Փորձանք է դարձել

30/03/2010

Թուրքիայի խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության ղեկավար Դենիզ Բայկալը կուսակցության Սիիրթի նահանգային համաժողովում կրկին քննադատել է թուրքական իշխանություններին` հայտարարած քրդական հարցի եւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման քայլերի համար: Ըստ թուրքական Zaman-ի, Բայկալը նշել է, որ առկա խնդիրներին էթնիկ որակումներ տալը սխալ է: «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը սխալ է: Իհարկե, մենք թշնամի չենք: Պատմական ողբերգությունները գիտենք, իսկ այժմ թշնամություն չունենք: Հայաստանի անկախությունը առաջինը ճանաչած երկրների մեջ ենք: Սակայն Հայաստանի կողմից Ղարաբաղը բռնազավթելուց հետո փակեցինք սահմանը: Հիմա էլ, ասելով, որ Հայաստանի հետ բարեկամ ենք դառնալու` Ադրբեջանի դեմ դուրս եկանք: Գազի գինը բարձրացրեցին, այսինքն, դրա դիմաց վճարեցինք: Դրանք սխալ գործեր են: Քրդական հարցի եւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի գլխին փորձանք դարձավ, Թուրքիային նեղ վիճակի մեջ գցեց»,- նշել է Դենիզ Բայկալը: