«Մեկ անգամ արդեն խաբել են»

30/03/2010

Մարտի 1-ի 10 զոհերի հարազատները, մեղմ ասած, անբարոյական են համարում ՀՀ իշխանություններին ուղղված ԵԽ ԽՎ ՀՀ հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլումբիեի ողջույնները: Հիշեցնենք, որ համազեկուցողները ողջունել են ՀՀ իշխանություններին` 2008թ. մարտի 1-ի դեպքերի հետեւանքները վերացնելուն ուղղված ժամանակացույց ներկայացնելու պատրաստակամության համար: «Ի՞նչ ժամանակացույցի մասին է խոսքը: Դեպքից 2 տարի է անցել, եւ որեւէ մարդասպան մինչ օրս նույնիսկ չի հարցաքննվել: Խոսքն առաջին հերթին «Չերյոմուխա-7» կիրառած ոստիկան մարդասպանների մասին է: Մեզ` զոհերի հարազատներիս, որպես տուժողներ ընդգրկեցին «7-ի գործով», այն դեպքում, երբ այդ «7»-ը որեւէ կապ չուներ մեր երեխաների սպանության հետ»,- երեկ «Ա1+»-ին ասել է մարտի 1-ի 10 զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը: Նրան հավատ չեն ներշնչում ինչպես ժամանակացույցի մասին ՀՀ իշխանությունների խոստումները, այնպես էլ ՀՀ-ի հարցով համազեկուցողների հայտարարությունները: «Համազեկուցողները միտումնավոր փակում են իրենց աչքերը Մարտի 1-ի սպանությունների վրա: Ես այս պահին չեմ կարող ասել, թե կոնկրետ որ հարցում են համազեկուցողները հանցավոր համաձայնության եկել ՀՀ իշխանությունների հետ, սակայն դրանում կասկած չունեմ»,- ասել է նա: «Համազեկուցողները Երեւանում մեզ մեկ անգամ արդեն խաբել են: Նրանք փափուկ բարձ դրեցին մեր գլխի տակ եւ գնացին, իսկ այսօր ողջունո՞ւմ են այս իշխանություններին: Ես նրանց որեւէ խոսքին չեմ հավատում»,- ասել է Մարտի 1-ի 10 զոհերից Դավիթ Պետրոսյանի մայրը` Ջեմմա Վարդումյանը: Զոհերից Տիգրան Աբգարյանի մորը` Ռուզաննա Հարությունյանին, նույնպես հավատ չեն ներշնչում համազեկուցողները. «Իմ երեխան զինվոր էր: Նրա սպանության բացահայտումը այս իշխանությունների պատիվն է: Ի՞նչ ողջույնների եւ խոստումների մասին է խոսքը, երբ մեր իշխանությունները Մարտի 1-ը համարում են «էջ» եւ այն էլ` «փակված էջ»: Այդ էջը փակված համարողը այն երբեք չի բացի»: Իսկ զոհերից Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը, ընդհանրապես լուրջ չի վերաբերվում Մարտի 1-ի վերաբերյալ միջազգային կառույցների հայտարարություններին: «Համազեկուցողները ՀՀ իշխանություններին ողջունում են, որ գան Հայաստան մեշոկով փողը դնեն շալակներն ու գնան»,- նշել է նա` ավելացնելով, որ այս իշխանությունների օրոք Մարտի 1-ի 10 սպանությունները չեն բացահայտվելու: Ի դեպ, Մարտի 1-ի 10 զոհերի հարազատները գտնում են, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաեւ Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը եւ ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն իրավունք չունեն մասնակցել ապրիլին Երեւանում նախատեսված «Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի» (FIDH) «Արդարադատություն. Անկախ դատարանի առջեւ արդյունավետ պաշտպանության իրավունք. Նոր մարտահրավերներ» թեմայով 37-րդ միջազգային համաժողովին: Նշենք, որ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահը ապրիլի 5-ին հանդիպելու է 10 զոհերի հարազատների հետ: