Պուշկին 3 եւ Աբովյան 8 շենքերին հարող տարածքում ստորգետնյա ավտոկայանի կառուցման աշխատանքները չեն կասեցվում անգամ այն դեպքում, երբ Պուշկինի փողոցի 3 շենքի բնակիչները պետական կառույցներից դրանց անօրինականությունը փաստող փաստաթղթեր են «հայթայթում»:
Բոլոր փաստաթղթերն ապացուցում են, որ Աբովյան 8 շենքի սեփականատեր Սամվել Մայրապետյանն իր ծրագիրն ավարտին հասցնելու համար շրջանցում է ինչպես քաղաքաշինական, այնպես էլ` հողային եւ իրավական ակտերով ամրագրված արգելքները: Հիշեցնենք, որ Պուշկին 3 շենքի ճակատային մասում Ս. Մայրապետյանն իր սեփականությունը հանդիսացող Աբովյան 8 հասցեի էլիտար շենքի համար երկհարկանի ստորգետնյա ավտոկայանատեղի է կառուցում, որի պատճառով 10 հարկանի շենքի շուրջ 200 բնակիչներ տեւական ժամանակ է` դիմում-բողոքներ են ներկայացնում պետական մարմիններին: Թեեւ բնակիչներն իրենց դիմումներն ուղարկել են ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին, Երեւանի քաղաքապետին եւ ՀՀ Քաղաքաշինության նախարարին, սակայն պատասխան են ստացել միայն ՀՀ Քաղաքաշինության նախարարության Քաղաքաշինական պետական տեսչությունից: Պատասխան նամակում ՀՀ քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչ Ս. Հայրապետյանը բառացիորեն նշում է, որ նախագիծը մշակվել է ճարտարապետահատակագծային խախտումներով, որի պատճառով դեռեւս 2007թ. կառուցապատողին արգելվել է ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցել. «ՀՀ քաղաքաշինության նախարարության Աշխատակազմի Քաղաքաշինական պետական տեսչության կողմից ուսումնասիրվել են Ձեր դիմումում բարձրացված հարցերը` կապված նույն շենքին հարող տարածքում իրականացվող քաղաքաշինական գործունեության օրինականության հետ, եւ հայտնում եմ հետեւյալը. Երեւանի Պուշկինի փողոցի թիվ 3 եւ Աբովյան փողոցի թիվ 8 շենքերին հարող տարածքում ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցելու համար 2007թ. հունիսի 13-ին տրվել է թիվ 18-07/2-5077-483 ճարտարապետահատակագծային առաջադրանքը, որի հիման վրա մշակված նախագիծը 2007թ. օգոստոսի 22-ին համաձայնեցվել է Երեւանի գլխավոր ճարտարապետի կողմից, եւ 2007թ. օգոստոսի 31-ին տրվել թիվ 18-150022-895 շինարարության թույլտվությունը: Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ նախագիծը մշակվել եւ համաձայնեցվել է ճարտարապետահատակագծային առաջադրանքի պահանջների խախտումներով, որի կապակցությամբ համապատասխան գրություն է ուղարկվել Երեւանի քաղաքապետին` կասեցնելու 2007թ. օգոստոսի 31-ին տրված թիվ 18-15022-895 շինարարության թույլտվության գործողությունը»: Այս գրությունը, բնակիչների դիմումին ի պատասխան՝ տրվել է 2010թ. մարտի 24-ին, որով ապացուցվում է ներկայիս շինարարական գործողությունների անօրինական լինելը: Չնայած դրան` կառուցապատողը շրջանցելով սեյսմիկ անվտանգության նորմերն, արդեն հատուկ տեխնիկայով «ջարդում» է շենքի տակի տուֆե ժայռը, որով դեռ սովետական տարիներին 10 հարկանի բարձրահարկ շենքի կառուցապատողները երաշխավորել են շենքի սեյսմիկ ամրությունը: Շենքի բնակիչներից Ռուբեն Ջանոյանն, ով մասնակցել է շենքի նախագծման եւ շինարարական աշխատանքներին, վստահեցնում է, որ Ս. Մայրապետյանն իր այս գործողությամբ կասկածի տակ է դրել շուրջ 200 բնակչի կյանքը, քանի որ ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցելու արդյունքում էապես վնասվում է շենքի հիմքը. «Շենքի նախագծման գործընթացին մասնակցել եմ: Նախ՝ այս շենքը կառուցվել է ոչ թե պետության, այլ` հիմնարկությունների փողերով, եւ այսօր թող պետությունն իզուր տեղը չծախի շենքի հարակից տարածքները: Այստեղ պետական փողեր չեն ներդրվել. նրանք կաթսայատան ներքեւի ֆունդամենտից ցածր են քանդել, որը քաղաքաշինական լուրջ խախտում է եւ շենքի ամրությունն այլեւս խիստ կասկածելի է: Բացի դա, մեր շենքին կիպ կպած այդ էլիտար շենքի ֆունդամենտն ավելի ցածր է, քան մեր շենքինը, ինչի արդյունքում Պուշկինի 3 շենքը, կարելի է ասել` հիմա օդից կախված է, եւ չի բացառվում, որ մեր շենքը շուտով նստի: էլ չեմ ասում, որ կանաչ գոտին ոնց հատեցին…»: Բնակիչներն ահազանգում են, որ կառուցապատողը խաբեությամբ շենքի որոշ բնակիչներից ստորագրություն է վերցրել, իբր Աբովյան 8 շենքի ստորգետնյա ավտոհանգրվանի մուտքի կառուցման եւ հարակից տարածքի բարեկարգման համար: «Ամբողջ աշխարհում հիմա սեյսմիկ ակտիվություն է նկատվում, իսկ Հայաստանը սեյսմիկ գոտի է: Կառուցապատողն իր կամայականությունն իրագործելու նպատակով վտանգում է 10 հարկանի շենքի շուրջ 200 բնակչի կյանքը: Սա արդյո՞ք մեր իշխանություններին չի մտահոգում, թե՞ կարելի է զոռբայության գնով հասնել ամեն ինչի: Փաստորեն դա անում են պետական հովանավորչությամբ, պետական զոռբայությունով»,- ասում են վրդովված բնակիչները` վստահեցնելով, որ շարունակելու են պայքարել, եւ անհրաժեշտության դեպքում դիմելու են նաեւ եվրոպական կառույցներին:
Ի դեպ, Պուշկին 3 շենքի բնակիչները նաեւ նշում են, որ ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցելու վերաբերյալ առկա փաստաթղթերում, չգիտես ինչու, երկրորդ կողմ է հանդիսանում ոչ թե Պուշկինի 3 շենքը, այլ` Ժուռնալիստների միությունը. «Ժուռնալիստների միությունը ճարտարապետանախագծային գրություն է տվել, որը հիմք է հանդիսացել այս շինարարությունը կատարելու համար: Այսինքն` բողոքելու փոխարեն՝ միության նախագահն իր համաձայնությունն է տվել` վտանգելով բնակիչների անվտանգությունը»: