Չնայած այսօր ապրիլի մեկն է, սակայն ներքոշարադրյալն ամենեւին պետք չէ ընդունել որպես հումոր։ Ավելի ճիշտ կլինի ասել՝ մե՛նք հումոր չենք անում եւ ձեզ ներկայացնում ենք այն, ինչը հնչել է պետական բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերից՝ դեմքի միանգամայն լուրջ արտահայտությամբ։ Իսկ թե այդ հնչածին ընթերցողները եւ հենց իրենք՝ ասողները, ինչպես են վերաբերվում, չենք կարող ասել։
Կառավարության համար սոցիալական խնդիրները միշտ համարվել են առաջնահերթություն եւ կարեւորագույն նշանակություն ունեցող։ Սա ոչ թե մենք ենք ասում, այլ՝ ՀՀ Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը։ Երեկ նա իր գործընկերոջ՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մխիթար Մնացականյանի հետ միասին լրագրողներին էր ներկայացնում այն միջոցառումները, որոնք կառավարությունն այս տարվա ընթացքում իրականացրել է՝ սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ։
Կառավարությունը, Տ. Դավթյանի խոսքով, կանխատեսել էր, որ «ետճգնաժամային շրջանում» գնաճային ռիսկերը կուժեղանան, քանի որ մարդկանց մոտ բացասական սպասումներն աստիճանաբար վերանում են, եւ համախառն պահանջարկն աճում է։ Այս ամենին գումարվում է նաեւ գազի սակագնի բարձրացումը՝ լրացուցիչ բեռ դառնալով ազգաբնակչության համար։ Եվ քանի որ նման իրավիճակում ամենից շատ տուժում են սոցիալապես խոցելի խմբերը, կառավարությունը մարտի 25-ին «կարեւորագույն որոշումներ» է ընդունել՝ անապահով խավի վրա այս գործոնների ազդեցությունը մեղմելու համար։ Իսկ «կարեւորագույն որոշումների» հիմնական բովանդակությունն այն է, որ սոցիալական նպաստները մայիսի 1-ից բարձրացվելու են միջինը 3500 դրամով, իսկ կենսաթոշակները՝ 2650 դրամով։ Կառավարությունում հաշվարկել են, որ գազի սակագնի բարձրացումը անապահով ընտանիքի ամսական ծախսն ավելացնելու է 2500 դրամով։ Այսինքն՝ թոշակն, ըստ էության` ավելանում է… 150 դրամով։ Վատ չէ. ամսվա մեջ գոնե մեկ անգամ թոռանը պաղպաղակ հնարավոր կլինի գնել։
Իսկ եթե ավելի լուրջ, սա նշանակում է, որ կառավարությունն, ըստ էության, մասնակիորեն սուբսիդավորում է գազի գինը։ Ընդ որում` նշվում է, որ ոչ մի ծախսային հոդված չի նվազեցվել. թոշակների եւ նպաստների բարձրացման համար պահանջվող լրացուցիչ 6-6.5 միլիարդ դրամն ակնկալվում է ստանալ հարկային մուտքերի գերակատարման հաշվին։ Եթե առավել պարզ ներկայացնենք, գործելու է հետեւյալ սխեման. պետությունը նեղելու է հիմնականում մանր ու միջին գործարարներին, հավաքելու է ավելի շատ գումարներ եւ այդ գումարներով մի քանի կոպեկով բարձրացնելու է թոշակներն ու նպաստները։ Ժողովուրդը նման դեպքերում լավ խոսք է օգտագործում հարսի համապատասխան տեղով փեսային լավություն անելու մասին։ Ընդ որում, ի տարբերություն փեսայի, այս դեպքում շահում է երրորդ կողմը՝ գազ մատակարարողը։ Ֆինանսների նախարարը թոշակի 150 դրամ ավելացումը համարում է «ադեկվատ փոխհատուցում», սակայն եւ նշում է. «Ցանկալի կլիներ նաեւ ավելին, բայց ցանկությունները սահմանափակվում են հնարավորություններով»։ Ասել է թե՝ պետությունը ուզում է ավելի լավ պահել իր անապահով քաղաքացիներին, բայց, ցավոք սրտի, այդքան փող չունի։ Քիչ է մնում հուզվես։ Բայց հուզվել չի ստացվում, մանավանդ, եթե նախօրեին լսել ես ԱԺ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին։ Օրինակ՝ լսել ես, որ 2008-2009թթ. ընթացքում Կապի եւ տրանսպորտի նախարարությանը 5 միլիարդ դրամ է հատկացվել՝ ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքների համար, ՎՊ-ն ստուգել է այդ գումարից 927 միլիոնը եւ հայտնաբերել 345 միլիոնի խախտումներ։ Մեկ երրորդը «կերել» են։ Քանի որ պետական մյուս գերատեսչություններում ախորժակից չեն բողոքում, ինչպե՞ս հավատանք, որ ամբողջ բյուջեի մեկ երրորդը չեն «ուտում»։ Լավ, ենթադրենք՝ մեկ երրորդը չի, այլ մեկ տասներորդը։ 2010թ. բյուջեն 935 միլիարդ դրամ է, որի մեկ տասներորդ մասը 93.5 միլիարդ է կազմում։ Այդ գումարով հնարավոր կլիներ հանրապետության կես միլիարդ կենսաթոշակառուներին վճարվող ամսական գումարն ավելացնել 30.000 դրամով։ Փաստորեն, հնարավորություններ պետությունն, ըստ էության, ունի, պարզապես այդ հնարավորությունները մասնագիտացված «ուտողների» համար են։
Եվ այսքանից հետո հպարտությամբ ասում են՝ թոշակներն ու նպաստները ավելացնելու համար ծախսային ոչ մի ուրիշ հոդված չի նվազեցվել։ Իսկ միգուցե ավելի ճիշտ կլիներ նվազեցնե՞լ, փափուկ բազկաթոռների մեջ սուզված հարգարժան պաշտոնյաներ՝ սկսելով հենց ձեզնից ու ձեր կատարած անիմաստ ծախսերից։ Մեկ է՝ անապահով քաղաքացիները հույսները ձեզ վրա չեն դնում (բարեբախտաբար)։ Սոցիալ-տնտեսական վերլուծությունների խորհրդատվական կենտրոնի հրապարակած զեկույցի համաձայն, նյութապես ծայրահեղ աղքատների ընդամենը 40 տոկոսն է նպաստ ստանալու համար դիմել։ Երեկվա ասուլիսի ժամանակ, երբ լրագրողները Մխիթար Մնացականյանին խնդրեցին մեկնաբանել այդ իրողությունը, նա պատասխանեց, որ ծանոթ չէ այդ հետազոտությանը։ «Դա մեր հետազոտությունը չի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ իսկապես կան մարդիկ, որոնք ինչ-ինչ պատճառներով դուրս են մնում, սակայն կան նաեւ մարդիկ, որոնք զարտուղի ճանապարհով հայտնվել են այդ համակարգում:
Ի դեպ, Մ. Մնացականյանը բավականին լավատես է։ «Ես ուզում եմ հավաստիացնել բոլորին, որ կառավարությունը, Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունն անելու են ամեն ինչ, որպեսզի կարողանանք մեղմել մասնավորապես նպաստառու ընտանիքների խնդիրները»,- ասում է նա ու հավատացնում, որ սոցիալական ծանր վիճակը Հայաստանում ժամանակավոր բնույթ է կրում։ Իսկ ժամանակավոր բնույթը մեզանում տեւում է արդեն 20 տարի։