Կրկնել է

30/03/2010

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը գերմանական «Շպիգել» հանդեսին տված հարցազրույցում կրկնել է երկրից ապօրինի բնակվող հայերին արտաքսելու իր սպառնալիքը: Ըստ CNN Turk-ի, Էրդողանը, մասնավորապես, հայտարարել է. «Թուրքիայում բնակվում են հայեր` եւ՛ քաղաքացիներ, եւ՛ անօրինական գտնվողներ: Մինչ այժմ մենք չէինք բարձրացնում ապօրինի բնակվողների արտաքսման հարցը, սակայն, եթե հայկական սփյուռքը շարունակի իր ճնշումները, մենք ստիպված կլինենք դա անել»: Հարցազրույցի ընթացքում Էրդողանը հերթական անգամ խոսել է պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու առաջարկի մասին, որը թուրքական կողմն արել էր 2005թ. ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Էրդողանը հայտարարել է, որ հարցի կապակցությամբ մինչեւ օրս ուսումնասիրվել է թուրքական արխիվներում գտնվող մոտ 1 միլիոն փաստաթուղթ: «Եթե պատմական հետազոտությունների արդյունքում ի հայտ գան լուրջ հարցեր, Թուրքիան պատրաստ է հաշվի նստել դրանց հետ: Սակայն կարեւոր է, որ Հայաստանն էլ պատրաստ լինի հաշվի նստել իր պատմության եւ անցյալի հետ»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը` ավելացնելով, որ 1915թ. «Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ ոչ մի Ցեղասպանություն էլ չի իրականացվել»: Ի պատասխան գերմանական պարբերականի այն դիտարկմանը, թե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման գործածել է Ցեղասպանություն եզրույթը, Թայիբ Էրդողանը հայտարարել է. «Եթե նա օգտագործել է այդ բառը, դա նրա սխալն է… Բացի այդ, Միացյալ Նահանգներն այդ խնդրի կողմերից չէ: Նա էլ, ինչպես եւ հարցի առնչությամբ հետաքրքրություն ցուցաբերած մյուս երկրները, նստած են տրիբունայում: Հարցի հետ առնչություն ունեցողները մենք ենք եւ Հայաստանը: Դա մեր պատմությունն է: Թուրքիայի Հանրապետությունը 1915թ. չէ, որ ստեղծվել է: Այդ ժամանակաշրջանը Գերմանիայի դաշնակիցը համարվող Օսմանյան կայսրության շրջանն էր»: