Հերքվել է Ստեփանակերտ-Երեւան ճանապարհին

30/03/2010

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում: Կիրակի օրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել են Ստեփանակերտ, որտեղ հանդիպել են ԼՂ ղեկավարության հետ: Սա ինքնին արտառոց է այն առումով, որ տարածաշրջանային այցելությունների ժամանակ համանախագահները ԼՂ մեկնելու դեպքում Ստեփանակերտ են գնում Հայաստանից: Այսինքն` բանակցային վերջին զարգացումների ֆոնին եւ հատկապես ՀՀ իշխանությունների «պատրաստակամ» հայտարարություններից հետո համանախագահները մեկնել են առաջին հերթին Ստեփանակերտ` ճշտելու ԼՂ ղեկավարության դիրքորոշումը: Եվ ԼՂ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը հայտարարել է, թե հայկական կողմը իր անհամաձայնությունն է հայտնել Մադրիդյան սկզբունքների որոշ կետերի վերաբերյալ: «Բայց մենք չենք բարդացնում իրավիճակը, քանի որ ուղիղ երկու տարի առաջ նույն իրավիճակն էր Մադրիդյան սկզբունքների շուրջ, երբ հայկական կողմը ընդունում էր, բայց, ինչպես հիմա է պարզվում` ոչ ամբողջապես, իսկ ադրբեջանական կողմը չէր ընդունում, եւ մենք երկար աշխատեցինք, որպեսզի գանք ընդհանուր հայտարարի»,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի, Ստեփանակերտում հայտարարել է Մերզլյակովը: Սակայն երեկ Երեւանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո հերքել է իր այդ հայտարարությունը: Այսինքն` կարելի է ենթադրել, որ Երեւանում համանախագահներին հավաստիացրել են, որ «խնդիր չկա»: Եվ բավական ուշագրավ է համանախագահների հետ հանդիպումից հետո ՀՀ ԱԳՆ-ի տարածած պաշտոնական հաղորդագրությունը, որտեղ նշվում է. «Անդրադառնալով վերջին շրջանում մադրիդյան առաջարկությունների հետ կապված շահարկումներին` Հայաստանի արտգործնախարարն ասաց. «Մադրիդյան սկզբունքները Հայաստանի կողմից ընդունվել են որպես բանակցությունների հիմք դեռ երկու տարի առաջ եւ շարունակում են մնալ այդպիսին»: Հետաքրքիր է` ո՞ւմ է նկատի ունեցել Է. Նալբանդյանը` «շահարկողներ» ասելիս: Ակնհայտ է, որ տվյալ դեպքում խոսքը միայն Ադրբեջանի մասին չէ: