«Եվրամիության «Արեւելյան գործընկերություն» ծրագրում ընդգրկված երկրների, այդ թվում` Հայաստանի համար, ազատականացվում է ԵՄ տարածք մուտք գործելու վիզային ռեժիմը, որը տեղի է ունենում սպասվածից արագ»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, ով նաեւ «Արեւելյան գործընկերություն» ծրագրի շրջանակում քաղաքացիական հասարակության կառույցների Ազգային պլատֆորմի ստեղծման աշխատանքի համակարգողն է: Ըստ Բ. Նավասարդյանի, վիզային ռեժիմի ազատականացումը տեղի է ունենալու փուլ առ փուլ: «Սկզբից՝ առանձին խմբերի համար, ինչպիսին են ուսանողները, գիտնականները, քաղաքացիական հասարակության ինստիտուտները, լրագրողները, հետո՝ նաեւ ընդհանրապես: Երեւի դա միանգամից չի լինելու, կսկսեն միգուցե Ուկրաինայից եւ Մոլդովայից, հետո կամաց-կամաց կգան արեւելք»,- ասել է Բ. Նավասարդյանը: Նրա խոսքերով, այս գործընթացի արագ տեմպերը պայմանավորված են նրանով, որ ԵՄ որոշ երկրներ ցանկանում են ազատականացնել վիզային ռեժիմը Ռուսաստանի հետ, իսկ որոշ երկրներ էլ, որպես դրան հակակշիռ, նշում են, որ «եթե Ռուսաստանի համար վերացվում է, ուրեմն այս գործընկեր երկրներից գոնե առաջատարների համար էլ պետք է վերացվի, իսկ հետագայում՝ նաեւ բոլորի համար»: Խոսելով «Արեւելյան գործընկերություն» ծրագրի կարեւորության մասին, Բ. Նավասարդյանն ասել է. «Այս ծրագիրը ենթադրում է խորը եւ որակապես նոր փուլ` Հայաստանի` Եվրոպա ինտեգրման համար: Այս նախաձեռնության նորություններից մեկը այն է, որ ոչ միայն կառավարական մակարդակով են գործընթացները զարգանալու, այլեւ նոր` քաղաքացիական հասարակության ձեւաչափով են առաջադրվելու: Այսինքն` առաջին անգամ այդպիսի խոշոր միջազգային նախաձեռնության շրջանակներում Հայաստանի քաղաքացիական հասարակությունը, հասարակական կազմակերպությունները հնարավորություն են ունենում մասնակցելու ինստիտուցիոնալ մակարդակով: Այս ինստիտուցիոնալ մասնակցության սկիզբը դրվել է 2009թ.-ի նոյեմբերի 16-17-ին, երբ Բրյուսելում տեղի ունեցավ քաղաքացիական հասարակության համաժողովը Արեւելյան գործընկերության շրջանակներում»: Այդ համաժողովին մասնակցել են գործընկերության անդամ 6 պետության եւ ԵՄ անդամ պետությունների ներկայացուցիչներ: «Մշակվել է հայեցակարգ, որ յուրաքանչյուր երկիր պիտի ունենա իր ազգային պլատֆորմը, այդ պլատֆորմի ձեւավորման համար համաժողովում մասնակցած հայ պատվիրակները ձեւավորել են նախաձեռնող խումբ, որի անդամները 20-ն են: Արդեն մայիսի վերջին հունիսի սկզբին կձեւավորվի այդ ազգային պլատֆորմը»,- տեղեկացրել է Բ. Նավասարդյանը: Նրա խոսքերով, համաժողովին նաեւ մշակվել է գործողությունների 4 ուղղություն. դրանց շուրջ էլ վերոնշյալ պետությունները պիտի համագործակցեն:
«Առաջարկությունները բաժանված են 4 մասի` ժողովրդավարություն, արդյունավետ կառավարում, մարդու իրավունքներ, կայունություն. սա հարցերի առաջին խումբն է: Երկրորդ խումբը տնտեսական բլոկն է, որն առաջին հերթին ենթադրում է ազատ առեւտրի պայմանագիր` գործընկեր երկրների եւ եվորոպական հանձնաժողովի միջեւ: Դա շատ կարեւորվում է մեր կառավարության կողմից, քանի որ այն լրացուցիչ հնարավորություններ կտա մեր ներքին շուկայի զարգացմանը, արտահանմանը եւ ներկրմանը: Երրորդ խումբը էներգետիկ անվտանգությանն է վերաբերում: Չորրորդ խումբը մարդկային շփումներ են, որոնք մարդկանց տեղաշարժի ազատության հնարավորություն պիտի տան»,- ասել է նա: