Մարտակերտի «Յապոնչիկը» ԼՂՀ ԱԺ փոխնախագա՞հն է

01/04/2010 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Ծնունդով ղարաբաղցի Ալվարդ Աթալյանն ու նրա որդին` Ռոմա Բաղդասարյանն, այնքան վրդովված են Լեռնային Ղարաբաղի իշխանություններից, որ այլեւս չեն ցանկանում ոտք դնել այնտեղ: Սակայն ամեն ինչ` ըստ հերթականության:

Ա. Աթալյանը վստահեցնում է, որ ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Ռուդիկ Ուսնունցը` զբաղեցնելով բարձր պաշտոն, խաբեությամբ եւ բռնի կերպով մարդկանցից դրամ շորթելու սկզբունքով է առաջնորդվում: «Նա խաբեությամբ փոշիացրեց մեր ունեցվածքը եւ դա արեց Ղարաբաղի իշխանությունների հովանավորչության ներքո: Երկար ժամանակ է` մենք պայքարում ենք արդարության հասնելու համար, բայց պարզվում է` դա մաֆիա է, եւ նա շղթայի մի օղակն է»,- ասում է Ա. Աթալյանը` վստահեցնելով, որ ԼՂՀ ԱԺ փոխնախագահի «գործունեությունից», իրենցից բացի, տուժել են եւս հինգ խոշոր ներդրողներ: Բանն այն է, որ Ա. Աթալյանը որդու` Ռոմայի եւ եղբոր հետ Ղարաբաղյան պատերազմից հետո տեղափոխվել է Ռուսաստան: Ի դեպ, թե՛ Ռոման, թե՛ Ա. Աթալյանի եղբայրը` Կամո Աթալյանը, Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներ են: «Մենք այնտեղ զրոյից սկսեցինք: Աշխատեցինք, կոպեկ-կոպեկ հավաքեցինք եւ Երեւանում` Կոմիտասում, բնակարան գնեցինք: Ես եկա, հետո էլ` 2005թ. տղաս եւ եղբայրս տեղափոխվեցին էստեղ: 2007թ. գնացել ենք Ղարաբաղ: Մենք էնտեղ պապական տուն ունենք, որը ճիշտ է` վերակառուցվելու կարիք ունի, բայց գնում-գալիս էինք»,- պատմում է Ա. Աթալյանն` ասելով, որ նաեւ մասնակցել են նախընտրական գործընթացին, որի արդյունքում որդին` Ռոման, ծանոթացել է Ղարաբաղի պաշտոնյաներից ոմանց հետ, այդ թվում նաեւ` Ռուդիկ Ուսնունցի: Ըստ Ա. Աթալյանի` Ուսնունցը հասկանալով, որ իրենք «ձեռքի տակ» գումար ունեն եւ պոտենցիալ ներդրողներ են` խոստացել է Ղարաբաղում բիզնես սկսելու հարցում աջակցել: Ռ. Ուսնունցը ներկայացել է որպես ԼՂՀ նախագահի ծրագրերի իրականացնող, այսինքն` «դրսից ներդրողներ կլանող»: Ինչեւէ, ծանոթությունից հետո Ա. Աթալյանը վերադարձել է Երեւան, իսկ որդին եւ եղբայրը կրկին մեկնել են Մոսկվա: 2008թ. մարտ ամսին Ա. Աթալյանին է զանգահարել Ռ. Ուսնունցը. «Ռոմայից հարցրեց, ասացի, որ գնացել է Ռուսաստան: Այսինքն` գիտեր, որ փող ունենք, եւ մտածել էր` ինչի՞ բաց թողնի առիթը: Հաջորդ օրը նորից զանգեց, թե` շատ եմ խնդրում, թող Ռոման գա, ես իրեն օգնելու եմ, որ գործ սկսի: Զանգեցի որդուս, եղբորս, ասացի` Ռուդիկը հասարակ մարդ չի, խնդրում է, որ գաք»: Ապրիլ ամսին Ռոման ու Կամոն գալիս են Հայաստան` հույսով, որ Ռ. Ուսնունցի միջնորդությամբ Արցախում պետք է ներդրումներ կատարելով հաստատվեն: Ամիսներ անց ամբողջ ընտանիքով տեղափոխվել են Շուշի, բնակարան են վարձակալել եւ ընդունել են Ռ. Ուսնունցի բիզնես-առաջարկը, ըստ որի` պետք է բանջարաբոստանային կուլտուրաների համար նախատեսված ջերմոց կառուցեն: Ընդ որում` Ռ. Ուսնունցը նրանց ասել է, որ այդ բիզնեսը ստեղծվելու է համատեղ ջանքերով, բայց քանի որ ինքը «ձեռքի տակ» մեծ գումար չունի, հետեւաբար խոստացել է ամբողջ փաստաթղթային ձեւակերպումների գործընթացը կատարել ինքնուրույն. «Ասաց` ես ձեր հենարանն եմ: Դուք իմ տարածքում կառուցեք, իսկ ես փաստաթղթային ձեւակերպումները կանեմ»:

Ասկերանի շրջանից դեպի Մարտակերտ տանող ճանապարհին (Մարաղա կոչվող հատվածում) ծրագրվում է կառուցել բանջարաբոստանային կուլտուրաների համար նախատեսվող ջերմոց: Թեեւ ներդրողներն առաջարկում են զբաղեցնել ընդամենը 700քմ տարածք, այդուհանդերձ, Ուսնունցի խորհրդով ներկայումս ջերմոցի ընդհանուր մակերեսը կազմում է 8000քմ: Ընդ որում, ներդրողները զգուշացնում են, որ իրենք ի զորու են փոքր ներդրումներից սկսել, բայց Ռ. Ուսնունցը վստահեցնում է, որ հետագայում ֆինանսապես կաջակցի նաեւ ինքը: Ռոման եւ Կամոն ջերմոցային կուլտուրա զարգացնելու համար Երեւանում մասնագետների հետ խորհրդատվության եւ այդ դաշտում լուրջ ուսումնասիրությունների արդյունքում բիզնես-ծրագիր են մշակել եւ սկսել են ներդրումներ կատարել: «Նա զանգահարում է Երեւան եւ մերոնց ուղարկում է իրեն ծանոթ կոնկրետ մարդու մոտ, որպեսզի կոնստրուկցիաները գնեն: Եթե մի տրուբան արժե 5 ռուբլի, ապա մերոնք դա ձեռք են բերում 15-ով, բայց, քանի որ Ռուդիկի մարդն է` վստահում ենք: Էն ժամանակ չենք իմացել, որ նա ամեն ինչ արել է, որ կրկնակի գումար ծախսենք: Ջերմոցային ասոցիացիայի հաշվարկներով՝ էսինչը 50.000 դոլար պիտի կազմի, բայց մեր վրա նստում է 120.000 դոլար: Մենք էլ փորձ չունենք ու գլխի չենք ընկնում»,- պատմում է Ա. Աթալյանն` ասելով, որ յուրաքանչյուր գնված ապրանքի կտրոնը իրենք տրել են Ռ. Ուսնունցին: Սակայն, երբ իրենց գումարը սպառվել է` Ռ. Ուսնունցը նրանց ասել է. «Անհոգ եղեք, ես 300.000 դոլար արդեն ունեմ եւ կօգնեմ»: Բայց նա իր կողմից ներդրում կատարելու գործողություններն անհիմն պատճառաբանություններով ձգձգել է: Ձգձգել է նաեւ ջերմոցային տնտեսությունը ներդրողների անվամբ ձեւակերպելու գործընթացը, ինչը Ա. Աթալյանի մոտ որոշակի կասկածի տեղիք է տվել, սակայն հաշվի առնելով Ռ. Ուսնունցի պաշտոնական դիրքը, վստահել են նրան: «Բայց նրա անընդհատ ձգձգելը, էսօր-վաղն անելը, խաբելն ինձ մոտ արդեն անվստահություն առաջացրեց: Որդուս ու եղբորս ստիպում էի, որ պահանջեն ձեւակերպումը, ասում էին` ամոթ ա, տղամարդ ա, ԱԺ փոխնախագահ ա, հո չի՞ քցելու, կանի էլի… Մինչեւ ջերմոցի կառուցումը նա մեզ վստահեցնում էր, որ տարածքում գազ է լինելու, եւ ջերմոցը պահելու խնդիր չի լինի, բայց… Փաստորեն նրա ասածները խաբեբայություն էր, ոչ մի խոստում իրականություն չդարձավ, դեռ մեզ մի բան էլ սնանկացրեց»: Հետագայում, ըստ Ա. Աթալյանի` Ռ. Ուսնունցը ջերմոցը գրավ է դրել 31 մլն դրամի դիմաց, որից 13 միլիոնով իր համար ջիփ ավտոմեքենա է գնել, իսկ 3 մլն դրամ էլ փոխանցել է ջերմոցի համար ապակիներ տեղափոխելու համար: «Նա ստացել է 31 մլն դրամ, որի մի մասը դրել է իր գրպանը, բայց շանտաժի միջոցով, ահաբեկելով պահանջում է ողջ գումարը: Երբ ջերմոցը կառուցելու ընթացքում հասկացանք, որ նա աստիճանաբար իր դեմքը ցույց է տալիս եւ ոչ մի փաստաթղթային ձեւակերպում չի կատարում` սկսեցինք զգուշանալ: Հասկացավ, որ ջերմոցային տնտեսությունը եկամտաբեր է եւ կարելի է ուղղակի մեր ձեռքից խլել դա»,- ասում է Ա. Աթալյանն, ում որդին այլեւս հույս չունենալով, որ Ռ. Ուսնունցն այդ բիզնեսը կամրագրի իրենց անունով, դիմել է ԼՂՀ իշխանություններին, խնդրելով` սեփականաշնորհել ջերմոցային տնտեսությունը: Նրանց միջնորդությամբ Ռոմա Բաղդասարյանը երկարատեւ գործողություններից ու ձգձգումներից հետո հիմնել է «Ալվարդ գրուպ» ՍՊԸ-ն եւ իր միջոցներով փաստաթղթերի ձեւակերպումը կազմակերպել է: Ընդհանուր հաշվարկներով ջերմոցային տնտեսություն ստեղծելու համար Ա. Աթալյանի ընտանիքը ներդրել է 160.000 դոլար, իսկ Ռ. Ուսնունցը` 17 մլն դրամ: Սակայն վերջինս հետագայում նրանցից պահանջել է վերադարձնել 21 մլն դրամ. «Հասկանո՞ւմ եք, դա հսկայական, ծախսատար գործ է: Օրական ցիստեռններով ջուր էինք բերում, հոսանքի ծախսն է, սերմերի, գյուղացիների վճարները: Այսինքն` մենք շատ մեծ պատասխանատվության տակ ընկանք ու հասկացանք, որ նա մեր գործընկերը չի, նա ոչինչ չի անում, բայց պահանջներ է ներկայացնում եւ դիմում է շանտաժի: Հանկարծ սկսեց մի էնպիսի թիվ պահանջել, որը մենք չենք տեսել, եւ որը նա ծախսել է իր անձնական նպատակներով»: Թեեւ Ռ. Ուսնունցը վերջիններիս վստահեցրել է, որ 300.000 դոլար ունի, որը ներդնելու է այդ գործում, այդուհանդերձ, հետագայում հրաժարվել է` ասելով, որ այդ գումարն իրեն չեն փոխանցել: Ա. Աթալյանն ասում է. «Մեզ քցել է. դրանից հետո սկսեց գալ, ձեռք առնել, թե` էս սարն իմն է, էս ծառն իմն է: Հիմա նա իրեն համարում է Մարտակերտի «Յապոնչիկը», թագավորի նման մանկլավիկներով է ման գալիս: Հետո սկսեց վարունգի աճման ժամանակահատվածը: Վարչապետն էլ եկավ, զարմացավ, թե ինչ բերք ենք ստանում: Հետագայում պարզվեց, որ իրենց համար յուղոտ պատառ է, գալիս են հսկելու: Փողը տվողը, աշխատողն ու քրտնողը մենք ենք, բայց տերերն` իրենք»: Այժմ Ա. Աթալյանը որդու եւ եղբոր հետ կրկին տեղափոխվել է Երեւան եւ փորձում է ՀՀ իշխանություններին ահազանգելով հասնել արդարության: Բանն այն է, որ նրանց կատարած հսկայական ներդրումների արդյունքում ստեղծված ջերմոցային տնտեսությունը ենթակա չէ շահագործման այն պատճառով, որ ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Ռ. Ուսնունցն ամեն կերպ խոչընդոտել է այդ բիզնեսի զարգացմանը: «Որովհետեւ իրենց փող էր պետք, հարիֆ մարդիկ էին ման գալիս, եկան, ներդրեցին, հսկայական ջերմոցային տնտեսություն ստեղծեցին, աշխատատեղեր բացեցին ու հիմա տշելով դուրս են շպրտում: Հիմա պատրաստի եկամտի աղբյուր կա, որից իրենք կարող են օգտվել: Նրա հրահանգով անջատել են ջերմոցին մատակարարվող էլեկտրաէներգիան, ջուրը, կոտրել են ջերմոցի ապակիները: Մի խոսքով` մեզ հետ վարվեցին ամենաստոր ձեւով»:

Թալանում, վռնդում են

2008թ. հունիս ամսին Ա. Աթալյանը դիմել է ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ով ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ խոսելուց հետո Ա. Աթալյանին խորհուրդ է տվել գնալ անմիջապես Բ. Սահակյանի մոտ հանդիպման: ԼՂՀ նախագահն էլ լսելով նրանց խնդիրը` ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանին հանձնարարել է զբաղվել այս գործով. «Նա մեզ առաջարկեց շարունակել գործը: Ասեց` մենք կօգնենք, որ դուք վարկ վերցնեք, բայց պայմանով, որ Ռ. Ուսնունցի 21 մլն դրամը (չնայած նա 17մլն է ներդրել) վերադարձնեք ու դուք տնօրինեք այդ գործը ձեր փողերով»: Ինչեւէ, Ա. Աթալյանի ընտանիքը 40 մլն դրամ վարկ է վերցրել, 21 մլն դրամը փոխանցել է Ռ. Ուսնունցին, իսկ մնացած գումարով կարողացել է փակել միայն գոյացած պարտքերը: Ռ. Ուսնունցն, ըստ Ա. Աթալյանի` պարբերաբար ներխուժում է ջերմոցի տարածք եւ սպառնում, թե` «Ձեզ էս կանեմ, էն կանեմ… Թողեք, էստեղից հեռացեք: Նա գիշերով իր մանկլավիկներին ուղարկել էր վախացնելու, ու ջերմոցի ախրաննիկն ինֆարկտ ստացավ վախից, մահացավ: Հասկանո՞ւմ եք, ԼՂՀ իշխանություններն իր հետ են, դա մաֆիա է: Չեն թողնում աշխատես, մենակ թողնում են, որ փող ներդնես ու թողնես-հեռանաս: Թալանում, վռնդում են»: Ա. Աթալյանն այլեւս որդուն եւ եղբորը թույլ չի տալիս ոտք դնել Ղարաբաղ, վախենում է, որովհետեւ նրանց այցելության ժամանակ գալիս են Ուսնունցի ներկայացուցիչներն ու «կռիվ են հրահրում», սպառնում են «վերացնել». «Նրա մարդիկ գիշերով գալիս ավերում են ջերմոցը, ինչ կա-չկա՝ գողանում-տանում են»: Այժմ Ա. Աթալյանի ընտանիքն ամեն ինչ անում է ջերմոցային տնտեսությունը վաճառելու եւ հեռանալու համար: «Երեք գնորդ էինք ճարել` Կանադայից ու Ռուսաստանից, բայց հասնում են էնտեղ` հրաժարվում են: Երբ իմանում են, որ դա ԼՂՀ իշխանությունների համար թիրախ է` վախենում են: Էնտեղ իրենց զգուշացնում են, որ եթե իշխանությունից մեկի աչքը դրա վրա է` թող գնա, գործ չունես»: Ա. Աթալյանը ջերմոցային տնտեսության վաճառքը ձախողելու համար մեղադրում է ինչպես Ռ. Ուսնունցին, այնպես էլ ԼՂՀ նախագահին եւ վարչապետին: «Հիմա ջերմոցը չի շահագործվում, պարտքեր են գոյանում` հարկային է, վարձակալական է, էլեկտրաէներգիա եւ այլն: Նրանք չեն թողնի, որ ջերմոցը վաճառվի: Կսպասեն՝ մինչեւ պարտքերը շատ մեծ կլինեն, հետո այն կհանեն աճուրդի ու իրենք շատ էժան գնով կյուրացնեն»,- ԼՂՀ իշխանություններին ուղղված իր մեղադրանքն այսպես է հիմնավորում Ա. Աթալյանը:

Հ.Գ.
Խմբագրությունը պատրաստ է ներկայացնել նաեւ մյուս կողմի հակափաստարկները: