Ա. Երջանիկների դասերի բյուրագումար խմբերը գովեստի բյուրաբեղուն խոսքերով պատվում են կենաց սկզբնալույսը ըղձաձայն հնչման կցորդությամբ եւ որպես փողերով, տավիղներով եւ քնարներով շարժելով զգայական սրտի գործարանը՝ ուրախությամբ վերադրվատում գերազանցյալին՝ անմատույց լույսի մեջ: Եվ անճառ արարչության հրաշագործ ամենաստեղծ տիրությունն օրհնելով՝ Արարչի իսկության պատճառ են առնում սերվածների գոյությունը, ինչպես ցուցանում է ճշմարիտ Բանն էլ. «Երբ այս ամենն ստեղծեցի, երջանիկների դասերի զորաց բույլերն օրհնեցին ինձ մեծաձայն, եւ ամենայն հրեշտակներն իմ գովեցին ինձ»: Եվ արդ, եթե հրափայլ եւ արագընթաց փառաբանիչներով, վերաթռիչ պատգամավորներով, հոգիանյութ եւ անեղծական էակներով նա կօրհնաբանվի, եւ թեպետ նրանք վեհ են բնությամբ ստորականներից, եւ երկրորդ նշույլը առաջին լույսի, սակայն հույժ անտեսաբար տպավորությամբ առ Բարձրյալ Բանի բարի բնությունն են բերվում բարեզարդ բերկրանքով, եւ սուրբ աստվածությունը, որ գոհաբանվում է նրանց կողմից, լայնաձիգ հեռավորությամբ եւ ընդարձակ միջոցով հավետ անջրպետող նշույլներով է ծածկվում նրանցից:
Բ. Ապա այն, որ հրեղեններից անհասանելիին հողեղեն հարկի մեջ պարունակեց, եւ սերովբեներից անճառելիին զգալի մարմնի հոդով պատեց եւ հրեշտակաց դասի կերակրիչին կաթնասուն ստինքներով զորացրեց, ո՞ր երգն է պատշաճ, որ հարմար գովեստներով՝ օրհնելով պիտի պատվի: Մարմնարանն անտեսի եւ ճեմարանը մեծի, տաղավարը տիրական եւ խորանն աստվածական, խառնարանը ճաշակման անապական խրախճության, սրբարանը մաքրության եւ ընդունարանը զգաստության, նպատակը կուսության եւ օրինակը երանության, հարսնարանն անլուծանելի անժամանակական փեսայի, անեղծ աստվածության կամքի բնակարանն հաճության: Այսքան փառազարդ շնորհների ընդունակին ոչ իսկ աստվածության օրհնառաք հրեշտակաց խմբերն են կարող պատվել ինչպես որ պարտ է, ուր մնաց թե երկրավոր մարդը՝ մսեղեն մարմնի հողազանգված նյութի բերանաչափ խոսքի կշիռով, քանզի անհաս անճառությամբ վեհագույն է ամենքից, եւ երկնայինները չեն զորում արժանապես վերաքարոզել Արարչի անհաս տնօրինության անքնին ծնողին: Վասնզի, եթե, Պողոս առաքյալի խոսքի համաձայն՝ հոգեւոր մարդը մեկեն չի քննվում, ապա ուրեմն, նա, որ Բանի աստվածային էության լրությունը հղանալով կրեց յուր մարմնում, մարմնեղեն լեզուն ինչպե՞ս պիտի նրան զննի շրթանց շարժումներով՝ ճանաչելու համար: Որովհետեւ, եթե երկնաբնակ վեհերի անմահ պետությանց դասերը՝ եկեղեցով այս խորին խորհրդին հառեցին, ապա հայտնի է, թե մեծ է նրանց մեջ հիացումն այս սքանչելի գործերով, որ հասու չեն երկրավորներին:
Գ. Սակայն պիտի երգաբանեմ որքան որ զորեմ՝ սրտափափագ բաղձանքով՝ իբրեւ ընծա օրհնառաք տեսչական փառքին, քանզի, եթե երկինքը պատմում է փառքն Աստծո, եւ Հուդայի տարագրված տոհմի վերադարձին բազում ժողովուրդներ տեսան փառքն Անեղի, ապա այժմ Բանի մարմնով երեւալուն եւ ադամակերպ մարմին լինելուն հարկ է հույժ պատշաճորեն՝ ոչ միայն անմարմինների, այլեւ մարմնավորների արժանավոր ըղձանքով հնչեցնել բերկրաձայն օրհնաբանությունները: Քանզի այս խոնարհ երկիրը՝ տիրակիր լինելով, լծակից դարձավ աստվածակիր վերին երկնքին. այդ պատճառով հոգեւոր հրճվանքով խրախուսված երկու դասերը միախումբ պարով Փրկչի փայլման տարեկան տոնն են կատարում, արարվածների մարմնավոր ցեղը եւ հրեշտակաց անմարմին դասերը՝ մարմնավորներին տեսանելի, իսկ անմարմնավորներին՝ իմանալի: Հետեւաբար՝ այսօր մենք էլ իբրեւ եկեղեցի՝ դուստր վերին հարկի երկնային առագաստի, պարում ենք հոգեվին տարփմամբ, երգելով քեզ երկնայինների հետ՝ սրբասաց ձայնով:
Դ. Ո՛վ ամենասուրբ արարչընկալ տիրուհի եւ Աստվածածին, որ անտանելին երկնի բարձրության եւ երկրի լայնության, ծովի խորության եւ անդնդոց անհասության, էությամբ քեզանից իսկությամբ մարմնացյալը քո անձուկ որովայնի մաքուր սենյակում կարողացար կրել: Որին նայելով՝ երջանիկ Հոբը առակաձեւ պատվաբանեց եւ մեծի անբավությունը սքանչացրեց, մեկի դիմաց ասելով, թե՝ չունեմ այն, եւ մյուսի համար՝ թե ինձ մոտ չկա: Որին երգակցելով՝ վեհ Հովհաննեսը Հայտնության գրքում ասում է հիացմամբ՝ երկինք եւ երկիր փախան Աստծո առջեւից մեկ սասանությամբ, եւ տեղ չգտնվեց, քանզի արդարեւ հավետ անձկությամբ կամփոփվեն ի բերումն բովանդակության հանգստյան՝ արարչական Բանին: Իսկ դու, ս. Աստվածածին մաքուր զարմից եւ զանգվածից ընտրված, կրեցիր նրան քո մեջ՝ բարեհաճ կամքի ախորժ հանգստով, լինելով անձնավոր երկիր բույսի եւ մարմնական կենաց հացին անդաստան եւ անշեջ կրակի արծարծից վառարան եւ վայր դալարաբեր ծոցածին ծաղկի հայրական, եւ ծառ երկնուղեշ անթարշամ խնձորի, եւ գործարան գոյության լուսատու մարգարտի, եւ լեռ արձանունակ երկրալիր վեմի, եւ արփիասկիզբ այդ առավոտյան աստղի, եւ հարկ դիտապետի բանական հոտի, եւ արքայական լուսակերտ անմահ թագավորի, եւ մայր կաթնամատույց տիեզերքի ստեղծողի, եւ սրբուհի հարս Հոր Քրիստոսի:
Ե. Խնդա եւ ուրախ եղիր երանությունդ գովաբանող օրհնության այս երգերով, եւ ցնծա Գաբրիելյան ավետիսի ողջույնի ձայնով, բերկրյալդ կանանց մեջ, Բանի խոնարհության արժանավոր բնակարան, աստվածության տնկասաղարթ մարմնի խառնարան, քրիստոնեական անվանադրության օծման յուղարան, որ դեռեւս Բանին անթերի լրությամբ քեզանից ծնվելուց առաջ էիր պահվում հրեշտակական թեւերի սքողումով ցանկարկյալ անաղարտ անբծությամբ: Առ որն հավանությամբ հաճեց երրորդական աստվածության փառքը, արեց հանգստի հանգրվան, քանզի Սուրբ Հոգին եկավ ի քեզ՝ առ հորինողն անախտ սրբության, եւ Բարձրյալ Հոր զորությունը հովանի եղավ մորդ, քեզ պատրաստելով ընդունարան Որդու: Եվ Բարձրյալ Հոր էակիցը, որ բնակվեց քո մեջ՝ անժամանակ էր, եւ այն, որ հոդավոր մարմնով ծնվեց քեզանից՝ իր էության սկիզբն ունի արուսյակից առաջ, ուստի իր հոդավոր միակ մարմինը խառնեց աստվածային բնության հետ անկապտելի կերպով, եւ սեփականեց իր հոր՝ Դավթի Աթոռը, հավիտյան թագավորելով տների եւ քաղաքների, երկրների եւ աշխարհների, եւ նրանց որպես ճանապարհ տվեց փայտակերտ խաչը՝ ի կամարն երկնքի տաճարի, եւ ադամյան մարմնի կործանված խորանը վերականգնեց՝ քրիստոնեական ուխտի դաշնագրությամբ նորաշինելով: Արդ, այսպիսի բազմաթիվ եւ բարձրագույն բարիքների ընդունող եւ մատակարար միայն դու հանդիսացար մաքուր կուսությամբ՝ էի խնկարան, օրհնյալ Տիրուհի, սուրբ Աստվածածին: Քանզի, իբրեւ կնդրուկի, զմուռսի, ստաշխի եւ կասիայի խունկերի շաղախառնություն, մաքուր կրակով սրված, անուշահոտ սրբության հաճելի բույրը բարձրացավ Աստծո եւ Հոր հաճությամբ, վարքով մաքրված, բարությամբ լեցուն, հեզությամբ արձանացած, առաքինությամբ կատարյալ, քաղցրությամբ աղբյուրացած սուրբ Աստվածամայր:
Զ. Խնդա եւ ուրախ եղիր, քեզանից ծնված Աստծո անճառելի հարկ, որ քո այդ Որդու խնամածությամբ հրաշազարդ փառքով լուսապես համբարձվեցիր վերին երկնքի ավարտման կատարը, եւ Հոգու թեթեւ թեւերով սլացար եւ իմանալի կայանները վերաչվեցիր հավետ հանգչելու: Ուստի եւ մտքի իմացողությանն անհասանելի եւ սրտի զգայությանն անըմբռնելի, անտեսանելի վայելքներն անձնապես հոգիագրկելով՝ անեղծի փառքի ճոխությունը սեփականեցիր, սուրբ Աստվածածին:
Է. Ներբողյալ ես մաքուր փայլումը կրող արարչի առաքինությանը, որ սքանչելարվեստ հրաշքով ներգործված քեզանով փառքի մեծ արգասիքը փոխանակեցիր փոքրի հետ: Քանզի անհայր մանուկը իբրեւ որդի գերզգեցար եւ մարդացած անպարագիր էակը բազուկներովդ բռնած բարձրացնելով՝ շուրթերիդ մոտեցրիր եւ համբույրով ողջագուրեցիր: Որին մենք ժառանգակից եղանք եւ Աստված աբբա հայր կոչեցինք քո միջնորդության շնորհիվ, սուրբ Աստվածամայր:
Ը. Բարեհամբավյալ ես, մաքրության շավիղ նախընթաց կույսերի, որ տիեզերքի լրությունը կրողին իբրեւ կարոտ կաթով լիացրեցիր, եւ մարդկային աչքին անտեսանելին նկատելի արեցիր մարմնի մեջ, դրա համար ամեն բերան քեզ է օրհնաբանում շնորհակալությամբ եւ անձկագին տարփանքով, սուրբ Աստվածածին: Երանյալ ես դու ընտիր շրթունքների անբիծ լեզուներով` մեր կենաց պտղի ծաղիկդ Հեսեյան, որ քառատեսակ տարրերի խառնուրդով` անկցորդ մնացիր հողածիններիս բնական կարիքներին, այլեւ քերովբեորեն բխելով հրաբերան նշույլներ: Ուստի արագընթաց հեռանալով վերնական արփիի բարձունքներին ընծայվեցիր, սուրբ Աստվածամայր:
Թ. Խրախճացիր հավետ հրճվանքով բերկրյալդ կանանց մեջ, որ խաչի դժվարընտել ուսուցմամբ կրթվեցիր, Որդուդ կցորդաբար միատեւակ ժուժկալությամբ կրելով քեզնից ծնված Տիրոջ վշտերի երաշխիքը, մշտաչարչար մեռելությամբ անձնատոչոր տոթով խարույկված, իբրեւ գառն անարատ՝ քահանայական նվիրումով մատուցվեցիր սիրո սեղանիդ, ասրաբույս եւ արեւագիսակ, գեղմնաբարձ մաքուր պատարագ, ճգնավորական վարքով ողջակիզյալ, քան թե հանդիսապես սրով խողխողված: Դրա համար որպես քո զենման նվեր՝ հրեշտակների խմբերը հովանի եղան եւ առաքյալների գնդին դասակցելով՝ պատվեցին եւ գովեցին քեզ՝ միայն արժանավորդ, սուրբ Աստվածածին:
Ժ. Խրախճացիր, հավետ հրճվանքով բերկրյալդ կանանց մեջ, որ կույս եւ անարոր արգանդից Բան բեղմնավորեցիր՝ օրհնության արմատ անեծքի ցավերի, բերկրության որդի նախահայր Ադամի: Որի համար շնորհակալ ենք քեզանից, մենք, որ օրհնվեցինք քո Որդու՝ աշխարհի փրկչի շնորհիվ, եւ երանի ենք տալիս քեզ, սուրբ Աստվածածին:
ԺԱ. Խրախճացիր անբավ բերկրանքով, լույսի հարս՝ ոսկեզարդ զգեստներով պաճուճյալ, որ աղցավոր* կրքերի երկրային օրենքին մատուցեցիր երկնայինը, եւ մարդկային մսազանգված սեռին նմաններից աննմանին՝ գեղեցկաչափ հասակով վայելուչ ոստը Լիբանանից մեզ պարգեւեցիր: Ուստի նախահոր պատկերը նորահաստատ քեզանից ստանալով՝ գոհաբանում ենք քեզ, սուրբ Տիրամայր:
ԺԲ. Խրախճացիր երկնային ավետաբերի նախընծա ողջույնով, տաճար սրբափայլ, որ աստվածային լույսով ուռճացած՝ լցվեցիր, եւ երկրավոր մարմնով երկնայինին աթոռ կազմեցիր, եւ արեգակնապես հոլովմամբ առ արուսյակն արագ ընթացար: Դրա համար ամլածին որդին իր պառաված մոր բերանը բանալով՝ օրհնում էր քեզ՝ օրհնվածից կանանց մեջ, սուրբ Աստվածածին: Դու լցրեցիր Զաքարիայի տունը գոհության բարբառով, իբր օրինակ հանրական եկեղեցու, որ քո մշտնջենավոր օրհնաբանդ է. զի ահա այնուհետեւ երանի են տալիս քեզ ամենայն ազգերը քո աստվածազգեցիկ դավանության համաձայն, կույսերի անարատության սկզբնարար, հրեշտակաց բերկրալի բերանով միշտ բարեբանված սուրբ Աստվածածին:
ԺԳ. Քանզի այդ անդրանիկների դասերի եկեղեցին՝ քեզանից առնված մարմինը, որ Բանից անանջատ է, փառավորում է երիցս սրբասացությամբ՝ համապատիվ Հորը՝ որին մերձենալով կտեսնես խորհուրդն ահավոր եւ հավետ կվայելես անճառ ուրախությունը: Քանզի թեւասքողյալ դեմքով հեռվից են՝ նայողների համեմատ, դու հավետ համարձակ կաթնաձիր մայր ճանաչվեցիր, եւ բազուկներիդ մեջ գգվանքով գրկեցիր Հինավուրց Ծերը իբրեւ մանուկ, անձնավոր կառք լինելով քերովբեների Աթոռի վրա բազմողին:
Դրա համար՝ ոչ միայն քեզ հետ, այլեւ քո մեջ, ոչ միայն բազմելով փարվեց, այլեւ տաղավարելով բնակվեց, ոչ միայն միացավ մարմնի զանգվածին, այլեւ մարդացավ սկզբնասկիզբ կերպարանքով, ոչ միայն մեկ Քրիստոս զոդվեց երկու գոյություններից, այլեւ անապական անոսր էության մեջ ընկղմեց մարմնի վերաբերումը, ոչ միայն հոգու միջոցով միավորվեց հողին՝ տեսանելի դեմքով, այլ եռամասն էություններով խառնված միավորվեց անշփոթելի: Մի Որդի մեր բնությամբ իր Հոր Աթոռի աջ կողմում երկնավորներից պաշտպանվեց:
ԺԴ. Որի համար մենք՝ երկրավորներս էլ, մեծ խորհրդի ըղձական երգով երանում ենք քեզ, որ այս մեծ խորհրդի մատակարարն ու սպասավորը եղար, անժամանակ էության երջանիկ ծնող, որ հոգեշունչ երգերով ամենքից փառավորվածին քո մեջ ընդունեցիր, ոչ բաժանարար, այլ ամբողջապես, ոչ փոփոխմամբ, այլ փոխատվությամբ, ոչ ինչ-որ տեղի սահմանի ծիրին, այլ լայնատարր ոգու սենյակի մեջ: Քանզի այն, որ երկիրն ու երկինքը ձեռամբ էր կշռում, արգանդիդ մեջ կրեցիր, եւ ոչ միայն նկատման աչքով ի տես նայեցիր նրան, այլեւ ձեռքերիդ շոշափմամբ, ոչ միայն ողջունեցիր շրթերին անհպելու, այլեւ բռնեցիր, ոչ միայն զննեցիր հասարակաշեն մարմինը մարդացյալ Բանի, այլեւ Հիսուս անվանակոչեցիր Աստծո օծյալին, ոչ միայն ստինքներով սնուցեցիր անժամանակը, այլեւ աճեցրիր այդ հասակով: Եվ ընդհանրական եկեղեցին քեզանից ծնյալին խոստովանում է ճշմարիտ Աստված՝ միացած էակին նախեղակ՝ մեր մտավոր տեսությանն անքննելի: Որի նախատիպը՝ խաբող Հակոբը իր հետ մարտնչողին բռնեց պնդապես, եւ ծածուկ խորհրդով ընդունեց աստվածատես անունը: Այսպես էլ քեզնից ծնյալ մարմինը սրբիդ արգանդի սենյակի մեջ խառնվեց ընդ Աստված, եւ խաբելով մարդկանց թշնամի Եդոսին (սատանա), մարմնով հաղթեց նրան: Դրա համար ոչ թե Աստվածատես՝ այլ ճշմարիտ Աստված անվանվելով, ամենը Իսրայել անունով վերակոչեց: Հետեւաբար՝ լիաբերան օրհնում ենք քեզ, փրկության այս մեծ խորհրդի պաշտոնյա Տիրուհի, սուրբ Աստվածածին:
ԺԵ. Որի նախատիպը ցուցվեց, Աստծո տեսչությամբ, ծովում մաքրապես գոյացած հրափայլ պատվական քարը եւ սպիտակ մարգարիտը: Քանզի արդարեւ դու ես ակն պատվական՝ աշխարհի ծովից ընտրված, որ աստվածային կրակի կերպարանը կրեցիր: Օ՛հ, որքան մեծ է քո մեջ կատարված խորհուրդը, սրբուհի. քանզի եթե մարգարեներն իրենց ոգեշունչ պատգամներով Իսրայելի ծնողներ կոչվեցին, ապա դու, որ Հորը համաբուն անձնավոր Աստվածորդուն քո մաքուր սենյակիդ մեջ մարմնով հայտնապես բացածանուցեցիր, ինչպիսի արժանապատիվ գովություններ պիտի ընդունես: Ո՜վ շնորհաշուք գեղով, լուսավոր ծածկույթով, անմատույց գեղեցկությամբ փողփողյալ զարդ, ով համեստ հեզությամբ, խոնարհ անբծությամբ, լույսի կերպասով, Հոգուց պարասքողված, ո՜վ երկնային զարդերով ոսկեզօծ սրբություն, արծաթափայլ մաքրությամբ, իբրեւ փառքի ակնահուռ պսակ Բարձրյալի հովանին գլխիդ վրա ընդունող, ո՜վ նշուլափայլ մաքուր ուլունքներից եռված քառամանյակյալ, Աստծո, հոգու եւ մարմնի խառնմամբ, եռահյուս էությամբ Որդուց շնորհոք առլցյալ սուրբ լանջք:
ԺԶ. Միայն օրհնյալդ կանանց մեջ Հովհաննես մարգարեի քահանայուհի մոր շրթունքներով, եւ փառավորված համազարմ նմանացեղներիս դասերից ցանկալի երգերով եւ ներբողական տավիղներով: Քանի որ, եթե բանական մարդու գոյությունը ի սկզբանե ստեղծվեց իբրեւ պատկեր Աստծո, եւ այս պատճառով էլ ստեղծողին շնորհակալ եղավ, ապա առավել եւս քեզ ենք պարտական շնորհակալ լինելու, Տիրամայր, որ պատճառ եղար Աստծո ստեղծման ծառայի կերպարանքով. առ որը լրացուցիչ է հանդիսանում մարգարեական այն պատգամը, որ ասում է՝ եղիցի ձեռքը քո մարդու վրա, եւ քո աջը՝ քեզանով խրախուսված մարդու Որդու վրա:
Միածինը՝ Հոր աջը, եւ կարողությունը եւ բազուկը քո մեջ հանգչեց, եւ մարդկանց ամենայն որդիներին զորացրեց իրեն վկաներ եւ երկրպագուներ լինելու: Լույսը, Հոր գոյության նկարագիրն ու կերպարանքը, քո մեջ բնակվելով, ողջ աշխարհին ընձեռեց սրբություն եւ արդարություն: Ապա հիրավի եւ արժանապես հոգեշարժ քնարներով քեզ ենք բարեբանում, սուրբ Աստվածածին:
ԺԷ. Մարդկային զարմից հրեշտակ երկնային, եղծական սեռից անմահ սերովբե, հողային նյութից ոսկի Սոփերի, ծովային բեւմանց շնորհալույս մարգարիտ, Հեսսեյան բույսի քաղցրապտուղ ծաղիկ, Նախնյաց օրերից ճիռ օրհնված, հանդարտ ցողի ամպ անձրեւաձիր, արեւի ծագման ակն արփիափայլ, մերկացած այգու աստղ առավոտի, գիշերային մթան խոսնակ բերկրանքի, օրենքի ստվերի տառ ճշմարտաճառ: Այդ պատճառով իբրեւ այսքան բարյաց գործոն նյութ՝ օրհնյալ ես դու կանանց մեջ, մերկացած նախաստեղծի փառք անկապտելի, վշտացյալ անիծապարտ մոր սփոփանք քավիչ, խաղաղության ձայնատու նրանց խռովված որդիներին: Եվ արդ, ո՞ր խոսքը բաղդատելով կարող է գերհռչակել անհամեմատ մեծությունը քո, արարչի մայր, անհասի ծնող, անբավի գրկարան, ամենակալի անձանցիչ, փառազարդողի զգեցուցիչ, վերօրհնյալ գգվիչ: Ահա՛ սրանց համար, ըստ անսուտ քո խոսքի, հիրավի երանի ենք տալիս քեզ, ով մայր Հիսուսի:
ԺԸ. Աննիրհելի աչաց հայացքով դիտված լուսալիր կերպարանք, անեղծ պայմանով արձանացած մակագիծ կտակ՝ Մեծության կցորդ հարակասահման, երկուսի անայլայլ միության կապ պատկանակիր, կերպով կշռորդված վեհի պատկեր, նյութով բաղկացած թեթեւ պարզություն, տողով ձեւացած տառ ընդհանրական, անսխալ դրոշմված տենչալի տոմար, շնորհով նկարյալ մեծության մատյան, բանով բարդացյալ նամակ ընտրալի, իմաստով զոդված անձնավոր արձան, տիրոջ կերպագրությամբ կնիք մատանու: Երկնից արքայի զգեստ լուսանյութ, սուրբ օդոց անմահ բնակողին, անեղ շինողին հարկ վայելչության, մարդկության առիթ անեղ Բանին, բնության վեհին մարմնացած գործիք, պատճառ պատշաճող անպատկառ ճգնությանց, ուղղության օրինակ անայլայլ վրիպանքի, թերության լրման անպակաս աճելություն, անմահների աշխարհի երկնային Իսկուհի, հայրական գթության մասնակից շնորհընկալ, անպարտակիր ազգակցության վերստին երկնիչ, անամանակ արգանդի ծանուցիչ ծննդյան:
ԺԹ. Դու լույսի Հոր հարազատ Որդուն այս աշխարհի վրա մայրական կաթի ջամբումով դիեցրեցիր, եւ խնամական պահպանության թեւերով պարփակեցիր պարունակվողը: Եվ կենցաղի ընթացքը ձգեցիր դեպի կենաց շավիղը, եւ արագասլաց թռչնի նման փոխադրվեցիր վաղանցիկ աստենականից եւ հրեշտակաց դասերի մեջ հայտնապես աստվածունակ ճանաչվեցիր: Եվ լուսարփի ամպով համբարձվեցիր նրանցից պատված եւ հողեղեն հաստված՝ քերովբեների տեղում հանգչեցիր: Եվ կանանց դասի միջից արուսյակի կերպարանքով երեւացիր, եւ մարդկային զննելի բնությամբ ծածկվեցիր անճառաշնորհ խորհրդի մեջ: Եվ քո եւ համայնի ստեղծողից հպատակական ձեւով պաշտվեցիր, եւ աշխարհի ծագերը հաստատողից մայր անունով կոչվեցիր, եւ իբրեւ առաջին մեղսագործ կնոջ անհանցանք զավակածին գովվեցիր, եւ ամենայն ընտրյալ անբիծներից սրբության պսակ դավանեցիր: Եվ իբրեւ հանդարտ անարատ երինջ մի արարչավանդ լծին մատուցվեցիր, եւ իբր խոնարհ ավանակ աստվածային անհասանելի կամքին հետեւեցիր: Եվ աշխարհային ծովի խորքից շուշանական շավիղներով ամբարձվեցիր, եւ աշխարհիկ զբաղումների դժնի բույսերի խստությանց մեջ ծաղկեցիր, եւ երկրի դառն արմատներից քաղցրաճաշակ պտուղ հայտնվեցիր: Եվ երրորդության անտես թաքնությանը սիրո խորհրդակից կոչվեցիր, եւ Բանի ծածուկ հավաքմամբ իբրեւ լուսատու ձորձով պատվվեցիր, եւ անպարագրելի էի տեսության սկզբնավորման սահման վերակարգվեցիր: Եվ քո լուսասնյալ լանջքիդ վրա ստաշխի ծրարով թաքցրեցիր անսահմանը, եւ քո կուսական բարունակից հասունացրիր անմահարար ողկույզը, եւ զույգ կենաց միջնորդ հանդիսացար սքանչելապես, եւ մրրկածուփ խռովությանց մեջ խաղաղության խորհրդատու հայտնվեցիր, եւ իբրեւ վերնականների ուրախակից՝ անկապտելի անունով պատվվեցիր:
Ի. Արդ այսքան եւ սույնպիսի, եւ բանահյուսների ընտրելագույն երգերով գերահռչակված ես, վսեմական վարքի նախընթաց եւ առաջաշավիղ սուրբ Աստվածածին: Քանզի ինչպես քեզնից երեւյալ միածինը, հայրաբուն անդրանիկը խաչունակ մահակիր ճգնությանց սկիզբն է կոչվում, այնպես էլ դու՝ երանյալդ եւ բարեբանյալդ, աստվածակրոն կենցաղավարության իբրեւ գերազանց օրինակ ծագեցիր: Քեզանով կիզացող անմատչելի կրակը անապական՝ ճաշակումով սպառեցինք, քեզանով օդային թեւերի վրա սլացողին չորքոտանի կենդանիների վրա տեսանք, քեզանից տեսանելիներին անկցորդ եղողին մարդկային կերպարանքով նշմարեցինք, քեզանով մեր մեղքերը զգեցած գովյալին իբրեւ գառնուկ ճաշակեցինք, քեզանով չարագործներից դատվածին իբրեւ ճշմարիտ Աստծո երկրպագեցինք, քեզանով Հոր անծանոթ տերությունը իբրեւ ազգակից օրհնաբանեցինք, քեզանով անեծքի պարտամուրհակը ավազանի ջրի մեջ ընկղմեցինք, քեզանով հրեշտակաց աչքին անտեսանելուն իբրեւ մանուկ գգվեցինք, քեզանով անսահման Բանի բնությունը հասարակածին տիպով համբուրեցինք, քեզանով հոգեղեն նոր Ադամին առաջինի հասակի տեսանք, քեզանով արեգակն արդարության մեզ կենցաղակից կցորդ ստացանք, անժամանակ Բանի էությունը, Դավթից սկսյալ, քեզանով պատմաբանեցինք, մարդու պատկերին անհամեմատելին մեզ նմանատիպ քեզանով գծագրեցինք: Արդ վերոգրյալ ամենայն սուրբ արարքների պատճառը դու ես միայն, անարատ կույսերի կրոնավորության տիպար, Տիրամայր սուրբ Աստվածածին:
ԻԱ . Քանզի, եթե քեզանից աճած չլիներ երկնային ուղեղը, պիտի չպտղաբերեր մեր շրթանց անճաշակելի հաղորդությունը, եւ եթե Հոր արդարությունը երկնքից երեւացած չլիներ, ճշմարտությունը չէր սկսվելու երկրից, եւ եթե քո կուսական արգանդի մեջ հղացված չլիներ, չպիտի մարմնանար, եւ եթե մեր բնությամբ հայտնված չլիներ՝ անհասանելին չպիտի շոշափվեր եւ եթե հողեղեն բազուկները զայն գրկած չլինեին՝ չպիտի ճանաչվեր, եւ եթե երկրավոր շուրթերով չհամբուրվեր, չպիտի ճառվեր, եւ եթե մարդկային ընթացքին վարժված չլիներ, չպիտի քարոզվեր էակն արարածներից, եւ եթե անապակ յուղը թափված չլիներ վեհագույնից, չպիտի օծեր մեզ, եւ եթե մերը խառնած չլիներ իրենին, չպիտի մկրտվեր, եւ եթե մարդ խրախուսված չլիներ երկնայինով, չպիտի սրբվեր, եւ եթե Բարձրյալը խոնարհված չլիներ ընտանի փառքից, չպիտի բարձրանար ստորայիններից առնվածը:
ԻԲ. Բայց մարմնացավ, որքան մարդացավ, ինչպես ծանուցվեց, այնպես հայտնվեց, ավետարանվեց, փառավորվեց, ինչպես երգվեց, այնպես մաքրվեց, մկրտվեց եւ վկայվեց, ինչպես ճառվեց, նույնպես պատմվեց, ինչով որ տնանկացավ, դրանով ճոխացավ, ինչով որ հնազանդվեց, դրանով պաշտվեց, ինչով որ խոցվեց, դրանով երկրպագվեց, կենդանացավ նրանով, ինչով որ թաղվեց, ինչով որ պատժվեց, դրանով պատվվեց, ամաչեցրեց նրանով, ինչով պատկառեց, ինչից որ տրտմեց, դրանով ուրախացրեց, ինչով որ մերկացրեց, դրանով հագցրեց, ինչից որ բեւեռվեց, դրանով ողջացրեց, ինչից որ չարչարվեց, դրանով կանգնեց: Եվ սլացավ որպես վերնային, թռավ որպես հոգեղեն, ծածկվեց որպես անքնին, փախավ որպես անհաս, երկնքի ամպերի վրայով ընթացավ, գովվեց որպես միածին, կարմիր արյամբ ներկվեց, բաց վերքերի խոցերով հարցաքննվեց, անմահ վեհ հրեշտակներից հավատացվեց, մրցման եւ մարտի մեջ իբրեւ հաղթող փառավորվեց, իբրեւ արդարակշիռ դատավոր ամենայն ազգերից քարոզվեց: Քանզի անեղ իսկությունը քեզանից հիմնադրեց մարդեղության սկիզբը եւ քո ընտիր ու անպատմելի շնորհից ընդունեցինք այս բոլոր անզուգական պարգեւները: Եվ քեզանով, բազմերան հույսի ուրախություն, ամենայն այս բարեբաստիկ պատրաստությունը հանդերձվեց: Եվ վերինների եւ վարինների ծածուկ խորհուրդների երանական լույսի նշույլների, նոր արարածների բազմագովեստ պայծառ հորինումի փառքն ամենայն՝ սուրբ եկեղեցու անճառելի շինվածքին, ծնրադրությամբ հանդերձ մատուցանում ենք մեր կերպարանքով քեզանից ծնված Հիսուսի բարձր անվանը: Ուստի քեզ՝ բերկրյալիդ էլ մեր խոսքի սովորական օրհնաբանությունն ենք երկրորդում:
ԻԳ. Օրհնյալ ես դու կանանց մեջ, նրանց պանծալի գլուխը եւ պսակը պայծառ: Կուսական պսակ մաքուր հարսնության, պսակ ընտիր անփորձ գովության, անեղծ պսակ լույսի պանծանաց բարձրագույն կենաց, պայծառափառ պսակ իմաստուն վարքի, տիրապատվաստ պսակ երկնահանճար գիտության, պատվական պսակ եկեղեցու գեղեցկության, պաշտելի պսակ նոր Սիոնի զարդարման, բազմագույն պսակ յոթնարփյան պայծառության, առաջնորդական պսակ վերինների ազգակցության, անբիծ պսակ արդարության:
ԻԴ. Արդ, ամենքին այս վերը թվածների բաղձալի եւ երանելի բնակարան եւ անբավի ընտրողական կամքի ընդունարան ենք խոստովանում քեզ, Ադամի ստորաստեղծ երկրավոր ծնունդներս, որոնց անհամար եւ անթիվ ազգերի ամրապահ պարիսպ կառուցվեցիր: Քանզի քո արժանահայց եւ ամենազոր բարեխոսությանը միշտ ապավինելով՝ մնում ենք հաստատ, խնամված եւ հանգստացած սուրբ Աստվածածնիդ ամուր պատվարի պաշտպանության հովանու ներքո: Պատվար՝ պճնազարդ զանազան մաքրազարդ ակներով հարմարյալ, պատվար հրապարփակ անմատույց ընդդիմողաց հարձակումներից, պատվար բոցանշույլ անհուպ եւ անհասանելի դաժան դրուժաններին, պատվար ամենահրաշ ըստ Եզեկիելի, որ քո մուտքը փակված արձանագրեց ճշմարտորեն, պատվար շրջապարիսպ ըստ Դավթի, որի անշարժ հիմը Բարձրյալից հաստատվեց, պատվար ամրակառույց երկնային քաղաքի, ըստ Պողոսի, որին բնակիչ արիր ամենքիս: Քանզի Աստված՝ ծնեցիր մարմնի մեջ, եւ մարմնավոր Սիոնի ծնունդներիս վերին հոգեւոր Սիոնի որդիներ արարեցիր: Որի համար քո արդար կուսությունն օրհնվեց նրանց շուրթերով եւ ամենքից խոստովանվեցիր մարմնարան եւ տաճար Հոր իսկակցին:
ԻԵ. Որով արդարապես սաղմոսերգուի քեզ ընծայված խոսքի համաձայն՝ մեզ օգնական եղար եւ պատսպարան հորդահոս հեղեղների նեղության օրը, երջանիկների դասի կույսերի մաքրություն եւ նախաշավիղ, հիմնադիր մայր եկեղեցու հաստատության, եւ ծնող Աստծո անարատ Որդու: Հավերժական օրհնությամբ միշտ պսակենք քեզ քո նվիրական տաճարի սրբավայրի մեջ, եւ քո մաղթանքների լայնատարած թեւերի պահպանությանն ապավինելով, մեր ձեռքերը կտարածենք դրա մեջ, եւ աներկբա հույսով կհավատանք՝ թե պիտի փրկվենք: Արդ, աղաչում ենք, ընդունիր մեր լեզվի օրհներգության խոսքերը եւ հաճությամբ տուր Սիոնի եւ Բեթղեհեմի շնորհների պարգեւները: Ուսկից արժանի լինենք ընդունելու մասն փրկության, անմահ փրկչին, քո միածնիդ, միակ Աստծո, Տեր Հիսուսի մեծ գալստյան եւ փառավոր հայտնության օրը: Եվ իբր պատճառ սկզբնաշավիղ այսքան բարիքների, այս գեղապճնյալ կամարի ներքո պիտի պատվենք քեզ, անժամանակ Աստծո բարձրացյալ ծնող:
Վերստին նրան՝ իր անվան գրերի վրա
Գերազանց, քան երկրային բնության չափն ու կշիռը, եւ վեհ, քան նախադաս քերովբեները, ով դու Սրբուհի, պայծառ առագաստ Փրկչի Քրիստոսի, եւ մեզ համար բարեխոս նրա մոտ, ծունր թող դրվի քո պատվարժան պատկերիդ, մեզ համար աղաչիր Աստծուն, որ մարմնով ծնվեց քեզանից:
Աշխարհների հոգնաթիվ մասերի բերկրության, ամենայն ազգերի օրհնության արմատ, երկնային փառքի տարփալի ծագումից երկրի վրա շողացած անստվեր նշույլ, անբաժան հպմամբ մերձավոր անմատույց լույսին, անճառ խոստմամբ ապագա հույսը փրկիր մահապարտությունից քեզ ապավինող ծառաներին քո Որդու:
Ինքդ երկրավոր նյութի մարմնական վարքից երկնայինների կյանքին եղար հպավոր, Մարիամ, եւ Որդու անզննական կերպարանը տեսանելի դարձրեցիր նրանց: Որոնք անսկիզբը սերված տեսնելով՝ երանեցին քեզ, որ արմատ եւ պատճառ հանդիսացար, որից մենք էլ կենաց նորոգություն ենք հայցում, եւ Տիրամորդ ձեռնատվությունը՝ մեզ պաշտպան:
Այսօր քեզ գլխավորեց իմանալի փարթամ մեծությունը, որ սլացյալ հասար երկնքի բարձունքները, ապականության եւ մահու լուծման անընդունակ մարմնով, որից ամոթով պատկառեց մահվան պարտիքը, եւ արժանապատիվ բնակիչ հանդիսացար անմահների երկրում, Տիրոջդ կենակից, ով սուրբ Տիրամայր, միշտ ողորմություն հայցիր մեզ համար, որ պանդխտում ենք ի վիհս ներքին:
Աստվածային անթիվ խրախություններն ու հրճվանքներն ունես դրախտային բուրաստանների մեջ տիրական տունկի, որի ճյուղերն ու ոստերը գերազանց են, այնտեղ մտցրու քեզ դավանողներիս, ով սուրբ Տիրուհի, մայրդ Հիսուսի:
Հայցում ենք քեզնից աղերսական խոսքով, որ քաղցրալուր գրավականն ես աշխարհի, միայն երանյալ եւ բարեբանյալ, Հոր հաճությամբ հովանավորյալ, Որդու ծնող, Հոգու վերընդունող, Երրորդության փառքը կրող, ավազանի անախտ արգանդից տրված անունը վերանկարի երկնքի դպրության մատյանի մեջ: Եվ սակավամասնյա այս գովեստի երգագրությունը արձան հաստատիր միշտ անկործան սրբությանդ առջեւ, մարմնիս ընծայված մրաշար գծերը, եւ զգայական շնչիս՝ պատկերը խոսքերի: Որպեսզի իբրեւ երկու տարրերի՝ միախառնությամբ կազմված միակ էակից, միշտ փառավորվես այս օրհնությամբ, որպես անեղծ հրեշտակներից օրհնաբանությամբ: Թերեւս, քեզ ամրապես հայցվողների շնորհիվ անդատապարտ համարձակություն ունենա՞նք սուրբ դատավորի մեծ եւ ահավոր ատյանի առջեւ, եւ արժանի լինենք անբիծ վարքով եւ ուղիղ դավանությամբ հաստատուն հավատքով այնտեղ էլ հանդիպելու քո երանությանը՝ խոսքերի ընծաներով, փառավորենք քեզ եւ քոնոնց հետ միասին՝ քո պաշտելի եւ պսակելի աստվածափայլ եւ լուսանշույլ մեծ պայծառությանդ ներկայությամբ, անբաժան եւ անքննելի էություն տիրակից եւ արարչակից սուրբ Երրորդության, որին վայելչական պատիվ, եւ անդադար երգոց գովեստներ, այժմ եւ միշտ հավիտյանս հավիտենից. Ամեն:
Երջանիկ եւ շնորհյալ Տեր Ստեփանոսին, նույն հոգելից վարդապետից, իբրեւ ընծայական՝ այս գրվածքին, ատասխանական հիշատակագիր
Էի շնորհակիր եւ Հոգին նրա ընդունող, ընտրյալ եւ ներանձնացյալ այցելու: Ըստ երջանիկիդ բարեսեր կամքի հայցման հաճության եւ ձեր գրած նամակի համաձայն, հորինելով շարադրեցի սույն գովասանական պատմությունը եւ ներբողական ճառերը, նկարված հաստատուն գեղեցիկ պատկերով, թղթի սպիտակափայլ լուսափառ դաշտի վրա, մտրակելով այս ասպարեզի վազքը՝ շրթունքները գրչիս, անշունչ խոսողիս, անքայլ ընթացողիս, անձայն հնչողիս, անդուլ պատմողիս, եւ անսայթաք քարոզողիս: Եվ անջինջ հիշատակով արձանացրի սրա մեջ ձեր տենչալի անունը, Տեր Ստեփանոս, Մոկաց հզոր դիտապետ: Որպեսզի մնաս հարակա այս համառոտագիծ գրքի մեջ անթիվ օրեր եւ հազարավոր տարիներ, իմ սակավամասնյա իմաստով: Ես՝ Գրիգորս՝ հետինը վարդապետներից եւ կրտսերը բանասերներից, մաքրակրոն վարքով գովված եւ հռչակված, հոգեզարդ եւ մտավարժ փիլիսոփա Հայր Անանիայի եղբոր աղջկա որդին: Եվ ընծայեցիր քո եկեղեցիներին՝ ցանկալի խոսքերի այս բարի նվերը, որի պտուղը պիտի վայելես ախորժ բերկրանքի ճաշակմամբ, համելով եւ հարատեւելով աղոթքի հոգեւոր հրճվանքների մեջ: Եվ ընդունելով գրվածքն այս՝ խառնես երկնային գանձերիդ հոգնահամբար եւ ամենագեղ զարդերին: Նույնպես հիշատակես իմ տրուպ անունը քո սրտի սենյակի անձկագին սիրո գավթի մեջ, միշտ նորոգ մտածելով մեզ միասնաբար, ձեր աստվածաբնակ սուրբ խորանի վրա, արարչընկալ սեղանի առջեւ, ինձ եւ իմ անդրանիկ եղբայր Հովհաննեսին ցանկալի, որ ամեն բանի մեջ ինձանից առավել գիտուն է եւ հանճարեղ իմաստասեր: Եվ ամենայն բանով մեր անձերը թող ապրեն քեզ հետ, ինչպես որ քո հոգին է միացած մեզ՝ բանավոր կցորդությամբ միեւնույն քուրայի ընտրող հալոցի մեջ, անբաժան տեսությամբ եւ համաշունչ սրտակցությամբ, անայլայլ խորհրդով, եւ անանջրպետ կամքով խարսխված, հաստատված եւ հիմնավորված մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի մեջ, որին փառք հավիտյանս, Ամեն:
Արդ քանզի տեսությամբ ծանոթ չեմ այդ բաղձալի վայրերին եւ սուրբ խորաններին, աղերսում եմ, որ շնորհ անես այս գրության թերին լրացնելու եւ պսակը ամբողջացնելու՝ ըստ հարմարության: Եվ աղոթքով օգնիր ինձ՝ տառապյալիս, որ հարաժամ զբաղվում եմ ընթերցումով, իսկ գործելու համար դույզն-ինչ ժամանակ իսկ չեմ սահմանելով որոշել:
* հարկավոր