Գնաճի պաշտոնական հրեշը

01/04/2010 Արա ԳԱԼՈՅԱՆ

Վերջապես: Ապրիլի 1-ից գնաճի սպասումներին համընթաց Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց այս տարվա առաջին եռամսյակի տվյալները սպառողական ապրանքների գների մասին: Մեր վիճակագրական ծառայությունը միշտ հաջողում է համեստ գնաճ նկարագրել: Անկախ գնաճի իրական վիճակից: Բայց վիճակագրական տեղեկատվությանը հետեւողները նկատում են, որ վիճակագիրների գործը գնալով բարդանում է: Նաեւ այն պատճառով, որ տնտեսական տեղեկատվությունը թաքցնել հնարավոր չէ: Եթե հավատանք պաշտոնական տվյալներին, սպառողական գները Հայաստանում աճել են ընդամենը 6,5 տոկոսով: «Շատ է, թե քիչ» հարցն ամենեւին էլ հռետորական չէ: Եթե դուք պետական պաշտոնյա եք եւ ի պաշտոնե ստիպված եք հրապարակավ հավատալ պաշտոնական տեղեկատվությանը, միեւնույն է` անմխիթար վիճակում եք: Նույն վիճծառայության հրապարակումների մեջ կա արտառոց փաստ: Այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով, սպառողական գների աճով Հայաստանը մոտ 45 երկրների ցուցակում չորրորդն է: Միայն ընտրություններից պարբերաբար ցնցվող Ուկրաինայում, «Բատկոյի» իշխանության տակ տառապող Բելառուսում եւ մեդվեդեւյան Ռուսաստանում են ավելի բարձր ցուցանիշներ արձանագրվել: Բայց միայն հայ վիճակագիրների պրոֆեսիոնալ որակների շնորհիվ է Հայաստանն առաջին պատվավոր հորիզոնականը զիջելով հանգրվանել չորրորդ տեղում: Ասածը փաստարկելու համար բավարար է մեկ մեջբերում Վիճծառայության հաղորդագրությունից. «2010թ. մարտին փետրվարի համեմատ շաքարավազի գինն աճել է 2,9-11,7 տոկոսով»: Սովորական սպառողի համար նույն ժամանակաշրջանում շաքարավազը թանկացել է մոտ 30 տոկոսով: Իսկ վիճակագիրները գրում են 3-12 տոկոսի մասին: Սա եզակի նշում չէ: Ներկրվող մրգի մասին, օրինակ, գրվում է, որ այն թանկացել է 0,1-23,4 տոկոսով: Բանջարեղենի ու կանաչիի մասին նշվում է, որ դրանք թանկացել են` 0,3-6,8 տոկոսով: Ոչ մի կերպ պարզ չէ, թե ինչո՞ւ է այդքան մեծ տարբերություն նշվում: Վիճտվյալների ներկայացման նման մեթոդիկան իր նախատիպն ունի` խորհրդային Քրեական օրենսգիրքը: Օրենսգիրք, որ նույն հանցանքի համար սահմանում էր 3-12 տարվա բանտարկություն: Սույնով պարարտ հող ստեղծելով դատական համակարգում կոռուպցիայի զարգացման համար: Դժվար չի հասկանալը, որ խորհրդային օրենսգրքի 3-12 անհեթեթ թվացող տարբերության ետեւում իրավաբանների ու կառավարիչների ռեալ` փողային շահն էր թաքնված: Փոխարենն՝ անհասկանալի է, թե մեր վիճակագիրներն ինչո՞ւ են սննդամթերքի համար գրում, որ այն թանկացել է 3-12 տոկոսով: Պարզ տրամաբանությամբ դրանք թանկացել են կամ 3, կամ 12 տոկոսով: Նույն հաշվետվության մեջ, օրինակ, նշվում է, որ մեկ տարում բենզինը թանկացել է մոտ 40 տոկոսով: Այսինքն` սա նշանակում է, որ ցանկության դեպքում մեր վիճակագիրները կարող են կոնկրետ ապրանքատեսակի համար թանկացման ցուցանիշ հաշվարկել: Պրոֆեսիոնալ անկարողության մեջ նրանց մեղադրելը լուրջ զբաղմունք չէ: Փոխարենը՝ տպավորություն կարող է ստեղծվել, որ նրանք պարզապես հանձնարարություն են կատարում: Էկոնոմիկայի նախարարն, օրինակ, պաշտոնապես հայտարարել է տնտեսական ճգնաժամի ավարտի մասին: Վիճակագիրները հո նրան սեւերես չե՞ն անելու ազգի ու աշխարհի առաջ: Հետո ո՞ր ղեկավարին դուր կգա, եթե հաշվարկվեր, որ սպառողական ապրանքների գնաճի ցուցանիշով Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է: Փաստորեն, եթե սպառողական որոշ ապրանքների գները 3-12, կամ 01,-24 տոկոսի փոխարեն հաշվարկվեր, ասենք, 8 կամ 22, ապա հնարավոր չէր լինի ընդհանուր ցուցանիշը 6,5 տոկոսի վրա պահել: Այսինքն` մակրոտնտեսական ցուցանիշները պատշաճ տեսքի բերելու համար տոկոսային մաքսիմում ցուցանիշներ են «պետք», որպեսզի, ասենք, արտաքին ապրանքաշրջանառության աճող թվեր նկարվեն: Իսկ սոցիալական վիճակագրության համար, հարկավ, անհրաժեշտ են նվազագույն ցուցանիշները: Այդպես Հայաստանն իր բարձրացող գներով առաջինի փոխարեն դառնում է չորրորդը: Չորրորդը դարձնելով` մեր վիճակագիրներն, այնուամենայնիվ, գրում են, որ թանկանում են առաջին անհրաժեշտության բոլոր ապրանքները` յուղ, ձեթ, մսամթերք, ձու: Արդեն պարզ է, որ երկրորդ եռամսյակում գնաճի սպասումներն ավելի անողոք են: Էներգակիրների, ջրի, ծառայությունների գնաճը, դրամի արժեզրկման հնարավոր հեռանկարը գնաճին նոր տեմպ կհաղորդեն: Այդ դեպքում սպառողական ապրանքների գնաճի երկրորդ եռամսյակի հաշվետվությունը թրիլերի ժանրից կտեղափոխվի սարսափի ժանր: Բոլոր դեպքերում հետաքրքրությամբ կընթերցվի: