Թանկությունը շարունակվում է

01/04/2010

Մարտի վերջի դրությամբ՝ 12-ամսյա գնաճը Հայաստանի Հանրապետությունում մոտենում է 9 տոկոսին։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած զեկույցի՝ այս տարվա մարտին սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա մարտի համեմատ կազմել է 8.8%։ Այդ թվում՝ պարենային ապրանքները թանկացել են 6.8%-ով, սպառման ապրանքները՝ 8%-ով, ոչ պարենային ապրանքները՝ 14.3%-ով, ծառայությունները՝ 10.6%-ով։ Նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ գնաճը կազմել է 2.9%։ Նկատենք, որ երեկվա զեկույցը հաշվի չի առնում գազի նոր սակագինը, որն ուժի մեջ է մտնելու այսօր։ Հաջորդ զեկույցում, ամենայն հավանականությամբ, գնաճի ցուցանիշը մի քանի կետով կգերազանցի 8.8%-ը։ Հիշեցնենք, որ բյուջեում այս տարվա համար նախատեսված է առավելագույնը 5.5% գնաճ։ ՀՀ Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը երեկ լրագրողներին ասել է, որ գնաճային ճնշումները կանխատեսելի էին, սակայն կարծիք է հայտնել, որ գնաճի մակարդակը մոտ կլինի բյուջեով նախանշված ցուցանիշին։