Մարտի 6-10-ը «XXI» դարի հեռանկարներ» փառատոնի շրջանակներում կայացավ ժամանակակից մեծ կոմպոզիտոր Սոֆյա Գուբայդուլինային նվիրված համերգաշարը, որը բազմազան` մինչեւիսկ ծայրահեղորեն հակադիր կարծիքներ առաջ բերեց երաժիշտների եւ երաժշտասեր հասարակության միջավայրում:
Ծրագրում ընդգրկված բոլոր ստեղծագործությունները Հայաստանում կատարվում էին առաջին անգամ: Համերգներին մասնակցում էին ինչպես հրավիրված անվանի երաժիշտներ` թավջութակահար Դավիդ Գերինգասը, ալտահար Յուրի Բաշմետը, բայանահար Գեյր Դաուգսվոյրը, դիրիժոր Ռոբերտաս Շերվենիկասը, այնպես էլ` մեր կատարողները`«Հովեր» պետական կամերային երգչախումբը (գեղղեկ. Սոնա Հովհաննիսյան), Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ «Սերենադ» կամերային նվագախումբը (Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ): Մենք փորձեցինք պարզել, թե ինչպիսի ներգործություն է թողել Սոֆյա Գուբայդուլինայի երաժշտությունը հայ ունկնդրի վրա: Այստեղ հավաքված սուբյեկտիվ կարծիքները համատեղված են առանց որոշակի միտումի, անկախ դրանց հեղինակների պաշտոնից կամ որեւէ ձեւաչափի համապատասխանելու անհրաժեշտությունից, նշելով միայն անունները: Բացասական կարծիքներ հայտնողները (որոնք ակնարկել են ոգու անդորրի խաթարման, ցնցումների ու դեպրեսիայի մասին) հիմնականում չեն ցանկացել ներկայանալ:
Կարինե Հարությունյան. – «Այս երաժշտությունը հետաքրքրություն է շարժում իր անսովորությամբ: Հարց է ծագում. որտեղի՞ց է այս ամենը: Անսովոր են ոչ միայն երաժշտական թեմաները, այլեւ նյութի զարգացման սուր եւ ինտենսիվ բնույթը, կարծես դա մի դեդեկտիվ լինի: Զարմանալի է, թե ինչպե՞ս է հաջողվել հեղինակին հնչյունային այդ քաոսից ստանալ օրգանապես կազմակերպված մի ամբողջություն, ընդ որում` անելով այնպես, որ այդ ամբողջությունը մենք ընկալում ենք որպես մի նոր հոգեվիճակ: Ես հաճախ գալիս եմ ժամանակակից երաժշտության համերգների` ներշնչելով ինքս ինձ, որ հնարավոր է չհասկանամ կամ չկարողանամ իմաստավորել լսածս: Ժամանակակից կոմպոզիտորներից ոմանք, իմ կարծիքով, երաժշտությունը գրում են միմիայն իրենց համար. մի նոր հնչյունային աշխարհ ստեղծելը նրանց համար ինքնանպատակ է: Իսկ Սոֆյա Գուբայդուլինայի երաժշտությունը, հնչյունային աշխարհի վառ յուրօրինակության հետ մեկտեղ, միշտ ուղղված է դեպի ունկնդիրը: Նույնիսկ նրա ստեղծած կերպարներն են «տեսանելի» դառնում եւ մեզ հետ հաղորդակցվում են: Միգուցե հենց դրա շնորհիվ, նրա երաժշտական լեզվի նորարարությունը չի վանում, այլ անսպասելիորեն դառնում է մեր կյանքի կարեւոր մասը»:
Սոնա Հովհաննիսյան. – «Սոֆյա Գուբայդուլինայի երաժշտությունը գալիս է ասելու, որ շարունակվում է հին վարպետների սկսած, դասականներով ու բոլոր «իզմ»-երով ընթացող երաժշտության խոսակցությունը: Եթե կա Սոֆյա Գուբայդուլինան, ուրեմն դեռ հնչելու է իսկական, մեծ դասական երաժշտությունը: Ես երկար ժամանակ զբաղվում եմ ժամանակակից երաժշտությամբ եւ որպես կատարող ինձ իրավունք եմ վերապահում ասել այդ մասին: Աշխատելով կոնկրետ նյութի հետ` նախընտրում եմ առաջին հերթին ուսումնասիրել այն: Գուբայդուլինայի երաժշտական կառույցներն այնպիսի լիցքեր ունեն, որ դիմանում են նույնիսկ երկրաշարժերի, որոնց պատճառը կատարողներն են: Ասածս այն է, որ դրանք «սեյսմակայուն են», քանի որ մտահղացումներն են շատ ուժեղ: Դա բնավ չի նշանակում, որ ինչպես էլ նվագես, ոչինչ չի փոխվի: Ոչ, դա նշանակում է, որ ճշգրիտ կատարման դիկտատ չկա: Հեղինակը կարծես ասում է. «Ազատ զգա քեզ, ես այստեղ եմ»: Հեղինակը, որը սկզբում կատարողին դիմավորում է խստաշունչ ու ավերող հայացքով, հետո որպես յուրային ընդունելով նրան` դառնում է աշխարհի ամենասիրող էակը (իհարկե, դա միշտ չի պատահում): Գուբայդուլինան տարրալուծվում է դիմացինի մեջ` բացելով իր հոգին: Այս երաժշտությունը չունի դուր գալու խնդիր: Այն ամեն ինչ կորցրած եւ բոլոր թելերը բաց թողած մեկի մտքում է առաջացել եւ իր երաժշտական ժանյակի նրբությամբ եւ տարերքի վտանգավոր ուժով գնում է դեպի հավիտենություն՝ այնտեղ, ուր քիչ տղամարդիկ են համարձակվել գտնվել: Բաց են խղճի եւ ցավի խողովակները, եւ ճշմարտության պերմանենտ ներկայությունը պատրաստում է միայնության եւ հավիտենության: Մեզ ծանոթ գործիքները դառնում են անճանաչելի: Հրաբխային ճարճատյունը, լռության մամլող ճնշումը, դրախտային թռչունների թեւածումը, ամեն-ամեն ինչը գործում է պատճառաբանված, մտքերի պես դրվագված եւ պոետիկ: Ամենատարերային, ամենահրաշալի վերապրումները եւ ամենամեծ ցնծությունը, որ ունեցել եմ վերջին ժամանակներում, կապված է այս անվան հետ: Սոֆյա Գուբայդուլինան ժամանակակից երաժշտության ամենամեծ ու պայծառ հրեշտակն է»:
Վարդան Ֆերեշեթյան. – «Իհարկե, լավ է, շատ լավ է… Թեեւ Գուբայդուլինայի երաժշտության մասին խոսելիս դա գրեթե ոչինչ չի նշանակում. նրա աշխարհը լավից, վատից ու նույնիսկ գեղեցկությունից բարձր է, ուրիշ տեղ է գտնվում: Ինչպե՜ս է նա լսել գործիքների միջի թաքուն ձայները, լռությունը… այդ երաժշտությունը զարմանալիորեն նման է իր հեղինակին»:
Էդուարդ Թոփչյան. – «Ես շատ հավանեցի ալտի կոնցերտը, դա լավ գործ է, եւ Բաշմետի հետ էլ շատ հետաքրքիր էր աշխատել: Անկեղծ ասած, դա միակ գործն էր, որ ես ընդունեցի»:
Աննա Ազիզյան. – «Ազգությամբ թաթար լինելով եւ սկիզբ առնելով հարազատ հոգեւոր ակունքներից` ճեղքում է ազգային նեղ մտածողության կապանքները: Միգուցե ավելի ճիշտ կլիներ հասկանալ նրա ստեղծագործությունը ոչ թե որպես կարծրատիպերը ժխտող, այլ որպես տարբեր աշխարհայացքներ միավորող, դրանք մեկ ընդհանուր Ակունքի կամ սկզբնաղբյուրի բերող մի երեւույթ: Ընդունելով քրիստոնեական մոտեցումը` անհատի ինքնակատարելագործումն ապաշխարության ճանապարհով, նա չի տարանջատում անհատի կյանքի իմաստը համայն տիեզերական կյանքի իմաստից, այլ անում է այնպես, որ անհատն իր շնչառության մեջ զգում է տիեզերքի շունչը: Տանելով դեպի իր բարդ հնչյունային աշխարհը, Գուբայդուլինան չի ճնշում իր ինտելեկտով, այլ ձերբազատում է պայմանականությունների կաշկանդող կապերից, վեր հանելով մեր թաքնված էությունը եւ այն մաքրագործված վերադարձնելով մեզ: Թվում է, դու միշտ իմացել ես այդ մասին, բայց չես գիտակցել, ենթագիտակցաբար փնտրել ես էությունդ, բայց չես գտել: Դու չես ստեղծել այդ երաժշտությունը, բայց այն քոնն է»:
Լիանա Մալխասյան. – «Վերջին մի քանի տարիների համերգներից Գուբայդուլինայի օրերն ինձ համար ամենավառ եւ ամենատպավորիչն էին: Ես ներկա էի բոլոր համերգներին եւ դրանցից մեծագույն լիցքեր ստացա: Գուբայդուլինայի ստեղծագործությունների խորությունը կարելի է համեմատել Բախի եւ Մոցարտի երաժշտության հետ: Ճիշտ է, հոգեբանորեն դրանց մթնոլորտը ավելի ծանր է, «Խրախճանքը ժանտախտի ժամանակ» գործն, օրինակ, կարող է դեպրեսիայի հանգեցնել, բայց մենք գիտենք, որ Շոստակովիչի եւ ուրիշ մեծերի երաժշտության հզոր լիցքերը երբեմն տարերային ուժեր արթնացնելու ազդեցություն ունեն: Դրանից հարկավոր չէ վախենալ: Բայանահար Գեյր Դրաուգսվոյլի կատարումներից ես պարզապես շոկի մեջ եմ` ինչպիսի էներգետիկա, լարում` շիկացման աստիճանի: Ինձ բախտ է վիճակվել խոսել Գուբայդուլինայի հետ: Հիշում եմ նրա հայացքը` նա այս աշխարհից չէ եւ գիտի դրա մասին, նրա հայացքը տանում է, ինչպես նրա երաժշտությունը, ինչ-որ հեռուներ… Ինձ համար նրա երաժշտությունը մեծագույն հոգեւոր եւ ինտելեկտուալ արժեք է»:
Միքայել Վաթինյան. – «Ես եկել եմ համերգի մեծ սպասումներով, եւ դրանք, որքան էլ որ մեծ էին, արդարացան… Դա կարեւոր եւ դժվար բան է. հասնել նրան, որ դիմացինիդ սպասումները արդարանան, եւ դեռ ավելին…»:
Սուսաննա Երիցյան. – «Սա չափազանց սուբյեկտիվ երաժշտություն է: Ամեն մարդ ընտրության հնարավորություն ունի. եթե այն քեզ հետ համահունչ է, կարող ես գնալ դեպի Գուբայդուլինայի արվեստը, թույլ տալ, որ նա քեզ տանի իր աշխարհը, իսկ եթե ոչ` դա նույնպես հարկավոր է հանգիստ ընդունել. անհանգստանալու հարկ չկա, այս երաժշտությունը պարտադրանքից շատ հեռու է»:
Զարուհի Շահինյան. – «Գուբայդուլինան էպիկական ուժով օժտված հեղինակ է: Դա երաժշտություն է առանց մակիյաժի: Այս երաժշտությունը առիթ է տալիս լրջորեն մտածել: Լուռ, գուցե եւ շատ դեպրեսիվ, վերապրումների սկիզբ է դնում, որոնցում ողբերգականի միջից թափանցում են ինքնազոհաբերության լույսը, սերն ու ջերմությունը»:
Էդվարդ Միրզոյան. – «Աներեւակայելի է, եւ ինչ-որ տեղ, երեւի, տիեզերքից դուրս է: Անսպասելի է: Մեր առաջին հանդիպման ժամանակ գրկախառնվեցինք: Նույնը արեցինք հիմա: Հիացած եմ եւ երբեք չպիտի դադարեմ հիանալ: Ուրիշ ոչինչ…»
Նատալի Հարությունյան. – «Պոեզիայի, հեքիաթի եւ երեւակայության աշխարհն, իհարկե, Գուբայդուլինայի տարերքն է: Սակայն խոսքը ոչ թե այն երեւակայության մասին է, որը ցանկալին իրականի տեղ է դնում: Դա արվեստի ճշմարտության աշխարհն է, որը մարդկային իրական ապրումների եւ ըմբռնումների հանրագումար է` սկսած «… սարսափելի իր սովորականությամբ մի մոսկովյան գիշեր»-ից, վերջացրած Սուրբ Ֆրանցիսկ Ասիզեցու աղոթքից ծնված ստեղծագործությամբ: Ըստ լեգենդի` գլխատված Ֆրանցիսկ Ասիզացին վերցնում է սեփական գլուխը եւ ոտքով հասնում այնտեղ, ուր հիմա իր անունով վանք կա: Եվ երբ նրան հարցնում են` թե ինչպե՞ս կարողացավ անել դա, նա պատասխանում է. «Դժվարը միայն առաջին քայլն էր»: Երբեմն լեգենդը բարձրագույն իրականության արձագանք է… Լսելով Գուբայդուլինայի երաժշտությունը, մտածում ես, որ լսում ես անհնարինը` այն, ինչը սովորաբար թաքնված է անհաղորդ ականջից: Թվում է, դա հենց այն հնչյունային նախանյութն է, որի շունչը` հասնելով մեզ երաժշտական կամ պոետիկ ներշնչանքի պահին, անսահման երջանկություն է պարգեւում: Իսկ երբ թողնում-հեռանում է, ամենադաժան տառապանքի է մատնում: Որոշ իմաստով` այս երաժշտությունը շատերի համար փակ է մնում: Գաղտնիքները շատ են, եւ դրանց մեծ մասը բացահայտվում է միմիայն այն պահերին, երբ զգայարաններդ սուր են եւ արթուն: Մարդկանց մեծամասնությունը նման հոգեվիճակներից խուսափում է: Ինչպիսի՞ հրաշքով է այս զարմանալի կնոջը հաջողվել հասնել անհնարինի եզրին՝ ես չգիտեմ, սակայն այդ երաժշտության մեջ գտնում եմ հարմոնիայի օրենքների ճանաչման մի ակունք-բանալի, որը թույլ է տալիս հասկանալ եւ՛ անցյալի գլուխգործոցները, եւ՛ ժամանակակից որոնումները: Մի բանալի, որը կարող է բացել եւ իմ սիրտը: Ամենադժվարը, հիրավի, առաջին քայլն է»:
Արթուր Մանուկյանց. – «Սոֆյա Գուբայդուլինայի երաժշտությունը հոգեւոր կյանքի բացահայտումներ են, եւ այդ ճանապարհին նա կարիք չունի հաղթակամարների: Մինչ շատերը իրենց քայլերի դիմաց պահանջում են հաղթակամարներ, որպեսզի կարողանան հաջորդ քայլը կատարել. նրան քայլելու համար բավարար է միայն ճանապարհը»:
Յանա Դարյան. – «Գուբայդուլինայի ստեղծագործությունները առաջին հայացքից դժվար է հասկանալ: Սակայն հետո, երբ նոտային տեքստից հոգեւոր կենտրոն է գոյանում, դու դառնում ես ինչ-որ մի տիեզերական արարողության մասնակիցը` ներգրավվելով նոր, հետաքրքիր մթնոլորտի մեջ»:
Հասմիկ Հակոբյան. – «Գուբայդուլինայի երաժշտության մեջ հնչյունը վերափոխվում է մեկ այլ որակի` հոգեւոր բնույթ ունեցող նյութի: Եվ այդ նյութն ունի այնպիսի ազդեցություն, որն ավելին է, քան ուղղակի երաժշտական հնչյունի ազդեցությունը»:
Սոֆյա Գուբայդուլինան, ով շուտով իր կյանքի ութերորդ տասնամյակն է բոլորելու, այսօր, ավելի քան երբեւէ, թարմ ու արդիական է հնչում: Չի կարելի ասել, որ նա իր ճանապարհին հաղթակամարներ չի հանդիպել: Սակայն մրցանակները, կոչումներն ու պատվոգրերը եկել են արդեն հասուն վարպետի արժանիքները արձանագրելու, մի վարպետի, որի համար իրական արժեք են ներկայացնում ոչ թե նյութական, այլ հոգեւոր կուտակումները: Սոֆյա Գուբայդուլինան այսպիսի խոստովանություն է արել. «Ես կրոնապաշտ ուղղափառ մարդ եմ եւ կրոնը` ռելիգիան, հասկանում եմ բառացիորեն, որպես «re-ligio»` կյանքի եւ իդեալական բարձունքների, բացարձակ արժեքների միջեւ կապերի վերականգնում, որպես կյանքի «legato»-ի անվերջ վերստեղծում: Կյանքը «պատռում» է մարդում, մասնատում է նրան: Մարդը պետք է վերականգնի իր ամբողջականությունը, եւ կրոնն էլ հենց դա է անում: Երաժշտություն ստեղծելու համար հոգեւոր վերականգնումից զատ՝ որեւէ այլ լուրջ պատճառ չկա»:
Հարկ է հիշել, որ երեւանյան համերգներին ներկա գտնվող Սոֆյա Գուբայդուլինայի ու հայ երաժիշտների միջեւ (սկզբում դժվարությամբ) զարմանալի կոնտակտ ստեղծվեց:
Նատալի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ