Տեւել է 7 րոպե

01/04/2010

Հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում` Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ երեկ իրականացված հերթական մոնիտորինգը նախատեսված 30 րոպեի փոխարեն տեւել է 7 րոպե: Այն անցել է առանց միջադեպերի: ՀՀ ԶՈՒ ԳՇ Օպերատիվ վարչության 9-րդ բաժնի պետ Անդրանիկ Մկրտումյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ հայկական կողմն առաջարկել է մոնիտորինգն անցկացնել սահմանված ժամանակում, սակայն ադրբեջանական կողմը պահանջել է այն դադարեցնել: «Մեր կարծիքով, իրենց հրամանատարությունը չի կարող երկար ժամանակով անվտանգության երաշխիքներ տալ»,- ասել է Ա. Մկրտումյանը: Նա նշել է, որ նախապես ադրբեջանական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել մոնիտորինգն անցկացնել Տավուշի մարզի Կոթի գյուղի ուղղությամբ, որտեղ մարտի երեքին միջադեպեր էին գրանցվել: Սակայն մոնիտորինգից մեկ օր առաջ ադրբեջանական կողմը խախտել է պայմանավորվածությունը, հայտնելով, որ այդ հատվածի համար անվտանգության երաշխիքներ չի կարող տրամադրել: «Դա ի՞նչ է նշանակում, որ իրենք չեն կարող տիրապետել իրենց զորքին ու ստորաբաժանումներին»,- ասել է ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչը եւ հիշեցրել, որ երկու անգամ ադրբեջանական կողմը հրաժարվել է դիտարկում անցկացնել Չինար գյուղի ուղղությամբ: Անդրադառնալով վերջին շրջանում ադրբեջանական կողմի զինադադարի հաճախակի դարձած խախտումներին ու դրան պատասխան հայկական գործողություններին, Ա. Մկրտումյանն ասել է. «Մենք աշխատում ենք պատասխան կրակ բացել միայն ծայրահեղ դեպքերում, եւ կարող եմ ասել, որ երբ պետք է՝ մենք պատասխան տալիս ենք»: