Երեւանի Կոզեռն թաղամասի բնակիչներն այդպես էլ չեն կարողանում հասկանալ, թե ով է իրենց թաղամասի իրացման իրավունքը ձեռք բերել:
«Հիմա էլ ասում են, ինչ-որ «Local Developels»-ինն ա: Էլ գլուխ չենք հանում: Ինչ ուզում` անում են: Մենակ մեզ էս անորոշ վիճակից շուտ հանեն»,- անթաքույց հիասթափությամբ նշեցին Երեւանի Կոզեռն թաղամասի բնակիչները:
Կոզեռնը կոնտրաստներով թաղամաս է: Այստեղ շքեղ առանձնատների կողքին ասես կուչ են եկել հողաշեն, փայտյա խարխուլ տները: Նեղ փողոցների պես էլ բնակիչների կյանքն է, ովքեր վաղուց սովորել են ցույցեր կազմակերպել ու իրենց սեփական իրավունքները պահանջել: Վերջիններս իրենց թաղամասը մատնացույց անելիս՝ նշում են ոչ թե, ասենք, Սուրբ Հովհաննես եկեղեցին, այլ, ինչպես իրենք են ասում` «նախագահի դաչան»: «Սերժ Սարգսյանը մինչեւ նախագահ դառնալը եկավ, հանդիպեց մեզ հետ: Դեռ է՜ն ժամանակ Քոչարյանն էր: Մի խոսքով, ինչ գլուխդ ցավացնեմ, եկավ, մեզ ասաց, որ մեր թաղամասի խնդիրները կլուծի: Ու էդ ժամանակ հըլա ձմեռ էր: Էսպես ասաց. «Ժողովուրդ ջան, գնացեք ձմեռվա կարտոֆիլն առեք, թթուն դրեք, փետը առեք: Թող ձմեռն անցնի, ձեր խնդիրները կլուծենք: Բա արդեն 6-րդ ձմեռն ա անցել, ինչի՞ մի բան չեն անում»,- ասացին Կոզեռն թաղամասի բնակիչները: Խնդիրն այն է, որ դեռեւս 2004թ. Երեւանի Պուշկինի այգուն հարող տարածքը (խոսքը վերաբերում է Կոզեռն թաղամասին) ՀՀ Կառավարության եւ Երեւանի քաղաքապետի որոշումներով ընդգրկված է Կենտրոն թաղային համայնքի վարչական սահմաններում կառուցապատման ծրագրերի իրականացման նպատակով պետության կարիքների համար վերցվող հողամասերի ցանկում: Ընդ որում` վերոնշյալ հողամասի տարածքը կազմում է 35700.0քմ, եւ նախատեսվում է իրականացնել բնակելի եւ հասարակական կառուցապատում: «Մեզ ասացին, որ մինչեւ 2010 թվի վերջը Կոզեռն թաղամաս հասկացողություն չի լինի: Իսկ ո՞ւր ա: 10 թվի գարունն էլ եկավ: Ոչ մի կոնկրետ փոխհատուցում չի եղել: Ամբողջ պրոբլեմն էն ա, որ մենք իրավունք չունենք ոչ վերանորոգել շենքը, ոչ վաճառել տունը: Ու գիտե՞ք, տղաս որ ուզում էր ամուսնանալ, ասում էինք` տղա ջան, սպասի՛, տունը քանդելու են, հիմա տան հարմարությունները լավը չեն: Բայց ամուսնացավ: Ու էսօր իմ թոռնիկը 1 տարեկան ա»,- ասաց Լուսիկ Պետրոսյանը` ներկայացնելով իրենց առկախ կարգավիճակը: Ըստ նրա` թաղամասում որեւէ մեկն իրավունք չունի վերանորոգման աշխատանք սկսելու: «Որովհետեւ մեկ ա` գլխին գալու են կանգնեն: Որտեղի՞ց: Քաղսովետից»,- ավելացրեց կոզեռնցի կինը` թոռան հետ ուղեկցելով դեպի տան ետնամաս: Շուրջ 55 տարվա պատմություն ունեցող տան հողաշեն շերտն արդեն կամաց-կամաց քանդվում է: «Իսկ տան ներսում մի սարսափելի խոնավություն է տարածվել: Լավ, ի՞նչ անենք: Սա գյուղ ա: Ու մեզ, ասես, պետությունն աչքաթող ա արել»,- պատերի մեծ ակոսներին նայելով` խոսում էր տիկին Լուսիկը: Այնուհետ նա պատմեց իրենց կենցաղային դեռեւս չլուծված խնդիրների մասին: «Էս պուլտի դարում ես պիտի ձեռով լվացք անեմ: Մանավանդ, ես չունեմ կոմունալ ոչ մի հնարավորություն: Տղաս արդեն 30 տարեկան ա, բայց չի ամուսնացել: Ասում եմ` հարս բերենք, բայց ո՞նց կապրի էդ աղջիկն առանց կոմունալ անհրաժեշտ պայմանների»,- նկատեց թաղամասի 30 տարվա բնակիչներից Էլֆրիդա Իսկանդարյանը: «Ամեն օր սպասողական վիճակի մեջ ենք: Ոչ մի բան չենք թողնում անեն: Իսկապես, տղաներ կային, որոնք ամուսնացել էին, ու հենց ուզում էին երկու քար դնեն` չէին թողնում: Վիճակներս շատ վատ է»,- հուզախառն շարունակեց Երեւանի Կենտրոն համայնքի բնակիչը: «Ժողովուրդն ընկել ա էս պետության ձեռը գերի: Մենք, փաստորեն, գերի ենք` ոչ իրավունք ունենք վաճառելու, ոչ իրավունք ունենք վերանորոգելու, ոչ էլ դաժե գրավ դնելու: Էս իսկական կալանք ա»,- ասաց բնակիչներից պարոն Թովմասը` ավելացնելով, որ մեր պետությունը ոչ թե անհատների պետություն չէ, այլ` մի քանի հոգու: «Մարդիկ լավ փող ունեն ու ոնց ուզեն` կարան ժողովրդին քնացնեն»,- զրուցակցի խոսքերին ի պատասխան՝ ավելացրեց պարոն Սարգիսը: Ըստ նրանց` իրենք գործազուրկ են, իսկ ավելի ճիշտ` թոշակառուներ ու պետության «ինվալիդներ»: «Լսեք` ես ի վիճակի եմ աշխատել, բայց աշխատանք չեմ գտնում: Ցավոք, ես արդեն 50-ն անց եմ ու իմ տարիքի մարդկանց համար մեր երկրում աշխատանք չկա»,- զրույցին միջամտեց Լուսիկ Պետրոսյանը: «Ախր էսօր թերթի կրպակում թերթ վաճառելու համար են բարձրագույն կրթություն ուզում: Համ էլ մեզ մոտ աշխատանքի են ընդունում մինչեւ 25 տարեկան 2 մետրանոց աղջիկների: Դու ոչ 2 մետր բոյ ունես, ոչ էլ 25 տարեկան ես»,- նկատեց պարոն Թովմասը` դառնությամբ խոսելով իրենց կյանքի ու իրականության մասին: «Բալա ջան, ես էս թաղամասում բնակվել եմ էն ժամանակից, երբ դեռ էստեղ գերեզմանոց էր: Էս տանը ես ապրում եմ 1946-ից»,- բակի կարմիր բազկաթոռին թիկն տված` ասաց թաղամասի առաջին բնակիչներից մեկը` Երջանիկ պապը, ում խոսքերն ընդհատեց կինը: Հետո ամուսինները սկսեցին վիճել այն հարցի շուրջ, թե երբ են իրենք տեղափոխվել Կոզեռն: «Ուրեմն` էն ժամանակ ջուրը Մոնումենտից էին բերում: Ստեղ անտառ էր: Հետո մարդիկ եկան տներ կառուցեցին: Ու դեռ էն տարիներից ասում էին` գալու ենք քանդենք: Ու հենց ուզում ենք բողոքենք, ասում են` հես ա գալու ենք քանդենք: Խաբում են, խաբո՜ւմ»,- եզրափակեց Երջանիկ պապը` մատնացույց անելով իր հարեւան մեծահարուստներին: «Մեծահարուստներն եկել են էստեղ զավթել: Նայեք` հեն ա, Արտեմ Սարգսյանի տունն ա, կողքը` Եղվարդի ադվակատի, մյուս տունը` SAS-ի Արտակի, էն կողքը`աերոպորտի աշխատողի»,- իր կարմիր բազկաթոռի մեջ տեղավորվելով` ասաց պապը:
Ուշագրավն այն է, որ այս թաղամասում մեծահարուստներն, իրենց հսկա պարիսպներից ու անվտանգության աշխատակիցներից բացի, մի հստակ սահմանագիծ են դրել իրացման եւ ոչ իրացման ենթակա տարածքների միջեւ: Ու թեեւ իրացման ենթակա հողամասի սահմաններն ընդգրկում են Պուշկինի այգով, Դեմիրճյան եւ Պռոշյան փողոցներին հարող հատվածները, բայցեւայնպես, բնակիչները հաշտվել են այն մտքի հետ, որ շքեղ առանձնատներն իրացման տարածքի մեջ չեն մտնում: