Վերջերս Հովհաննես Գալստյանը իբր «ջախջախիչ» հոդված է պոռթկացել «Ոսկե ծիրանի» հասցեին «168 Ժամ» թերթի մարտի 18-19-ի համարում: Սկզբում դրան նշանակություն չտվեցի. կողմնակալ եւ անկողմնակալ քիչ քննադատություն չենք լսել մեր հասցեին: Դա մեր իրականությանը հատուկ է` ով կարգին գործ է անում եւ հաստատվում, պատրաստ պիտի լինի պատեհ-անպատեհ հարձակումների: Ավելին, լրագրողի եւ կինոքննադատի 30-ամյա անձնական փորձից ես մի կանոն եմ արտածել` եռանդը չվատնել նենգ հերյուրանքներին պատասխանելու վրա: Կարիք չկա ապացուցելու, որ դու «ուղտ չես», ինչպես ասվում է ռուսական ասացվածքում, եւ որ դիտավորություններդ ազնիվ են ու զուտ մասնագիտական: Վերջիվերջո, մտադիր չենք հաստատված նշաձողն իջեցնել «պլինտուսի» մակարդակին: Նրանց, ում դիտավորություններն ի սկզբանե այնքան էլ ազնիվ չեն, ավելին, համեմված են ոչ համարժեք ռեակցիաներով ու չափից դուրս ուռճացած ամբիցիաներով, մեկ է, ոչինչ չես ապացուցի: Ճիշտն ասած, նման մարդկանց ուզում եմ ավելի շուտ խղճալ, որովհետեւ, հիրավի, թքում են այն աղբյուրի մեջ, որից խմում ենգ Բայց առանձնապես ցավալի է, երբ այդ հիվանդությունը համակում է մասնագիտական ասպարեզը նոր-նոր ոտք դրած երիտասարդ ռեժիսորին:
Մի խոսքով, եթե սա վերաբերեր միայն ինձ, ես կսահմանափակվեի փաստերի անբարեխիղճ խեղաթյուրման եւ պարզապես կեղծիքի մեկ-երկու աղաղակող օրինակով` հեղինակի խղճին թողնելով իմ գործընկերներին եւ անձամբ ինձ վերաբերող անպատեհ տողերը: Բայց տվյալ դեպքում մարտահրավերը նետված է հենց «Ոսկե ծիրանին»` որպես վերջին տասնամյակի ամենաբարեհաջող եւ ազդեցիկ մշակութային նախագծերից մեկին: Փորձ է արված արատավորել «Ոսկե ծիրանի» հեղինակությունը, կասկածի տակ են առնվում կազմակերպիչների սկզբունքները, պրոֆեսիոնալիզմը, պարզապես տարրական ազնվությունը: Իսկ եթե այդպես է, եկեք ծուռ նստենք, շիտակ խոսենք: Ի՞նչ պահվածք է որդեգրել «Պարալլելս Ֆիլմ Պրոդաքշընի» տնօրենը «Ոսկե ծիրանի» դեմ իր արշավի համար: Առանց այլեւայլի` նա պնդում է, թե, բա չեք ասի, «Ոսկե ծիրանում» բոլորը` ճապոնացի աշխարհահռչակ ռեժիսոր Օգուրիի գլխավորած միջազգային ժյուրիից մինչեւ փառատոնի մամուլի քարտուղարը, տքնել են իր ֆիլմը «ձախողել»: Դավադրության տեսության լավագույն ավանդույթներով, Գալստյանը բացահայտում է իր դեմ «դավի նենգ մեխանիզմը», որի հետեւանքով իր «Խճճված զուգահեռները» մրցանակ չի ստացել, եւ նրա խոսքերով` մի քանի փառատոներ, որոնց ծրագրավորողները կապվել էին իր հետ ֆիլմը մրցույթում ընդգրկելու համար, «Ծիրանից» հետո ընդհատեցին կապը: Սեփական մտքի անհեթեթ արգասիքը հիմնավորելու համար ռեժիսորը սկսում է անխղճորեն վերադասավորել ու գլխիվայր շրջել փաստերը: Մի րոպե, շատ չեղա՞վ, հարգելի սկսնակ: Իսկ ավելի հեշտ չէ՞, խորամուխ լինելով գործի մեջ, հարցնել` միգուցե փառատոնային ծրագրավորողները սառել են ֆիլմի հանդեպ, որովհետեւ պարզապես տեսե՞լ են ֆիլմը: Եվ կարո՞ղ է այդ ֆիլմն իր գեղարվեստական մակարդակով մրցակցել «Ոսկե ծիրանի» անցյալ տարվա մրցանակակիրներ Գեորգի Օվաշվիլու «Մյուս ափը» եւ Օզջան Ալփերի «Աշուն» գործերի հետ, որոնք «Ծիրանից» առաջ եւ հետո տասնյակ մրցանակների են արժանացել ամենահեղինակավոր կինոփառատոներում: Ի՞նչ կարող է դրան հանդիպադրել Գալստյանը: Մրցանակներ. ոչ թե Մոսկվայում կամ Կառլովի Վարիում, այլ ռեժիսորի համար, իհարկե, «շատ կարեւոր»` Վոլոկոլամսկի ու Օրենբուրգի նման փառատոներում:
Ինչ վերաբերում է Ռոտերդամին, սա առանձին պատմություն է: Ֆիլմն այստեղ ներկայացվել է արտամրցութային ծրագրերից մեկում, թեեւ բոլոր արտաքին չափորոշիչներով (Հյուբերթ Բալսի ռոտերդամյան հիմնադրամի աջակցությամբ ստեղծված դեբյուտային աշխատանք) հավակնում էր տեղ գրավել մրցույթում: Բայց պարզվեց, որ ֆիլմի արժանիքներն անվիճելի չեն ոչ միայն մեր ընտրող հանձնաժողովի համար (որն ամեն կերպ դիմադրում էր «Խճճված զուգահեռները» «Ծիրանի» միջազգային մրցույթ մտցնելուն եւ կարծում, որ ավելի լավ «կհնչի» եւ կնկատվի «Հայկական համայնապատկեր» մրցույթում), այլեւ Ռոտերդամի ընտրող հանձնաժողովի համար, որը ֆիլմը մրցույթից դուրս թողեց: Գուցե սրա մեջ է՞լ է ռեժիսորը տեսնում «Ծիրանի» մատը: Ընդ որում` Գալստյանն այնքան լիավստահ էր, որ անցյալ տարվա վերջին մոլորության մեջ գցեց եւ Ազգային կինոկենտրոնին, եւ Հայաստանի բոլոր ԶԼՄ-ներին` սկսած «Հ1» հանրային ալիքից, որոնք տարածեցին ակնհայտորեն կեղծ տեղեկատվություն, թե «Խճճված զուգահեռները» ընդգրկվել է Ռոտերդամի մրցույթում: Իսկ երբ փորձում ես, սխալն ուղղելով, ասել` անհարմար է, մի՛ ստեք, մրցութային աշխատանքների ցանկում ֆիլմը չկա, բացեք փառատոնի կայքէջը, դառնում ես ոչ միայն անձամբ ռեժիսորի, այլեւ, ըստ Գալստյանի, ամբողջ հայկական կինոյի թիվ մեկ «թշնամին»:
Բայց դառնանք փաստերին եւ դրանց, մեղմ ասած, անազնիվ աղավաղման օրինակներին: Գալստյանի քննադատական վարժանքների նշանակալից մասը նվիրված է «Միջազգային կինոուղեցույց-2009» մասնագիտական տարեգրքում տեղ գտած իմ հոդվածին, տարեգիրք, որը հրատարակվում է Լոնդոնում: Ի դեպ, ասեմ, որ «Հայաստան» բաժինը մասնագետների շրջանում հեղինակավոր այդ հրատարակության մեջ վարում եմ արդեն ավելի քան տասը տարի` ուժերիս ներածին չափ նպաստելով արտասահմանում հայկական կինոն ներկայացնելու եւ տեղեկատվությամբ ապահովելու գործին: Վերջին տասնամյակի գրեթե բոլոր հայկական ֆիլմերի մասին` առանց բացառության, ծանուցվել է այդ տարեգրքի էջերում` անկախ դրանց հանդեպ ունեցած իմ անձնական վերաբերմունքից: Հրատարակության գլխավոր խմբագիր Յան Հայդն Սմիթն անցյալ տարի, այսպես ասած, հետախուզական այց կատարեց «Ոսկե ծիրան», ինչից հետո իր կայքէջում մանրամասն հաշվետվություն հրապարակեց` «Ոսկե ծիրանն» ընդգրկելով ամենահեռանկարային եւ կարճ ժամկետում պրոֆեսիոնալների շրջանում լավ անուն հանած կինոփառատոների շարքը: Այսպես ուրեմն, Գալստյանը հավատացնում է, թե «Սուսաննա Հարությունյանը, ով ներկայանում է որպես հայաստանյան կինոարտադրության փորձագետ, միտումնավոր է շրջանցում ֆիլմը Հայաստանի կինոարտադրության վերաբերյալ իր զեկույցում»: Կից հղում եմ անում «Միջազգային կինոուղեցույց-2009»-ում տպագրված իմ հոդվածի էլեկտրոնային հասցեին (www.inernational filmguide.com/docs/2009/ 02/Armenia.pdf), որտեղ «Խճճված զուգահեռներին» (ֆիլմը 2009-ին է թողարկվել) ոչ միայն մի ամբողջ պարբերություն է նվիրված, այլեւ ֆիլմն ընդգրկված է 2009-ի լավագույն հայկական կինոնկարների եռյակում: Այսպիսով, միայն այս փաստը աղբարկղ է նետում Գալստյանի քննադատական մտամարզանքները, այն նույն աղբարկղը, որտեղ նա առաջարկում է նետել «փառատոնի ժյուրիի օբյեկտիվության մասին հեքիաթները»:
Նույն կերպ կարելի է հերքել առաջ քաշված մեղադրանքներից յուրաքանչյուրը, որովհետեւ Գալստյանի հերյուրանքներում փաստերը, ինչպես ծուռ հայելում, խեղաթյուրված են` գլխիվայր ներկայացվելով, իսկ պլյուս նշանը վերածվել է մինուսի: Հոդվածագիրը հռետորական հարց է տալիս. «Արդյո՞ք փառատոնը ծառայում է նրան, ինչին պետք է ծառայի նախեւառաջ` (գ) հայկական կինոարտադրանքի պրոպագանդմանը»: Փաստերն իրենք են խոսում իրենց մասին. 2004-ից մինչեւ 2009-ը «Ոսկե ծիրանի» շրջանակներում ներկայացվել է մոտ 140 հայկական ֆիլմ` թե նոր, թե դասական աշխատանքներ, որոնք արտադրվել են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ընկերությունների եւ սկսնակների կողմից: Հերքումների վրա կենտրոնանալու ցանկություն այլեւս չունեմ եւ առաջարկում եմ, որ լրագրողներն իրենք հետաքննեն փաստերն ու հարցուփորձ անեն, օրինակ, այն հայ կինեմատոգրաֆիստներին, ովքեր «Ծիրանի» ժյուրիի անդամներ են եղել եւ ժյուրիների կոորդինատորներ, արդյո՞ք փառատոնի կազմակերպիչները երբեւիցե թույլ են տվել միջամտել ժյուրիի աշխատանքներին: Կամ հարցնեն փառատոնային մամուլի կենտրոնի աշխատակիցներին, որոնք պատրաստել ու տարածել են Գալստյանի ֆիլմի մասին տեղեկություններ պարունակող մամուլի հաղորդագրությունները, փառատոնային թերթի յոթ համարներից երկուսում անդրադառնալով է ֆիլմին ու ռեժիսորին` թե ինչո՞ւ էին այդքան ինքնամոռաց կերպով «պաշտպանում» նրան լրագրողների հետապնդումից: Կարելի է հարցնել եւ «Ոսկե ծիրանի» ամենամյա մասնակից, արգենտինահայ կինոքննադատ Ջեք Պողոսյանին, թե ո՞վ, եթե ոչ «Ոսկե ծիրանը» (նույնիսկ մրցանակ չստանալու հետ կապված տհաճ խոսակցություններից հետո) իր մշակած կապերով ապահովեց Գալստյանի ֆիլմի սկավառակը ժամանակին Արգենտինա, Պինամարի փառատոն հասցնելը, որին մասնակցելու փաստով այսօր հոխորտում է ռեժիսորը: Կարելի է հարցնել նաեւ այն բոլոր երիտասարդ ռեժիսորներին, ովքեր տարեսկզբից ձեռնամուխ են եղել իրենց առաջին մեծ ֆիլմերի ստեղծմանը. որտե՞ղ են մշակվել ու փորձարկվել իրենց սցենարներն ու նախագծերը, որտեղի՞ց են իրենք դրամաշնորհներ ստացել. մի՞թե ոչ «Ծիրանում» կամ մեր աջակցությամբ: Եվ «Ծիրանը» չէ՞, որ բոլոր այս երիտասարդներին նկարահանման, ձայնագրման եւ այլ տեխնիկա է անվճար տրամադրում: Այդ բոլոր ֆիլմերն ու նոր ռեժիսորները պիտի քայլեն այն փառատոնային ճանապարհներով, որը «Ոսկե ծիրանն» է հարթել: Իսկ մենք անհամբերությամբ ենք սպասում նոր ռեժիսորների նոր ֆիլմերին, որովհետեւ հայկական կինոն նոր անունների մեծ պակաս ունի: Ու նաեւ այն պատճառով, որ բոլոր հյուրերը գալիս են մեր փառատոն` առաջին հերթին, հայկական կինո դիտելու: Իհարկե, երիտասարդներից ոչ մեկին նախապես ինչ-որ բան (առավելեւս` մրցանակ) չենք կարող երաշխավորել եւ մտադիր էլ չենք, կարող ենք միայն բարի խորհուրդ տալ, թե որ ծրագրում տվյալ ֆիլմը շահեկան կդիտվի եւ միգուցե կարժանանա ժյուրիի ուշադրությանը: Նրանց, ովքեր անցել են «Ծիրանի» դպրոցը, իմ կարծիքով, սա բացատրելու կարիք չկա: Իսկ «փայլուն ապագայի» շեմին կանգնած Հովհաննես Գալստյանին մնում է միայն խորհուրդ տալ, որ ազատվի հանիրավի վիրավորվածի («օբիժնիկի») կամովին ստանձնած կեցվածքից եւ իր քննադատական ավյունն ուղղի ավելի կառուցողական հուն:
Սուսաննա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կինոքննադատ, «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի գեղարվեստական տնօրեն, Հայաստանի կինոգետների եւ կինոլրագրողների ասոցիացիայի նախագահ, Կինոլրագրողների միջազգային ֆեդերացիայի անդամ
Հ. Գ. Մինչ ես ստիպված էի թանկ ժամեր ու նյարդեր ծախսել այս հոդվածը գրելու վրա, կողքիս, «Ոսկե ծիրանի» կինոդպրոցի սրահում մեր մեծարգո հյուրի եւ Հոլանդիայի ամենահարգված ռեժիսորներից մեկի` Յոս Ստելինգի վարպետության դասն էր ընթանում: 20 երիտասարդ ռեժիսոր, օպերատոր, պրոդյուսեր վարպետի հետ քննարկում էին միանգամից երեք կարճամետրաժ ֆիլմերի նկարահանումները, որոնց տեխնիկական եւ ֆինանսական իրագործումը ստանձնել է «Ոսկե ծիրանը»` նման ծրագրի համար ոչ մի հավելյալ ֆինանսավորում չունենալով: Աստված տա, որ երիտասարդներին ամեն ինչ հաջողվի, այդ դեպքում մենք ֆիլմերը կցուցադրենք մեր փառատոնում եւ կներկայացնենք ուրիշ փառատոներում: