ԱԺ Առողջապահության, մանկության եւ մայրության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, թե պետությունն այսօր ի վիճակի չէ իրականացնել բոլոր դեղերի արժեքների կարգավորումը: Ուստի, ըստ նրա, ավելի ճիշտ է սկսել հիմնական դեղերի ցանկից, որում ընդգրկված են շուրջ 300 դեղեր: Ա.Բաբլոյանի խոսքով` դեղերի գների կարգավորման խնդիրը չի կարող առանձնացվել ընդհանուր առողջապահության կազմակերպման կոնցեպցիայից: Նա տեղեկացրել է նաեւ, որ ներկայումս մշակվում է դեղերի որակի ապահովմանն ուղղված նոր օրինագիծ, քանի որ դաշտն այսօր «թերի է, խնդիրներ կան դեղերի որակի, գների եւ տարածքային ու ֆինանսական մատչելիության հետ»: «Ժամկետանց դեղերի շրջանառությունը գործող օրենքով արգելվում է, սակայն նոր օրենքով առավել խիստ կլինի եւ հնարավորություն չի տա խուսափել դեղերի վերահսկողությունից»,- ասել է նա: Անդրադառնալով առողջապահական ծառայությունների արժեքների բարձրացման խնդրին, Ա. Բաբլոյանն ասել է, որ խնդիրը վերջին երկու տարում ՀՀ կառավարության եւ խորհրդարանի ուշադրության կենտրոնում է։ «Բժշկական ծառայությունների գների կարգավորման մեխանիզմները բարդ են: Ես համաձայն չեմ այն հայտարարություններին, որ գները երկու անգամ բարձրանալու են: Ցավոք, Հայաստանում դեռ շարունակում են մնալ օրինական եւ ոչ օրինական գներ: Պետությունը պետք է հաստատի մեկ իրական գին, եւ այն պետք է փակցվի պատին»,- ասել է Արա Բաբլոյանը: