Հայ դիտորդներին չեն սպասում

08/09/2005

Ադրբեջանի ԿԸՀ-ն հայտարարել է, որ Հայաստանի ներկայացուցիչները չեն կարող
որպես դիտորդ մասնակցել նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք ԱԺ
ընտրություններին: «Ադրբեջանը Հայաստանի հետ դիվանագիտական
հարաբերություններ չունի, հետեւաբար` Հայաստանի ներկայացուցիչները չեն
կարող որպես դիտորդ մասնակցել ադրբեջանական ընտրություններին»,- «Թրենդ»
գործակալության փոխանցմամբ` ասել է Ադրբեջանի ԿԸՀ ներկայացուցիչ Ռովզատ
Գասիմովը: Վերջինիս խոսքերով՝ չնայած Հայաստանի ներկայացուցիչներն
ընդգրկված են ԱՊՀ դիտորդական խմբում, նրանք չեն կարող հայկական
անձնագրերով մուտք գործել Ադրբեջան: Իսկ Day.az-ի տեղեկություններով` ԱՊՀ
գործադիր քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն ասել է, թե Ադրբեջանի
խորհրդարանական առաջիկա ընտրություններում ԱՊՀ դիտորդական խմբի կազմում
դիտորդական առաքելություն իրականացնելու հրավեր է ուղարկվել ԱՊՀ անդամ
բոլոր երկրներին, այդ թվում` եւ Հայաստանին: «Եթե Հայաստանը որոշի
մասնակցել այդ ընտրություններին, դա նրա իրավունքն է»,- ասել է Վ.
Ռուշայլոն: