Մի փնտրեք սեւ կատու մութ սենյակում

01/04/2010

Լինելով «Ոսկե ծիրան 2009» կինոփառատոնի միջազգային ժյուրիի աշխատանքների համակարգող, կցանկանայի անդրադառնալ Հովհաննես Գալստյանի այն պնդմանը, որ միջազգային ժյուրիի որոշ անդամներ չեն դիտել մրցութային ծրագրում ընդգրկված իր «Խճճված զուգահեռներ» ֆիլմը: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ միջազգային ժյուրիի բոլոր անդամները դիտել են «Խճճված զուգահեռներ» ֆիլմը, քանի որ ներկա եմ եղել դիտումներին եւ ժյուրիի կողմից ֆիլմերի վերաբերյալ որոշման կայացման բոլոր երկարատեւ քննարկումներին: Այսօր, անհրաժեշտության դեպքում, ցանկացած շահագրգիռ մարդ կարող է ճշտել այս փաստը. էլեկտրոնային հասցեները պատրաստ եմ տրամադրել: Այս ամենը ստիպված եմ շարադրել ոչ թե «Ոսկե ծիրանը» պաշտպանելու կամ հայկական կինոապագայի վերաբերյալ տեսական վիճաբանության մեջ մտնելու համար, այլ որովհետեւ սովոր չեմ հանդուրժել իմ կատարած աշխատանքի հանդեպ թյուր վերաբերմունք: Ես չգիտեմ, թե ինչ պատճառով «Խճճված զուգահեռները» չի ստացել մրցանակ, բայց վստահ եմ, որ այդ պատճառներից չէ այն, որ ժյուրին ֆիլմը չի դիտել:

Կարեն ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ
ճարտարապետ-նկարիչ