Թոշակային տարիքի Տեր-Ավետիսյան քույրերը վերջին երկու տարում 700.000 դրամի նվիրատվություն են կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
Գործադիր վարչության մի քանի աշխատակիցներով վերջերս այցելեցինք Ասպրամ, Անահիտ եւ Գոհար քույրերին: Երախտագիտության զգացումը, որ ունեինք մինչեւ քույրերի հետ հանդիպումը, զրույցի ընթացքում աստիճանաբար վերափոխվեց առավել պարզորոշ զգացողության` խորին ակնածանքի, այդ պատկառելի տարիքի` 80, 85, 88, կանանց նկատմամբ:
Կոկիկ, բարեկարգ երկսենյականոց բնակարանը խոսում էր տանտերերի մաքրակենցաղության եւ պարզ կենսակերպի մասին: Բնակարանում հաճելիորեն տաք էր: Անհավակնոտ, բայց արժանավայել կենցաղի համար անհրաժեշտ բոլոր պայմանները կային: Սեղանին ութսունականներից պահված ճերմակ սփռոց էր, որի վրա արագ հայտնվեցին միրգն ու քաղցրավենիքը, տնական գաթան ու սերով սուրճը:
Պատից կախված էր ընտանիքի հոր նկարը։ «Այստեղ 40 տարեկան է, Ամերիկայում է նկարվել, 20 թվին,- պատմեցին քույրերը,- գնացել էր աշխատելու: Վերադառնալուց առաջ է նկարվել»: Մյուս պատին մոր նկարն էր. կախված էր լավ պահպանված, բայց գրեթե մեկ դար ապրած գորգի վրա, որ օրիորդ հասակում մայրը գործել էր իր իսկ օժիտի համար:
Մեր այն դիտարկմանը, թե ութսունն անց կանանց համար շատ լավ տեսք ունեն, քույրերը կատակով պատասխանեցին` «տղամարդ չենք տեսել` դրանից է»: «Էդպես ստացվեց, չամուսնացանք: Երեքս էլ կրթված ենք, ամենաքիչը ես եմ ուսում ստացել` մանկավարժական ուսումնարանն եմ ավարտել, դաստիարակ էի մանկապարտեզում»,- անկեղծացավ ժպտադեմ Անահիտը:
Ավագ քույրը` Գոհարը, 91 թվականից անկողնային հիվանդ է: Չնայած տարիքին ու առողջական խնդիրներին` միտքը պայծառ է: Կրտսեր քույրերը հոգ են տանում իր մասին, խնամում են երեխայի պես: Ակամայից ականատես դարձանք ընտանեկան կապվածության, հոգատարության եւ նվիրվածության ապշեցնող, կենդանի օրինակի։ «Դուրս չենք գալիս: Ո՞նց դուրս գանք, մեզ համար ման գանք, պտտվենք, երբ Գոհարիկը պառկած է: Չէ, չէ… ես միշտ իր մոտ եմ մնում: Ասպրամն է գնում շուկա, վարձերը տալու… մնացած ժամանակ տանն ենք, միասին` երեք քույրերով,- Անահիտի լուսավոր դեմքից մի պահ վերացավ մշտապես փայլող ժպիտը,- ամաններն էր լվանում, ընկավ ու …»:
Հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս որոշեցին Հիմնադրամին նվիրատվություն անել։ «Երեւանում տուն ունեի, վաճառեցի, փողը դրեցի բանկ, ու քույրերիս հետ եկանք Գյումրի: Էստեղ օդը լավն է,- բացատրեց Ասպրամը: -Մենք նպաստառուներ էինք, բայց հրաժարվեցինք: Մեզ պետությունից բան պետք չի: Բանկի տոկոսները մեզ հերիքում են, մի բան էլ մնում է: Ոչնչի կարիք չունենք»: «Բարեգործություն անելն էլ մեր հայրիկից է մնացել: Մի փոքր խանութ ունեինք Գյումրիում` որբանոցին մոտիկ էր: Երեխեքը գալիս էին, հայրիկս բոլորին մի քաղցր բան, մի կտոր հաց էր տալիս: Հետո էդ խանութի պատճառով մեզ հալածեցին… Շատ ծանր կյանք ենք տեսել: Միշտ էլ օգնել ենք, երբ առիթ է եղել: Էն ժամանակ, որ Ճգնավորյանը Գյումրիի համար հանգանակություն արեց, մենք էլ մասնակցեցինք: Հիմնադրամն էլ տեսանք հեռուստացույցով, քույրերով որոշեցինք, որ անպայման մասնակցենք»,- ասաց Անահիտը:
Փորձեցինք պարզել` ինչո՞վ կարող ենք օգտակար լինել, տուրք տալով հետզհետե փշրվող, կարծրացած այն պատկերացմանը, թե միայնակ ծերերը մշտապես օգնության կարիք ունեն: «Ազգականներ ունենք, մենակ չենք: Եղբորս տղաներից մեկը Գյումրիում է իր ընտանիքի հետ… շաբաթը մեկ մեզ մոտ է լինում, էս մեխակներն ինքն է բերել: Մեզ ոչինչ պետք չի»,- պատասխանեց Ասպրամը` ձեռքը մեկնելով սեղանին դրված սպիտակ ծաղիկներին: Հրաժեշտ տվեցինք քույրերին, որոնց դեռ երկու ժամ առաջ չէինք էլ ճանաչում, բայց ներքուստ գիտեինք, խորապես համոզված էինք, որ հենց այդպիսին է մարդկային այն տեսակը, որը կոչվում է Հայաստան համահայկական հիմնադրամի նվիրատու: Խոստացանք կրկին այցելել եւ փոխանցել լուսանկարները: Բոլորիս հրաժեշտի բարեմաղթանքն էլ նույնն էր. «Առողջ եղեք, իրարից անպակաս` սիրելի Գոհար, Անահիտ եւ Ասպրամ»:
Արմեն ՕՀԱՆՅԱՆ
Հասմիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Հայաստան» համահայկական հիմնադրամ, հասարակայնության հետ կապերի բաժին