Օրեր առաջ էլ հայտնի դարձավ, որ երկուսուկեսամյա խորհրդարանական բոյկոտից
հետո ընդդիմադիր պատգամավորները որոշել են վերադառնալ օրինաստեղծ
գործունեությանը: Ինչո՞ւ խորհրդարանական ընդդիմությունը որոշեց դադարեցնել
տեւական բոյկոտը: «Նոր Ժամանակներ» կուսակցության (ՆԺԿ) ղեկավար Արամ
Կարապետյանի խոսքերով` խորհրդարանական ընդդիմությունը պրագմատիկ որոշում է
ընդունել: «Նրանք հասկացան, որ հեռուստատեսությամբ ելույթ ունենալը
բավականին շատ ռեյտինգային ազդեցություն է ունենում»,- ասում է ՆԺԿ
առաջնորդը: Վերջինիս կարծիքով` հենց այս փաստն է պատճառը, որ
ընդդիմությունը որոշեց դադարեցնել տեւական բոյկոտը: Ա. Կարապետյանը,
ողջունելով ԱԺ-ում սահմանադրական քննարկումներին ընդդիմության
մասնակցությունը, կարծում է, որ Հայաստանում ինչ լավ Սահմանադրություն ու
ընտրական օրենսգիրք էլ ընդունեն, ինչ օրենքներ էլ բարեփոխեն, դրանց
կիրառումը լինելու է այնպիսին, ինչպիսին կա: Որպես օրինակ` նա նշում է
1937-ին ԽՍՀՄ ընդունած Սահմանադրությունը, որն ըստ նրա` ՄԱԿ-ի կողմից
համարվել է լավագույններից մեկը: «Քանի դեռ մարդիկ, ովքեր կիրառում են այդ
օրենքները, չեն փոխվել, օրենքներ փոխելն անիմաստ է»,- համոզված է Ա.
Կարապետյանը:
ՆԺԿ առաջնորդը գտնում է, որ հեղափոխական արմատական ուժերը Հայաստանում քիչ
են: «Ցավալի էր, որ հենց այս պահին դա տեղի ունեցավ, քանի որ առջեւում
սահմանադրական հանրաքվեն է, որը հեղափոխական գործընթացներ տանելու համար
շատ լավ քաղաքական մոմենտ է»,- անդրադառնալով «Հանրապետություն»
կուսակցության պառակտման փաստին` ասում է նա: Պրն Կարապետյանը չի կարծում,
որ «Հանրապետություն» կուսակցության ներսում պառակտման հիմքեր չկային:
Սակայն ինչո՞ւ հիմա պառակտվեց «Հանրապետությունը»: «Իհարկե միջամտեց
իշխանությունը,- ասում է ՆԺԿ ղեկավարն ու ավելացնում,- այս պահին դա
ամենաշատը պետք էր իշխանությանը: Սա փաստ է: Եվ կան անհատներ, որոնց վրա
ներազդեցության միջոցներ կան»: Իսկ ի՞նչ ձեւով, ո՞ւմ վրա կարողացավ ազդել
իշխանությունը, Ա. Կարապետյանը չի կարող ասել: Նրա տեղեկություններով`
«Հանրապետություն» կուսակցությունն արդեն սեպտեմբերի կեսերին պատրաստվում
էր հեղափոխական բավականին լուրջ գործողությունների: Պարզվում է, որ
ընդդիմության ներսում միայն պառակտման գործընթացներ չեն տեղի ունենում:
Բազմիցս պառակտված ընդդիմությանը միավորելու հերթական փորձն է անում
մտավորականների ֆորումի ավագանին: ՆԺԿ-ն ողջունում է ֆորումի ավագանու
նախաձեռնությունը: «Եթե քաղաքական ուժն է փորձում մնացածների հետ
պայմանավորվածությունների հասնել, այդ ուժերի մոտ խանդ է առաջանում,
ամբիցիաների խնդիր է առաջանում եւ այլն: Այլ հարց է, որ բավականաչափ լուրջ
աշխատանք են տանում մարդիկ, որոնց արժանիքները հասարակության մեջ անվիճելի
են: Դրանք հասարակության մեջ մեծ անուն ունեցող մարդիկ են»,- ասում է պրն
Կարապետյանը եւ հավելում, որ թե՛ Վրաստանում, թե՛ Ուկրաինայում քաղաքական
տարբեր ուժերի միջեւ կապող օղակ է եղել ինտելիգենցիան, որը կարողացել է
նույն սեղանի շուրջ նստեցնել քաղաքական ուժերին, իսկ հետագայում քաղաքական
գիծը տարել են քաղաքական կուսակցությունները: «Հայաստանում այդ աշխատանքը
ավագանին է կատարում: Չերեւացող աշխատանք գնում է, եւ ես արդյունքներից
շատ գոհ եմ: Եվ դուք շուտով կտեսնեք այդ աշխատանքի արդյունքները»,-
խոստանում է նա: Անդրադառնալով իրենց կողմից խոստացված «ազգային
հեղափոխության» գործընթացին` պրն Կարապետյանը դարձյալ զերծ է մնում դրա
ավարտի թեկուզ մոտավոր ժամկետներ նշելուց: Նրա կարծիքով` 2003-ի
ընտրություններից հետո սահմանադրական փոփոխությունների սպասվող հանրաքվեով
առաջին անգամ հնարավորություն է ընձեռվել, որ հասարակությունը ներկայացնի
իր գնահատականը, եւ եթե արդար, թափանցիկ հանրաքվեի պայմաններում
ժողովուրդը գնա եւ «այո» ասի փոփոխությունների նախագծին, դա, ըստ Ա.
Կարապետյանի, նշանակում է իշխանությունների լուրջ հաղթանակ, եւ դա
իշխանությունները կարող են ներկայացնել որպես ժողովրդի կողմից իրենց վարած
կուրսի ընդունում: Եվ նույն տրամաբանությամբ, եթե ժողովուրդը «ոչ» ասի
նախագծին, դա նշանակում է` «ոչ» իշխանություններին: «Այդպիսի բախտորոշ
հարցերում յուրաքանչյուր «ոչ» նշանակում է` «ոչ» իշխանությունների վարած
կուրսին»,- համոզված է ՆԺԿ առաջնորդը: Լավ, իսկ ի՞նչ է հետեւելու այդ
«ոչ»-ին: «Այն զանգվածը, որը նախագծին կասի «ոչ», մեր գլխավորությամբ
խաղաղ, հանգիստ պահանջելու է կոալիցիայի եւ նախագահի հրաժարականը»,- ասում
է մեր զրուցակիցը:
Ի դեպ, թվում էր, թե ընդդիմությունն այսօր գոնե մեկ հարցում միասնական է.
Կենտրոն համայնքի թաղապետի առաջիկա ընտրություններում պաշտպանել ՀԺԿ
լրատվական ծառայության պատասխանատու Ռուզան Խաչատրյանի թեկնածությունը:
Սակայն Ա. Կարապետյանը մեզ փոխանցեց, որ ՆԺԿ-ն կարծում է, որ ՏԻՄ
ընտրություններն այս պահի համար երկրորդական են, եւ կուսակցությունը
որոշել է այս թեմայով որեւէ ձեւով որեւէ հարցի չանդրադառնալ: «Այսօր ՏԻՄ
ընտրությունները մեզ համար զուտ ընտրություններ են, որոնք մենք կողքից
ուսումնասիրում ենք»,- նշում է Ա. Կարապետյանը:
Հ.Գ. Մի քանի օր առաջ Ա. Կարապետյանը տեղեկացրել էր, որ ինքը
տեղեկություններ ունի այն մասին, որ Հայաստանին եւ Թուրքիային հաշտեցնելու
նպատակով ՀՀ-ԱՄՆ-Թուրքիա գաղտնի բանակցություններ են ընթանում (որոնք
այնուհետեւ ընթացել են երկկողմ` ՀՀ-Թուրքիա ֆորմատով), որոնց հայկական
կողմից մասնակցում են Ռոբերտ Քոչարյանի շրջապատի մարդիկ: Ա. Կարապետյանը
ձեռնպահ մնաց անուններ նշել, սակայն ասաց, որ նրանք ո՛չ ՕԵԿ-ից են, ո՛չ
ՀՅԴ-ից: «Դրանք չինովնիկներ են»,- փակագծերը չբացեց ՆԺԿ ղեկավարը: