Ի՞նչ են ասել համանախագահներին

30/03/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Բավականին հետաքրքիր ու հայկական կողմի համար վտանգավոր իրավիճակ է ստեղծվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Երկու տարի անընդմեջ Մադրիդյան սկզբունքների շուրջ բանակցելուց, բանակցային գործընթացի համար աննախադեպ շատ հանդիպումներ ունենալուց եւ տարբեր փաստաթղթերում այդ սկզբունքները որպես բանակցությունների հիմնական փաստաթուղթ հայտարարելուց հետո հանկարծ պարզվում է, որ Հայաստանը դրա «որոշ կետերի շուրջ անհամաձայնություն ունի»:

Համենայնդեպս, կիրակի օրը Ստեփանակերտում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպելուց հետո այդպես էր հայտարարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը: Այս հայտարարությունը վտանգավոր է այն առումով, որ «նորացված սկզբունքներն» ընդունել է Ադրբեջանը` բավականին անելանելի վիճակի մեջ դնելով Հայաստանին: Հայկական կողմն այդ փաստաթուղթը ստացել է 2 ամիս առաջ եւ մինչ այժմ չի հայտնել իր դիրքորոշումը` ընդունո՞ւմ է այդ տարբերակը, թե՞ ոչ: Իշխանական ճամբարից միայն հայտարարություններ էին հնչում, թե բանակցությունների հիմքում ընկած են Մադրիդյան սկզբունքները: Եվ ահա երկու օր առաջ Յու. Մերզլյակովը հայտարարում է, թե ընդհանուր առմամբ կողմերը համաձայնության են եկել այդ սկզբունքների շուրջ` «բացի 4 կետերից»: Եվ այստեղ արդեն հարց է առաջանում, եթե Հայաստանը չի ընդունում 4 կետերը, ապա ի՞նչ պահանջներ են դրանք, կամ` այդ դեպքում ո՞ր կետերն է ընդունում: Իսկ եթե այդ կետերի հետ համաձայն չէ, ապա ի՞նչ է նշանակում՝ «ընդհանուր առմամբ համաձայն են»:

Երեկ համանախագահները կրկին Հայաստանում էին, կրկին հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Երեկ արդեն ՀՀ իշխանությունները պետք է համանախագահներին ներկայացնեին իրենց կոնկրետ դիրքորոշումն այդ սկզբունքների մասին: Սակայն, ինչպես միշտ, այս անգամ էլ հայկական կողմը մանրամասների մասին որեւէ հոդաբաշխ հայտարարություն չարեց: Նախագահի գրասենյակից միայն հայտնեցին, որ «քննարկել են ԼՂՀ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող մի շարք հարցեր»: ԱԳՆ հաղորդագրության մեջ էլ նշված էր միայն. «Հանդիպմանը քննարկվել են արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները եւ մադրիդյան առաջարկությունների հիման վրա կողմերի մոտեցումները մերձեցնելու հնարավորությունները: Համանախագահները Է.Նալբանդյանին տեղեկացրել են նախօրեին Ստեփանակերտում ԼՂ իշխանությունների հետ իրենց ունեցած քննարկումների արդյունքները»: Է.Նալբանդյանն էլ ասել է, թե «Մադրիդյան սկզբունքները Հայաստանի կողմից ընդունվել են որպես բանակցությունների հիմք դեռ երկու տարի առաջ, շարունակում են մնալ այդպիսին»:

Եվ այսպես, պարզ չդարձավ, թե ինչ պատասխան են տվել ՀՀ իշխանությունները Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակին: Իսկ միգուցե Է.Նալբանդյանի վերը նշված հայտարարությունն արդեն նշանակում է, որ հայկական կողմն է՞լ համաձայն է այդ տարբերակին: Այդ մասին չխոսեցին նաեւ համանախագահները: «Չեմ կարող ասել, թե ինչ հավելումներ են, դրանք հավելումներ չեն, այլ առաջարկություններ, որոնք այն սկզբունքների վերաբերյալ են, որոնց շուրջ համաձայնություն չկար, դրանք աշխատանքային պահեր են, որոնք շարունակվում են»,- հայտարարել է Յու. Մերզլյակովը` ավելացնելով, որ Արտգործնախարարությունում կայացած հանդիպման ժամանակ սկզբունքների վերաբերյալ կոնկրետ ձեւակերպումներ չեն քննարկվել:

Սակայն վերջին օրերին ՀՀ իշխանություններն ամենատարբեր մակարդակով հայտարարում ու ընդգծում են, որ հայկական կողմի համար ամենակարեւոր պայմանը ԼՂՀ կարգավիճակի հարցն է: Անգամ դրա համար Ս.Սարգսյանն աննախադեպ հայտարարություն արեց, թե ԼՂՀ ինքնորոշման դիմաց հայկական կողմը պատրաստ է որպես փոխզիջում վերադարձնել ազատագրված տարածքները: Ու եթե այսքան հանդիպելուց ու բանակցելուց, հայկական կողմի այդքան «բարյացակամությունից» հետո դեռ 4 կետերի շուրջ անհամաձայնություններ կան, ուրեմն, ամենայն հավանականությամբ, այդ կետերից մեկը ԼՂՀ կարգավիճակի հարցն է: Այսինքն` կարելի է ենթադրել, որ «նորացված տարբերակում» համանախագահող երկրներն էլ ԼՂՀ կարգավիճակի հարցը լուծել են հօգուտ Ադրբեջանի տարածքային ամբողջականության:

Բացառված չէ, որ այս վերջին իրադարձությունների արդյունքում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը հայտնվի հերթական փակուղում: Ստեղծվել է մի իրավիճակ, որ ՀՀ իշխանությունները կամ պետք է համաձայնեն այդ նոր տարբերակին, որովհետեւ Ադրբեջանն արդեն համաձայնել է, կամ պետք է հրաժարվեն, որովհետեւ Ադրբեջանն է համաձայնել: Իսկ 4 սկզբունքների շուրջ անհամաձայնություն ունենալը գրեթե հավասարազոր է Մադրիդյան սկզբունքները մերժելուն, եթե, իհարկե, Ս.Սարգսյանն ու Է.Նալբանդյանը Մինսկի խմբի համանախագահների հետ երեկվա հանդիպման ժամանակ չեն փորձել այդ մերժումն առայժմ հետաձգել: Ավելացնենք, որ երեկ ժամը 17-ի սահմաններում` ճիշտ այն պահին, երբ տեղի էր ունենում համանախագահների հանդիպումը Ս.Սարգսյանի հետ, իշխանական ճամբարից տեղեկություններ էին ստացվում, որ Յու. Մերզլյակովը հանդիպումներից հետո պետք է հայտարարի, թե ինքը ԼՂՀ-ում չի ասել, թե ՀՀ-ն Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակի «որոշ կետերի շուրջ անհամաձայնություն ունի», որ լրագրողներն իրեն սխալ են հասկացել, եւ դա եղել է սխալ թարգմանություն այն դեպքում, երբ երեկ ողջ լրատվական ու քաղաքական դաշտն այս հայտարարությունն էր քննարկում: Այդպես էլ եղավ: Մոտ 3 ժամ անց` Է.Նալբանդյանի հետ հանդիպելուց հետո Յու. Մերզլյակովը հերքել է ԼՂՀ-ում արած իր հայտարարությունը:

Ավելացնենք նաեւ, որ հայկական կողմը վերջերս անընդհատ բարձրաձայնում է, թե ԼՂՀ-ն պետք է մասնակցի բանակցություններին: Զարմանալի կերպով ԼՂՀ իշխանություններն էլ են հիշել, որ խոսքը գնում է իրենց պետության կարգավիճակի, անվտանգության ու շրջակա տարածքների մասին: «Առանց Արցախի Հանրապետության լիիրավ մասնակցության անհնարին է հասնել հակամարտության վերջնական եւ համապարփակ կարգավորման: Ադրբեջանի ապակառուցողական ու ռազմատենչ մոտեցումները, ինչպես նաեւ փոխվստահության հաստատմանն ուղղված նախաձեռնությունների շարունակական մերժումը հանդիսանում են հակամարտության կարգավորման ամենամեծ խոչընդոտները»,- հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը համանախագահների հետ հանդիպման ժամանակ:

Տպավորություն է ստեղծվում, թե ՀՀ իշխանությունները փակուղուց դուրս գալու, հարցի պարտադրված կամ ընդհանրապես լուծումը ձգձգելու համար են խաղարկում բանակցություններին ԼՂՀ մասնակցության հարցը: «Ինչո՞ւ ենք մենք այժմ առաջարկում, որ ԼՂՀ-ն պետք է դառնա բանակցային կողմ: Որովհետեւ, իսկապես, այնտեղ կոշտ դիրքորոշումներ կան: Ադրբեջանը կոշտացրել է դիրքորոշումը եւ ասում է, որ Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակին համաձայն է»,- անցած շաբաթ մեզ հետ զրույցում անկեղծորեն խոստովանել էր ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը: