Պետեկամուտների կոմիտեի Օպերատիվ հետախուզության վարչության դիտակետում այս անգամ հայտնվել էր «Սաշա եւ Սրբուհի» ՍՊԸ-ն. օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կոմիտեի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ «Սաշա եւ Սրբուհի» ընկերության փաստացի ղեկավարը մայրաքաղաքի բնակիչ Կարապետ Քաշանյանն էր: Հենց նա էլ ձեւավորել էր հատուկ խումբ` տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու նպատակով: Խմբի անդամները Քաշանյանի ընկերներն էին` Մուշեղ Աբրահամյանն ու Հրանտ Մարկոսյանը: Համատեղ ուժերով փնտրել եւ գտել են հարմար անձի, ով ընդունել է գայթակղիչ թվացող առաջարկը` ձեւականորեն ստանձնել ընկերության տնօրենի պաշտոնը, առանց ապրանքների մատակարարման ու ծառայությունների մատուցման կնքել-ստորագրել անհրաժեշտ փաստաթղթեր, որ պահանջվում էին այս կամ այն գործարքը կատարելու համար: Կազմակերպության դրածո տնօրենի պաշտոնն, այսպես ասած, վստահվել էր Երջանիկ Սարգսյանին` Մուշեղ Աբրահամյանի վաղեմի ծանոթին: «Հրանտ Մարկոսյանն իր հերթին` Կ.Քաշանյանի եւ Մ.Աբրահամյանի հետ միասին, դրդել է «Սաշա եւ Սրբուհի» ՍՊԸ տնօրեն Երջանիկ Սարգսյանին զբաղվելու կեղծ ձեռնարկատիրությամբ, այն է` 2008թ. հոկտեմբերից մինչեւ 2009թ. փետրվարը, առանց ապրանքների մատակարարման եւ ծառայությունների մատուցման, կազմելու չլրացված հաշիվ-ապրանքագրեր, դրամարկղային մուտքի օրդերի անդորրագրեր եւ այլ փաստաթղթեր, որոնցով` Կ.Քաշանյանի կազմակերպած խմբի կազմում` առանց պետական գրանցման, իրականացվել է օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեություն»,- ասում է ՀՀ ՊԵԿ Քննչական վարչության ավագ քննիչ Արթուր Ասատրյանը: Խմբի կազմակերպած անօրինական գործարքների հետեւանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի` շուրջ 61,5 մլն դրամի վնաս: Ընկերության իրական ղեկավարը` Կարապետ Քաշանյանը, 2009թ. հունվարին մահացել է: Օպերատիվ հետախուզության եւ Քննչական վարչությունների աշխատակիցները հայտնաբերել եւ բերման են ենթարկել հանցավոր խմբի անդամ Հ. Մարկոսյանին: Իր կատարած արարքների համար նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-189 հոդվածի 3-րդ մասով եւ 188 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Հարուցված քրգործի նախաքննությունը շարունակվում է: