Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի հաշվարկներով, ապրիլի 1-ից հանրապետությունում գազի գնի թանկացման հետեւանքով գազալցակայաններում մեքենաների լիցքավորման համար վաճառվող սեղմված գազի 1 խմ-ի գինը կթանկանա 16 դրամով:
«Ընդհանրապես, որ գազի գինը բարձրանում է, այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք իրենց գործունեության մեջ գազ են օգտագործում, տրամաբանական է, որ որոշ ազդեցություն կունենա իրենց ինքնարժեքի վրա»,- գազի սակագնի թանկացման մասին հանձնաժողովում կայացած քննարկումներից մեկի ժամանակ նման «հայտնագործություն» էր արել նա: Այդ տրամաբանական թանկացման հետեւանքները շարքային քաղաքացին դեռ կզգա իր մաշկի վրա, քանի որ, անկախ այն բանից, թե գազի մասնաբաժինը իրենց արտադրանքի ինքնարժեքում քանի տոկոս է կազմում, մեր տնտեսվարողները հավելյալ եկամուտ ստանալու առիթը բաց չեն թողնի: Ռ. Նազարյանի կարծիքով, գազի թանկացումը գազալցակայաններում վաճառվող գազի գնի վրա էական ազդեցություն չի ունենա, ընդամենը` 1 խմ-ի համար 196 դրամ` նախկին 180 դրամի փոխարեն, իսկ մայրաքաղաքի ու մարզերի մի քանի երթուղիներ սպասարկող տնտեսվարողներ մեզ հետ զրույցում տեղեկացրեցին, որ այն գազալցակայանները, որոնք իրենց ամենօրյա լիցքավորման համար կտրոններ են տրամադրում, հավաստիացրել են, որ սակագինը կբարձրանա մինչեւ 230 դրամ` 1 խմ-ի դիմաց: Սա, ըստ գծատերերի, բնականաբար, էականորեն կանդրադառնա ուղեվարձի թանկացման վրա: Թեեւ Տրանսպորտի եւ կապի նախարարությունից տեղեկացնում են, որ երեկվա դրությամբ դեռեւս միջմարզային ուղեւորափոխադրում իրականացնող որեւէ ընկերություն սակագնի թանկացման հայտ չի ներկայացրել, սակայն դա չի նշանակում, որ նրանք գոհ են ու չեն բողոքելու: Խնդիրն այն է, որ դեռեւս հայտնի չէ` այսօրվանից գազալցակայանները գազի գնի վաճառքի ինչ նոր գին են սահմանելու, այդ իսկ պատճառով էլ նրանցից շատերը դեռեւս որեւէ կոնկրետ քայլի չեն դիմել: Օրինակ, նախորդ տարի, ապրիլի 1-ից, երբ գազալցակայաններում 1 խմ գազը 160 դրամից դարձավ 180 դրամ, միջմարզային 18 ուղեւորափոխադրող ընկերություններ 1 շաբաթ անց` ապրիլի 7-ին դիմեցին նախարարությանը` 30-35 տոկոս սակագնի թանկացման հայտով: Այն, իհարկե, չբավարարվեց` անհիմն լինելու պատճառաբանությամբ, քանի որ մասնագետներից կազմված աշխատանքային խումբը հաշվարկել էր, որ, օրինակ, մայրաքաղաքում միկրոավտոբուսով ուղեւորի փոխադրման ինքնարժեքը կազմում է 58,3 դրամ, մինչդեռ դրանց ուղեվարձը կազմում է 100 դրամ, ինչը լիովին բավարար է շահույթով աշխատելու համար: Ակնհայտ է, որ այս տարի եւս գծատերերից ոմանք ուղեվարձը թանկացնելու համար կդիմեն նախարարությանը:
Մեզ հետ զրույցում նրանցից մի քանիսը հավաստիացրեցին, որ եթե գազը անգամ 1 դրամով թանկանա, իրենք այլեւս չեն կարող աշխատել: Ավելի քան 13 ուղղությամբ (Երեւան-Էջմիածին, Երեւան-Արմավիր, Էջմիածին-Աշտարակ, Արմավիր-Գյումրի, Արմավիր-Արթիկ եւ այլն), ուղեւորափոխադրում իրականացնող «Էջմիածին ԲՈՒԱՏ» ընկերության տնօրեն Մանվել Վարդանյանն ասաց, որ սակագնի թանկացումն անխուսափելի է: «Առաջիկա 1 շաբաթվա ընթացքում կտեսնենք ինչ գնով է գազը վաճառվելու, հետո անպայման դիմելու ենք Տրանսպորտի նախարարությանը: Հիմա դեռ չեմ կարող ասել, ինչ չափով, բայց հենց գազի գինն իմացանք, արդեն կորոշենք, թե ինչքանով թանկացման հայտ ներկայացնենք: Բնական է, որ այլ տարբերակ չկա, արդեն պահեստամասերն էլ են թանկանում: Մեր ցանկությունը միանշանակ այն է, որ ուղեվարձի արժեքը բարձրանա»:
«Երեւան-Սեւան» երթուղին սպասարկող «Ավտոփայլ» ընկերության տնօրեն Վ. Գրիգորյանն էլ ասաց, որ հնարավորինս, թեկուզեւ այլ ծախսերի կրճատման հաշվին, այնպես կանեն, որ սակագինը չբարձրանա: «Ամենայն հավանականությամբ գին չենք բարձրացնի, բայց այս պահին դեռ չգիտենք, թե ինչ չափի թանկացման մասին է խոսքը: Եթե դա լինի 1 խմ-ն 16 դրամի չափով, ապա, կարծում եմ, չենք բարձրացնի, բայց եթե խոսքը ավելիի մասին է, արդեն պարզ չէ ինչ կլինի»: Մեր այն հարցին, թե այս պահին երթուղագիծը բավարար շահութաբերությա՞մբ է աշխատում, պարոն Գրիգորյանը պատասխանեց. «Անկեղծ որ ասեմ, վնասով չենք աշխատում, բայց շահույթն այնքան փոքր է, որ դրա մասին խոսելը ծիծաղելի է: Բացի այդ, եթե միայն գազի գնաճը լիներ, էլի մի կերպ կարելի էր դիմանալ, բայց, շատ այլ բաներ կան, որ խանգարում են մեր նորմալ աշխատանքին: Օրինակ, տաքսի ծառայությունների չկանոնակարգված դաշտը, կամ նաեւ ուղեւորների պակասը»:
Պարզվում է, որ կան նաեւ գծատերեր, որոնք գիծը պահում են բարեգործական հիմունքներով` հանուն ժողովրդի: Օրինակ Երեւան-Թալին երթուղագիծը սպասարկող «Թալինի ԱՏՃ» ընկերության տնօրեն Արմեն Մկրտչյանը ասաց, որ սակագինը բարձրացնելու համար չեն պատրաստվում դիմել նախարարություն: Մեր հարցին, թե անգամ գազի թանկացման պարագայում էլի՞ ձեռնտու կլինի աշխատել, պարոն Մկրտչյանը պատասխանեց. «Բոլոր պայմաններով էլ շարունակելու ենք աշխատել, անգամ վնասով: Կարծում եք՝ հիմա վնասո՞վ չենք աշխատում»: Իսկ թե ինչու չեն հրաժարվում «վնասաբեր» գծից, Ա. Մկրտչյանը այսպես մեկնաբանեց. «Բա ժողովրդին չսպասարկե՞նք: Հետո էլ, մենք մեր բիզնեսը այդ մասով չենք անում, մենք ուրիշ գործ ունենք` ասֆալտ ենք անում, էդ գիծն էլ յոլա ենք տանում»:
Երեւանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչությունից եւս ճշտեցինք, որ մայրաքաղաքի երթուղիները սպասարկող ընկերությունները նույնպես սակագնի թանկացման հայտ չեն ներկայացրել: Թերեւս նրանք էլ սպասում են, թե գազը որքան կթանկանա, որպեսզի որոշեն` ինչքանով ավելացնել ուղեվարձը:
Թեեւ գծատերերի համար արդեն սովորույթ է դարձել աղմուկ բարձրացնել, իբր իրենք վնասով են աշխատում, բայց, մինչ այսօր որեւէ մեկն ինքնակամ չի հրաժարվել մրցույթով շահած երթուղուց: Պարզ է, որ ուղեւորափոխադրման ոլորտը Հայաստանում ամենաշահութաբեր ոլորտներից մեկն է` քիչ ծախսով, շատ եկամուտ: Օրինակ, մայրաքաղաքում 1 միկրոավտոբուսի համար երթուղու սեփականատերը վճարում է ամսական 34 հազար դրամ հարկ, մինչդեռ վարորդի վրա դրված գծի պլանը կազմում է օրական 15-ից մինչեւ անգամ 25 հազար դրամ: Ճիշտ է, գծատերերի կատարած ծախսերը միայն հարկային մուծումներով չեն սահմանափակվում, բայց, ամենատարրական հաշվարկներով անգամ պարզ է, որ ընդամենը 1 միկրոավտոբուսից ամսական միջինը 600 հազար «պլան» հավաքող գծատերը պետք է որ կարողանա դիմակայել գազի գնի 16 դրամանոց թանկացմանը: