Նոր պայթյուններ

01/04/2010

Մոսկովյան մետրոպոլիտենում տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց` երեկ առավոտյան, երկրում նոր պայթյուններ են տեղի ունեցել, այս անգամ` Դաղստանի Կիզլյար քաղաքում: Զոհվել է առնվազն 12 մարդ, կան շուրջ երկու տասնյակ վիրավորներ: Վաղ առավոտյան Կիզլյարում պայթեցվել է պայթուցիկով բեռնված ավտոմեքենա` այն պահին, երբ դրա մոտով անցնում էր ճանապարհա-պարեկային ծառայության կարգախումբը:

Մոտ 20 րոպե անց, երբ դեպքի վայր են ժամանել քննիչներ եւ ուժային ծառայությունների ներկայացուցիչներ, հավաքվածների մեջ է ներխուժել ոստիկանական համազգեստով մի անձ եւ պայթեցրել ինքն իրեն: Տեղական ժամանակով կեսօրին մոտ Ռուսաստանի Դատախազությանն առընթեր Քննչական կոմիտեից հայտնել են, որ զոհվածների թիվը հասել է 12-ի: Զոհվածները հիմնականում իրավապահ մարմինների աշխատակիցներ են: Երկրորդ պայթյունի հետեւանքով զոհվել են, մասնավորապես, Կիզլյարի Ոստիկանության պետը եւ Ռուսաստանի Դատախազությանն առընթեր Քննչական կոմիտեի Դաղստանի հանրապետական վարչության ղեկավարը: Տեղի ունեցածի կապակցությամբ գործ է հարուցվել Ռուսաստանի քրեական օրենսգրքի հինգ հոդվածներով` «Մահափորձ իրավապահ մարմինների աշխատակցի նկատմամբ», «Մահափորձ», «Երկու եւ ավելի անձանց սպանություն հանրության համար վտանգ ներկայացնող եղանակով», «Զենքի, զինամթերքի եւ պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառություն», «Զենքի եւ պայթուցիկ սարքերի ապօրինի պատրաստում»: Նշենք, որ երկուշաբթի օրը մոսկովյան մետրոպոլիտենում տեղի ունեցած պայթյունների փաստով քրեական գործը հարուցվել է ահաբեկչության հատկանիշներով: