Դեռ կողմնորոշվում են

01/04/2010

Մայիսի 30-ին Վրաստանում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնց ընթացքում երկրի անկախության մեջ առաջին անգամ քվեարկությամբ կորոշվի նաեւ մայրաքաղաք Թբիլիսիի ղեկավարը: Մինչ այդ քաղաքապետն ընտրվում էր քաղաքի պատգամավորների` Թբիլիսիի ավագանու կողմից: Թեեւ ընտրությունների անցկացման մասին հրամանագիրը նախագահ Միխայիլ Սահակաշվիլին երեքշաբթի օրն է ստորագրել` տալով քարոզարշավի մեկնարկը, այդուամենայնիվ, ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ վաղուց արդեն սկսել են պայքարը Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար: Ներկայումս մայրաքաղաքը ղեկավարում է Սահակաշվիլիի մտերիմ աջակից Գիգի Ուգուլավան, ով, մի շարք փորձագետների համոզմամբ, հաղթելու ամենամեծ հնարավորություններն ունի նաեւ առաջիկա ընտրություններում: «Ուգուլավային սատարում է իշխանությունը, վարչական ռեսուրսը, մյուս կողմից` ընդդիմությանը չի հաջողվում մեկ միասնական թեկնածու առաջադրել»,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի, նման գնահատական են տալիս վրացի վերլուծաբանները: Թբիլիսիի ապագա քաղաքապետի ընտրության հարցում միասնական չէ նաեւ տեղի հայ համայնքը, որը, մոտավոր հաշվարկներով, կազմում է Թբիլիսիի ընտրողների 7-9 տոկոսը: «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպության նախագահ Առնոլդ Ստեփանյանը հայտարարում է, թե համայնքի մի խումբ ներկայացուցիչներ արդեն հանդիպումներ են ունեցել քաղաքապետի հավանական թեկնածուների հետ եւ ամենայն հավանականությամբ իրենց ընտրությունը կատարելու են ընդդիմադիր ճամբարում: Մինչդեռ Վրաստանի հայերի միության նախագահ Գենա Մուրադյանը պնդում է, թե հայերի նախընտրելի թեկնածուն իշխանության ներկայացուցիչն է` Թբիլիսիի գործող քաղաքապետ Գիգի Ուգուլավան: «Մենք պաշտպանում ենք նրա թեկնածությունը շատ պարզ մի պատճառով` քանի որ իշխանությունը շատ բան է անում հայկական շրջանների համար` գազամատակարարում, ճանապարհների նորոգում, քայլեր, որոնց մասին Ախալքալաքում ու Նինոծմինդայում ապրող հայերը անգամ կոմունիստների ժամանակ չէին երազում: Թբիլիսիում էլ մեզ հուզող բազմաթիվ հարցեր լուծում են ստացել վերջին տարիներին, չեմ կարծում, թե ընդդիմադիրներից որեւէ մեկը կարող է խոստումներ տալուց բացի՝ այսչափ գործ անել»,- «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել է հայկական կազմակերպության ղեկավարը: Մեկ այլ կազմակերպության առաջնորդ` Վրաստանի հայ համայնքի ղեկավար Սամվել Մկրտչյանն էլ նշել է, թե իրենք դեռ նոր-նոր են սկսում ծանոթանալ թեկնածուների ծրագրերին, սակայն հստակ գիտեն` ինչ հարցերի են ուշադրություն դարձնելու եւ ինչ են ակնկալելու ապագա քաղաքապետից: «Նրանց վերաբերմունքը ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության խարտիային, նրանց վերաբերմունքը ընդհանրապես մարդու իրավունքների պաշտպանության կամ լեզվի խարտիային եվրոպական` նման հարցերում եթե նրանց դիրքորոշումը եւ մերը համընկավ, այն ժամանակ մենք կոչ կանենք հայ համայնքին, մասնավորապես` Թբիլիսիի հայ համայնքին, որպեսզի պաշտպանեն այս կամ այն թեկնածուին»,- ասել է նա: