճիգերի ու կորուստների գնով ձեռք բերածը փոշիացվի եւ փլուզման բերվի խաղաղ պայմաններում: Ուստի, եւս մեկ անգամ կոչ ենք անում ՀՀ նախագահից սկսած բոլոր բարձրագույն պաշտոնյաներին՝ սթափվել եւ գիտակցել, որ արդարացիության հաստատումը Հայաստանում չունի այլընտրանք: Երկիրը պետք է վերադառնա զարգացման ակոսի մեջ: Հայաստանի իշխանությունները թող ընդունեն սա որպես վերջին պահանջ եւ հիշեն, որ անգամ ծայրահեղ բռնատիրական ռեժիմները ոչինչ են ժողովրդական ցասման ալիքի առջեւ»: