Արեւմտյան մի շարք վերլուծաբանների կարծիքով` մոսկովյան մետրոյում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունները ցավալի հարված են Դմիտրի Մեդվեդեւ-Վլադիմիր Պուտին տանդեմին, քանի որ նախագահն ու վարչապետը միասին են ընդունել Չեչնիայում հակաահաբեկչական գործողության ռեժիմը անցյալ տարվա ապրիլին չեղյալ հայտարարելու որոշումը:
Ըստ բրիտանական «Times»-ի, մարտի 29-ի ահաբեկչությունը վկայում է, որ Ռուսաստանի ղեկավարությունը սխալ մարտավարություն է ընտրել Հյուսիսային Կովկասի գրոհայինների դեմ պայքարում։ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի անվերապահ աջակցությամբ իրականացվող մարտավարությունը սկզբնական փուլում որոշակի հաջողություն է ապահովել, սակայն, ի վերջո, գրոհայինները սողոսկել են հարեւան Դաղստան եւ Ինգուշեթիա ու շարունակել են ակտիվ գործողությունները: Արդյունքում, Ռուսաստանի իշխանությունները ստիպված են եղել այդ հանրապետություններում հայտարարել հակաահաբեկչական գործողության ռեժիմ: Ըստ թերթի, ահաբեկիչները նահանջելու մտադրություն չունեն: Նրանց առաջնորդներից Դոկու Ումարովը վերջերս սպառնացել է ահաբեկչական պատերազմ սկսել ամբողջ Ռուսաստանի տարածքում: Արեւմտյան վերլուծաբանների կարծիքով` այս ահաբեկչական գործողությունների հետեւանքով նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտնվել է ծանր ընտրության առջեւ: Նա համոզված է, որ ահաբեկչությունն արմատախիլ անելու համար պետք է պայքարել դրա համար պարարտ հող հանդիսացող աղքատության եւ կոռուպցիայի դեմ: Իսկ վերջին պայթյուններից հետո շատերը կսկսեն հավանություն տալ վարչապետ Վլադիմիր Պուտինի մարտավարությանը: Պուտինն էլ գիտակցում է, որ միայն պատժիչ մեթոդներով ահաբեկչության դեմ պատերազմում չես հաղթի, բայց գերադասում է պարզ ճանապարհը, որը ենթադրում է աջակցություն Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի նման տեղացի առաջնորդներին:
Ռուսաստանի ընդդիմությունն էլ նշում է, որ Դաշնության իրավապահները ձախողվել են այս պայքարում: Բորիս Նեմցովի կարծիքով, մասնավորապես, «ծառայությունները, որոնց քթի տակ պայթյուններ եղան, միանգամայն ուրիշ հարցեր են լուծում, դրանք պաշտպանում են գողերի իշխանությունը, պայքարում են ոչ թե ահաբեկիչների, այլ ընդդիմության եւ ժողովրդական ընդվզումների դեմ»: «Դժբախտաբար, ոչ ոք չի պատժվի, ինչպես միշտ` կպատժեն որեւէ սլաքավարի, ոչ ոք չի պատասխանի այն հարցին, թե ինչպե՞ս են շահիդ կանայք հայտնվել Մոսկվայի կենտրոնում, որտեղի՞ց էր հեքսոգենը, որտե՞ղ էր «փառապանծ» Ոստիկանությունը: Քանի դեռ սխալներ գործած մարդիկ, այդ թվում` ղեկավարները, անպատիժ են մնում, ահաբեկչությանը հաղթելը անհնար է»,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի՝ ասել է Նեմցովը:
Նշենք, որ ինչպես հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, քննչական մարմինը մշակում է մոսկովյան մետրոյում տեղի ունեցած ահաբեկչությունների բոլոր տարբերակները: «Ինչ վերաբերում է ահաբեկչությունների հետաքննմանը, ապա մշակվում են բոլոր տարբերակները, այդ թվում նաեւ՝ որ պայթյունները կազմակերպել են Հյուսիսային Կովկասի ահաբեկիչները: Ամեն դեպքում, հիմնական ահաբեկչական սպառնալիքը գալիս է հենց այնտեղից»,- ասել է Պատրուշեւը` ավելացնելով, որ «որոշակի առաջընթաց արդեն կա»: Նրա խոսքերով` չի բացառվում, որ ահաբեկչության հետաքննության ժամանակ պարզվի վրացական հետքը: «Մենք տեղեկություն ունեինք, որ վրացական հատուկ ծառայությունների առանձին աշխատակիցներ կապ են պահպանում ռուսական Հյուսիսային Կովկասի ահաբեկչական կազմակերպությունների հետ: Մենք պետք է ստուգենք նաեւ այդ տարբերակը Մոսկվայի ահաբեկչությունների առնչությամբ»,- հայտարարել է ՌԴ ԱԽ քարտուղարը: