Երեկ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի` Ռիկստագի հայազգի պատգամավոր, Կանաչների կուսակցության անդամ Իզաբել Դինգիզյանին: Ըստ ՀՀ ԱԺ մամուլի ծառայության, Հ. Աբրահամյանը նշել է, որ Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտելը եւս մեկ քայլ է ապագայում աշխարհում նման հանցագործությունները կանխելու համար: Նա տեղեկացրել է նաեւ, որ Հայաստանի խորհրդարանում ստեղծվել է հայ-շվեդական բարեկամության պատգամավորական խումբ, եւ ցանկալի կլինի նման խմբի ստեղծումը նաեւ Շվեդիայի խորհրդարանում: Հ. Աբրահամյանը նշել է նաեւ, որ մտադիր է Երեւանում կազմակերպել աշխարհի բոլոր խորհրդարանների հայազգի պատգամավորների համաժողով, ինչը շատ օգտակար կլինի Հայաստանը ճանաչելու, տեղեկատվություն ստանալու, փոխադարձ շփումների եւ համագործակցության համար: